ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցների ցանկում է ներառում Սիրիայում Իրանի օտարերկրյա գրոհային ուժերի և Սիրիա զենքեր փոխադրող ավիաընկերության նկատմամբ

U.S. Treasury Logo

Վաշինգտոն. Այսօր ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցների ցանկում ընդգրկեց Իրանի հովանու ներքո Սիրիայում գործող և օտարերկրյա քաղաքացիներից կազմված 2 ուժերի, պատժամիջոցների ցանկում ներառված իրանական Մահան Էյր ավիաընկերության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Կոդս ջոկատային ուժերի հետ կապ ունեցող իրանական մի ավիաընկերության, և Մահան Էյր ավիաընկերության վաճառքի գործակալ հայաստանյան մի ընկերության նկատմամբ: Ֆաթեմիյուն դիվիզիան, որի կազմում Աֆղանստանի քաղաքացիներ են, և Զայնաբիյուն բրիգադը, որի կազմում Պակիստանի քաղաքացիներ են, Կոդս ջոկատային ուժերի առաջնորդմամբ Սիրիայում գործող գրոհային ուժեր են, որոնց կազմում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և վերջինիս Բասիջ կազմավորման կողմից հինականում հավաքագրվել են Իրանում բնակվող աֆղան և պակիստանցի փախստականներ և միգրանտներ: 2018թ. հոկտեմբերի 16-ին Կոդս ջոկատային ուժերի կազմում Սիրիայում գործողություններ իրականացնելու նպատակով գրոհայիններ հավաքագրելու, ինչպես նաև երեխաներ զինվորագրելու համար Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցների ցանկում ներառեց Բասիջ կազմավորմանը և վերջինիս ցանցի 20 կորպորացիաներ ու ֆինանսական հաստատություններ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Կոդս ուժերին աջակցելու համար ցանկում ներառվել են Ֆաթեմիյուն դիվիզիան և Զայնաբիյուն բրիգադը: Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը ցանկում ներառել է նաև Քեշմ Ֆարս Էյր ավիաընկերությանը, որը Մահան Էյրի սեփականությունն է կամ վերահսկվում է վերջինիս կողմից, ինչպես նաև նյութական աջակցություն է ցուցաբերում Կոդս ուժերին, և Հայաստանում գործող Ֆլայթ թրավել ՍՊԸ-ին, որը գործում է Մահան Էյրի անունից: Մահան Էյրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Կոդս ջոկատային ուժերին և Սիրիայում նրանց ներկայացուցիչներին աջակցելու հարցում մեծ դերակատարում ունի: Ֆաթեմիյուն դիվիզիան, Զայնաբիյուն բրիգադը, Քեշմ Ֆարս Էյր ավիաընկերությունը և Ֆլայթ թրավել ՍՊԸ-ը ցանկում ներառվել են՝ հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարին ուղղված դրույթները:

Բացի այդ, այսօրվա որոշմամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Կոդս ուժերի, Ֆաթեմիյուն դիվիզիայի և Զայնաբիյուն բրիգադի նկատմամբ սահմանվել են նաև պատժամիջոցներ՝ Իրանի կառավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների հիմքով:

Մամլո հաղորդագրության ամբողջական տեքստի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Կոդս ուժերի, Քեշմ Ֆարս Էյր ավիաընկերության, Ֆաթեմիյուն դիվիզիայի և Զայնաբիյուն բրիգադի նկատմամբ պատժամիջոցների մասին տեղեկությունների համար տես՝https://home.treasury.gov/news/press-releases/sm590

Ֆլայթ թրավել ՍՊԸ. Հայաստանում գործող վաճառքի գործակալը եկամուտներ է ձևավորում Մահան Էյր ավիաընկերության համար

Երևանում (Հայաստան) գործող Ֆլայթ թրավել ՍՊԸ-ն, գործելով Մահան Էյրի անունից կամ ի շահ Մահան Էյրի և լինելով վերջինիս վաճառքի գործակալը Հայաստանում, ներառվում է պատժամիջոցների ցանկում համաձայն թիվ 13224 գործադիր հրամանագրի: Վաճառքի գործակալը ավիաընկերությանը ծառայություն մատուցող 3-րդ կողմ է, որը հանդես է գալիս ավիաընկերության բրենդի ներքո՝ իրականացնելով վաճառքի, մարկետինգի, վարչական և ֆինանսական ծառայություններ: Ֆլայթ թրավել ՍՊԸ-ն հրաժարվեց ուշադրություն դարձնել Մահան Էյրին աջակցելու համար պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում հայտնվելու վտանգի վերաբերյալ զգուշացումներին և դարձավ Մահան Էյրի  երրորդ վաճառքի գործակալը, որ վերջին 7 ամսվա ընթացքում ներառվել է պատժամիջոցների ցանկում: 2018թ. հուլիսին Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը ցանկում ներառեց Մալազիայում գործող վաճառքի գործակալին, իսկ 2018թ. սեպտեմբերին ներառեց Թայլանդում գործող գործակալին:

Ֆլայթ թրավել ՍՊԸ-ի ներառումը ցանկում ի ցույց է դնում Միացյալ Նահանգների կառավարության հետևողական ջանքերը զրկելու Մահան Էյրին և ցանկում ներառված իրանական մյուս ավիաընկերություններին արտաքին աջակցության հնարավորությունից և զգուշացնելու ավիացիոն տիրույթում գործողներին անհատների ու կազմակերպությունների համար առկա վտանգների մասին, եթե նրանք կոմերցիոն կապեր ունեն ցանկում ներառված ավիաընկերությունների հետ: Քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող անձինք վերահսկման համապատասխան լծակներ պետք է ունենան՝ երաշխավորելու իրավական պահանջների կատարումը: Բացի վաճառքի գործակալի ծառայություններից, ինչպիսիք են տոմսերի ամրագրումն ու վաճառքը, քաղաքացիական ավիացիայում  անհրաժեշտ է նաև պատշաճ զգուշավորություն ցուցաբերել պատժամիջոցի ենթարկված կազմակերպության կամ անձի անունից գործող անձանց նկատմամբ, քանզ այդ գործողությունները կարող են պատժամիջոցների տիրույթում լինել: Սա, մասնավորապես վերաբերում է մարկետինգային ծառայություններին, օդանավի մասերի և սարքավորումների գնմանը, պահպանության պայմանագրերին, տրանսֆերային և համակցված կոդով չվերթների համաձայնագրերին և վառելիքի վերալիցքավորման պայմանագրերին:

Ֆլայթ թրավել  ՍՊԸ
ք. Երևան, Նալբանդյան 50
էլ. փոստ՝ flighttravelevn@gmail.com

Պատժամիջոցներից բխող հետևանքներ

Այսօրվա որոշման արդյունքում արգելանքի տակ են հայտնվում ցուցակում ընդգրկված  անձի ԱՄՆ-ում գտնվող ակտիվները և գույքը, ինչպես նաև ցանկացած գույք կամ ակտիվ, որ տնօրինվում կամ վերահսկվում է ամերիկյան որևէ կառույցի կամ անձի կողմից, և դրանց մասին տեղեկանք է ներկայացվում Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակին: Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի կանոնակարգերով ԱՄՆ տարածքում (կամ տարանցմամբ) ամերիկյան կառույցներին ու քաղաքացիներին արգելվում է գույքային ու գույքային շահերին առնչվող ցանկացած գործարք կամ գործառնություն  պատժամիջոցների ցուցակում գտնվող անձի հետ:

Բացի այդ, այսօր ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ որոշակի գործարքներ կատարող կառույցներ ևս կարող են հայտնվել ցանկում ընդգրկվելու վտանգի տիրույթում: Ավելին, օտարերկրյա ֆինանսական հաստատությունները, որոնք գիտակցաբար կաջակցեն որևէ նշանակալի գործարքի կամ նշանակալի չափերի ֆինանսական ծառայություններ կմատուցեն այսօրվա որոշմամբ ցանկում ներառված անձանց/կազմակերպություններին, կարող են ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ թղթակցային հաշիվների մասով:

Այսօրվա որոշմամբ ցանկում ներառված կառույցների մասին տեղեկություններ կարող եք գտնել https://www.treasury.gov/resource-center/sanctions/OFAC-Enforcement/Pages/20190124.aspx հղմամբ: