Մայիսի 13-ին կյանքը մի փոքր ավելի վառ գույներ ստացավ Խարբերդի մանկատանը, երբ մի խումբ մարդիկ ԱՄՆ դեսպանատնից, Ագրոբիզնեսի հետազոտությունների ու կրթության միջազգային կենտրոնից (ICARE) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնից (CARD) եկան բարեկարգելու մանկատան այգին ու թարմացնելու նստարանների ներկը:
Միջոցառումը կազմակերպիչը ԱՄՆ դեսպանատան Կանաչ թիմն էր՝ կամավորական մի խումբ, որը շրջակա միջավայրի պահպանության նախաձեռնություններ է կյանքի կոչում դեսպանատանը և այլուր: Շրջապատը ավելի կանաչ դարձնելուն միտված նախաձեռնությունները, ինչպես նշում է Կանաչ թիմի ներկայիս համակարգող Նաիրա Խաչատրյանը, ուղղված են հոսանքի, գազի, ջրի խնայողություններին, թափոնների մշակմանն ու վերաօգտագործմանը և ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի բարելավմանը և «ընդհանրապես աշխարհն ավելի լավ տեղ դարձնելուն»: ԱՄՆ դեսպանատունը Խարբերդի մանկատանը հանրօգուտ աշխատանքներ՝ նվիրատվություն, շաբաթօրյակ, ծառատունկ իրականացնում է 2011թ.-ից: Խարբերդի մանկատունը Հայաստանում հատուկ կարիքներով երեխաների խնամք իրականացնող ամենախոշոր կառույցն է, որտեղ բնակվում է շուրջ 220 երեխա:
«Մենք այստեղ ենք ծանոթանալու մանկատան աշխատակիցներին ու սաներին, շփվելու ու ժամանակ անցկացնելու նրանց հետ, իմանալու նրանց հետաքրքրությունների ու երազանքների մասին և իհարկե օգնելու գարնանային աշխատանքներում: Դուք մեծ, գեղեցիկ այգի ունեք, որը մշտական խնամքի ու հոգածության կարիք ունի: Այսօր կփորձենք մի փոքր բարեկարգել այն, որպեսզի երբ օրերը տաքանան, դու կարողանաք այստեղ հաճելի ժամանակ անցկացնել», — ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Թիմը ներկեց այգու 20 նստարանները ու մաքրեց աղբը այգու շուրջ 1 հեկտար տարածքից: Մանկատան սաները ողջունեցին հյուրերին ու նրանց հետ միասին ձեռնամուխ եղան աշխատանքներին: Մանկատան տնօրենը դեսպան Միլսին և նրան ուղեկցող թիմին ցույց տվեց մանկատան ձիերին, որոնք կիրառվում են աուտիզմով երեխաների համար հատուկ թերապիայի նպատակով: Իսկ վերջում մանկատան սաները հյուրերի առաջ հանդես եկան ազգագրական պարի կատարմամբ: