ԱՄՆ Հիվանդությունների վերասհկման և կանխարգելման կենտրոնը (ՀՎԿԿ) իր տարածաշրջանային հարավկովկասյան գրասենյակի օժանդակությամբ 2016 թ.-ի սեպտեմբերի 26-29 Երևանում իրականացրեց չորսօրյա ուսուցողական սեմինար լաբորատորիաների կառավարման ոլորտում: Սեմինարին մասնակցեցին լաբորատոր ոլորտի 27 հայ մասնագետներ՝ լաբորատորիաների տնօրեններ, որակի մենեջերներ, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների տեխնիկական անձնակազմը: Սեմինարի նպատակն էր մասնագետներին փոխանցել համապատասխան գիտելիքներ և գործիքներ՝ հիվանդությունների հսկողության, բռնկումների հայտնաբերման, ռեֆերենս ծառայությունների և հանրային առողջապահության հետազոտությունների իրականացման ոլորտներում ճշգրիտ, վստահելի և ծախսարդյունավետ լաբորատոր ծառայություններ մատուցելու համար:
Սեմինարն անցկացվեց Երևանի համատեղ դասընթացների ռեսուրս կենտրոնում, որը տեղակայված է նոր վերանորոգված Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Ռեֆերենս լաբորատորիայում: Սեմինարի ժամանակ մասնակիցների ուշադրության կենտրոնում էին լաբորատոր կառավարման ոլորտի բոլոր խնդիրները, ներառյալ՝ լաբորատոր ենթակառուցվածքը, գույքի կառավարումը, որակի ապահովումը, անձնակազմի կառավարումը, որակի շարունակական բարելավումը: Բացի այդ, Հայաստանի հանրային առողջապահության լաբորատոր ցանցի լաբորատորիաների ղեկավարները փոխանակվեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջազգային առողջապահական կանոնակարգերի ներդրման առաջընթացի և փորձի վերաբերյալ տեղեկատվությամբ, այդ թվում՝ առողջապահական կանոնակարգերի պահանջներին ամբողջությամբ համապատասխանելու ուղղությամբ մինչ օրս տեղի ունեցած առաջընթացի արդյունքներով, որոնք արձանագրվել էին ԱՀԿ-ի կողմից վերջին անգամ իրականացված համատեղ արտաքին գնահատման ժամանակ:
ԱՄՆ Դեսպանատան Պաշտպանության դեպարտամենտի՝ վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) ֆինանսավորել է տվյալ սեմինարը, ինչպես նաև Ռեֆերենս լաբորատորիայի և Համատեղ դասընթացների ռեսուրս կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին 2016 թ.-ի հուլիսին: Սեմինարը նախկինում լաբորատորիաների ղեկավարության և որակի կառավարման ոլորտներում ՊՎՆԳ-ի կատարած ներդրումների շարունակությունն է և լրացնում է Հայաստանի հանրային առողջապահության լաբորատոր ցանցում լաբորատոր ենթակառուցվածքի բարելավումները: