ԱՄՆ դեսպանության 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, ապրիլի 27-ից մայիսի 3-ը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի 13 ամերիկյան վավերագրական լիամետրաժ ֆիլմ: Ինչպես անցած տարի, այս անգամ ևս այս փառատոնը չի եզրափակվում միայն ֆիլմերի ցուցադրմամբ, այլ նաև նախատեսվում են վարպետության դասեր հայ երիտասարդ կինոգործիչների համար:
Այս տարի դասընթացը ֆիլմերի տեսաէֆեկտների մասին է և դրանք կվարի տեսաէֆեկտների ամերիկացի մրցանակակիր վարպետ Դարիուշ Դերախշանին:
«Ուզում ենք քաջալերել հայկական պատմությունների ներկայացումը հայ կինոարտադրողների կողմից՝ թե տեղի և թե՛ արտերկրի հանդիսատեսի համար: Այդ իսկ նպատակով մենք հրավիրում ենք ամերիկյան լավագույն գործիչներին, որպեսզի նրանք Հայաստանի կինոարտադրողների հաջորդ սերնդին ներկայացնեն ոլորտի լավագույն փորձը և հաղորդակից դարձնեն իրենց գաղափարներին ու ներշնչանքին», — ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Անվճար վարպետության դասերը, որտեղից մասնակիցները կհեռանան գործնական հմտություններով զինված, տեղի կունենան ապրիլի 28-ից մայիսի 4-ը: Տեղերը սահմանափակ են, սակայն դիմել կարող են հետաքրքրված մասնագետները: Դիմումներն ընդունվում են առցանց մինչև ս.թ. ապրիլի 15-ը հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/vsskAc:
Դերախշանին բնակվում է Լոս Անջելեսում, նա տեսաէֆեկտների և համակարգչային գրաֆիկայի մասնագետ է, ով հայտնի է «Ապոկալիպտո», «ՌԷԴ», «Ֆանտաստիկ քառյակը» և մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում կատարած իր աշխատանքով: Նա աշխատել է բազմաթիվ գովազդային հոլովակների և հիթ դարձած «Սաութ փարք» հեռուստաշոուի շուրջ: Նա նաև հարգված դասախոս է և ներկայումս դասավանդում է Հարավային Կալիֆորնիայի կինոդպրոցում: Նա հեղինակել է մի շարք գրքեր,, որոնք դարձել են բեսթ-սելերներ, որոնց մեծ մասում նա անդրադառնում է համակարգչային անիմացիայի Maya ծրագրային ապահովման հարթակին:
Մեկ շաբաթ տևող վարպետության դասերից զատ Դերախշանին նաև հանդես կգա մեկ-երկու բաց դասախոսությամբ՝ խոսելով կինոարտադրության հրաշքների մասին:
Կինոցուցադրումներ
«Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո ընթացքող 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը ներկայանում է 13 վավերագրական ֆիլմով: Ցուցաշարը մեկնարկում է ապրիլի 27-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում «Անծանոթների երաժշտությունը» ֆիլմի ցուցադրմամբ: Ֆիլմը պատմում է, թե ինչպես աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի քաջալերանքով տարբեր երկրներ ու տարբեր երաժշտական ոճեր ներկայացնող երաժիշտներ, միավորվելով «Մետաքսի ճանապարհ» նվագախմբում, կատարեցին մի համարձակ երաժշտական էքսպերիմենտ: Նվագախմբի անդամները երաժշտության միջոցով վերհանում են մարդկությանը միավորող կապերը:
Հաջորդիվ, ապրիլի 28-ից մինչև մայիսի 3-ը, ամեն օր ժամը 17:00-ին և 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կշարունակվեն անվճար կինոցուցադրումները: Էկրան կբարձրանան հետևյալ ֆիլմերը. «Մելե որմնանկարներ», «Ֆլոյդ Նորման. անիմացիոն կյանք», «Լողի թիմ», «Ատաքսիա», «Դերերով փոխված», ««Եթե» նախագիծ», «Իրադարձություն», «Ագարակատեր, ֆերմեր, ձկնորս», «Հզորացման նախագիծ», «Սուպերաղջիկ», «Ավագ դպրոց 911» և «Առավել քան գնահատականը»: