2017 թ․ ԱՄՆ Պետքարտուղարություն Զեկույց Մարդկանց Թրաֆիքինգի Մասին

DoS Seal

Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: Հաշվետու ժամանակահատվածում կառավարությունը շարունակել է լուրջ և կայուն ջանքեր գործադրել. հետևաբար Հայաստանը կրկին տեղ է գտել 1-ին խմբում: Կառավարությունը լուրջ և կայուն ջանքեր գործադրել՝ բացահայտելով ավելի շատ զոհերի, ընդունելով գործողությունների ազգային ծրագիր և հիմնելով ու միջոցներ հատկացնելով թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման հիմնադրամին: Թեպետ Կառավարությունը բավարարում է նվազագույն չափանիշներին, սակայն այն դեռ չի ձևավորել Հայաստան զոհերի հայրենադարձման ընթացակարգ, նվազեցրել է ՀԿ-ների կողմից գործարկվող ապաստարաններին տրվող ֆինանսավորումը և դեռևս չունի վկաների ու տուժողների պաշտպանության պաշտոնական ծրագիր: Կառավարության կողմից շարունակվում են կասեցված մնալ աշխատանքային տեսչության գործառույթների մեծ մասը՝ խոչընդոտելով կանոնավոր տեսչական ստուգումների անցկացմանը, որոնք կարող էին հարկադիր աշխատանքի դրսևորումների բացահայտման հնարավոր գործիք հանդիսանալ:

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ.

132 և 132-2 հոդվածների համաձայն իրականացնել խիստ քննություններ, քրեական հետապնդում թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և դատապարտել նրանց. նախաձեռնողական քննություններ սկսել թրաֆիքինգի հնարավոր դեպքերով նույնիսկ այն դեպքերում, երբ տուժողի բողոքում թրաֆիքինգի մասին հիշատակում չկա. բարելավել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման հարցում, այդ թվում նաև խորացնել զոհերի բացահայտման հետ կապված ուսուցումը պաշտոնյաների համար. թույլատրել աշխատանքային տեսուչներին կանոնավոր տեսչական ստուգումներ անցկացնել ու բացահայտել զոհերին անսպասելի ստուգայցերի միջոցով. սահմանել արտերկրում գտնվող զոհերին Հայաստան հայրենադարձելու պաշտոնական ընթացակարգ, այդ թվում՝ ձեռնարկել միջոցներ կազմակերպական ծախսերը հոգալու համար. պահպանել ՀԿ-ների կողմից գործարկվող ապաստարանների համարժեք ֆինանսավորումը. ապահովել ուսուցում տուժողների համար հասանելի աջակցության ու պաշտպանության մասին՝ գյուղական համայնքների ոստիկանների համար և ուսուցում հարցաքննության եղանակների մասին, այդ թվում՝ երեխաների հարցաքննության՝ տեղական օղակի քննիչների համար. աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ հարկադիր աշխատանքի հայ զոհերին բացահայտելու և աշխատանքային թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցում. աշխատել հասարակական կազմակերպությունների հետ գտնելու ուղիներ Թուրքիայում հայ զոհերին բացահայտելու ու աջակցելու համար և ապահովելու վերաինտեգրումը. ապահովել նրբանկատ վերաբերմունքին ուղղված ուսուցում դատավորների ու փաստաբանների համար՝ բարելավելու վերաբերմունքը զոհերի հանդեպ. լիցենզավորել, կանոնակարգել ու ուսուցում ապահովել տեղական զբաղվածության ծառայությունների և գործակալների համար, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել Հայաստանի քաղաքացիների հարկադիր աշխատանքն արտերկրում. ընդունել օրենսդրություն տուժողների կամ վկաների պաշտպանության միջոցներ ձևավորելու համար. անցկացնել իրազեկման արշավներ՝ դրանց հասցնելով գյուղական ու սահմանամերձ համայնքներ և սոցիալական խնամքի հաստատություններից դուրս եկող երեխաներին:

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Կառավարությունը պահպանել է իրավապահ ջանքերը: Քրեական օրենսգրքի 132 և 132-2 հոդվածներով արգելվում է թե՛ սեռական, թե՛ աշխատանքային թրաֆիքինգը և այդ հոդվածներով նախատեսվում է 5-ից 15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խիստ և համարժեք պատիժ է այնպիսի ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը: Պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 16 նոր գործ (2015թ. քննվել էր 14 նոր գործ), ընդ որում գործերից 5-ն առնչվում են սեռական թրաֆիքինգին, 10-ը՝ աշխատանքային թրաֆիքինգին, իսկ 1-ում առկա էին և՛ սեռական, և՛ աշխատանքային թրաֆիքինգի հատկանիշներ, իսկ 2015թ. քննվել էր աշխատանքային թրաֆիքինգի 4 և սեռական թրաֆիքինգի 10 դեպք: Պատկան մարմինների կողմից մեղադրանք է ներկայացվել 1 հոգու. համեմատության համար նշեք, որ 2015թ. մեղադրանք ներկայացվել է 2 հոգու: Դատարանների կողմից ինչպես և 2015թ. դատապարտվել է 3 հոգի: Թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածներից 2-ի համար սահմանվել է 8 տարվա ազատազրկում, իսկ 1-ի համար՝ 5 տարվա ազատազրկում: Աշխատանքային թրաֆիքինգի գործերով քրեական հետապնդումները շարունակում էին դժվարություններ ստեղծել Հայաստանի քննիչների համար, քանի որ դեպքերի գերակշիռ մասը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանում, որի հետ իրավապահ համագործակցությունը մնում է դժվարին: Նույն կերպ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը շարունակում էր խոչընդոտել իրավապահ գործողություններին ու տուժողների պաշտպանությանն ուղղված ջանքերին այդ երկրում:
Դիտորդների հաղորդումների համաձայն իրավապահները քննել են միայն քրեական հանցագործության մասին տուժողների պաշտոնական բողոքները, որոնցում նրանք որոշակիորեն թրաֆիքինգի մեղադրանք էին առաջ քաշում և չեն ձեռնարկել նախաձեռնողական քննություններ այնպիսի հանցավոր գործողությունների մասով, որոնք ենթադրյալ թրաֆիքինգի տարրեր կարող էին մատնանշել: Կառավարությունը թրաֆիքինգի հարցերով ուսուցումներ է ապահովել Քննչական կոմիտեի 334 քննիչների և ոստիկանության 83 աշխատակիցների համար: Սահմանների վերահսկման ուսումնական կենտրոնը ուսուցում է ապահովել սահմանային անցակետերի աշխատակիցների համար՝ աշխատանքային թրաֆիքինգի, երեխաների թրաֆիքինգի և զոհերի նույնացման կամ բացահայտման հարցերի շուրջ: Կառավարությունը, համագործակցելով Ինտերպոլի հետ, համատեղ քննություններ է անցկացրել 4 օտարերկրյա պետությունների հետ: Կառավարության կողմից մարդկանց թրաֆիքինգին առնչվող հանցանքներում պետական պաշտոնյաների հանցակցության մասին քննությունների, հետապնդումների ու դատապարտումների մասին հաղորդումներ չեն եղել:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը պահպանել է թրաֆիքինգի բացահայտված զոհերի պաշտպանությանն ուղղված ջանքերը: Բացահայտվել է 22 զոհ՝ 2015թ. 9-ի համեմատ: Զոհերից 19-ը հարկադիր աշխատանքի էին ենթարկվել, իսկ 3-ը՝ սեռական թրաֆիքինգի: Պատկան մարմինները բոլոր զոհերին տեղեկացրել են, թե ինչ ծառայություններից կարող են նրանք օգտվել: 19-ը ընդունել են ՀԿ-ների կողմից գործարկվող ապաստարանների կողմից առաջարկվող աջակցությունը. 2015թ. 5-ն էին ընդունել: Կառավարությունը զոհերի պաշտպանության համար հատկացրել է 18.8 միլիոն ՀՀ դրամ (39 260 ԱՄՆ դոլար), որը ներառում է ՀԿ-ի կողմից գործարկվող ապաստարանի գործառնական ծախսերը. 2015թ. հատկացվել էր 18.3 միլիոն ՀՀ դրամ (38 100 ԱՄՆ դոլար): Կառավարությունը հիմնել է թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման հիմնադրամ և հատկացրել է 1.8 միլիոն ՀՀ դրամ (3650 ԱՄՆ դոլար). հիմնադրամը միանվագ 250 000 ՀՀ դրամ (250 ԱՄՆ դոլար) փոխհատուցում է տրամադրում թրաֆիքինգի զոհերին: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքը սահմանում է ուղղորդման ազգային մեխանիզմ և հստակեցնում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված Զոհերի նույնացման հանձնաժողովի գործողություններն ուղղված թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացմանն ու աջակցությանը: Օրենքը նաև նշում է, որ զոհերի աջակցությունը պետք չէ պայմանավորել իրավապահների հետ համագործակցությամբ և սահմանում է նույն իրավունքներն ու ծառայությունները ՀՀ քաղաքացի ու օտարերկրացի զոհերի համար: Կառավարությունը և տեղական հասարակական կազմակերպությունները համատեղ բոլոր զոհերին ապահովել են իրավական, հոգեբանական աջակցություն և բուժօգնություն, ապաստարան և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում: Կառավարությունն առաջարկել է անվճար բուժօգնություն. հաշվետու ժամանակահատվածում այս ծառայություններից օգտվել է 1 զոհ: Կառավարությունը պահպանել է համագործակցության համաձայնագրերը ՀԿ-ների կողմից գործարկվող երկու մասնագիտացված ապաստարանների հետ՝ զոհերին աջակցելու նպատակով. այնուհանդերձ ապաստարաններից մեկը 2017թ. փետրվարին դոնորական ֆինանսավորման սպառման պատճառով փակվեց: ՀԿ-ների կողմից գործարկվող ապաստարաններում տեղավորված զոհերից պահանջվել է առանց ուղեկցության դուրս գալու դեպքում ապաստարանի անձնակազմին տեղյակ պահել այդ մասին, սակայն նրանք ազատ էին իրենց հայեցողությամբ հեռանալ ապաստարանից, եթե աջակցության կարիք այլևս չէին զգում: Ծառայություններն հավասարապես հասանելի են եղել թե՛ կին, թե՛ տղամարդ զոհերի համար: Ապաստարանները մասնագիտացված ծառայություններ չեն առաջարկել անչափահաս զոհերին, որոնց հնարավոր է եղել տեղավորել թրաֆիքինգի չափահաս զոհերի ապաստարանում կամ ուղղորդել դեպի մանկական խնամքի սոցիալական հաստատություններ: ՀԿ-ների հաղորդումների համաձայն հեռավոր բնակավայրերում իրավապահ աշխատակիցները չէին տիրապետում ինֆորմացիային ու չէին անցել ուսուցում, որպեսզի զոհերին իրազեկեին պաշտպանություն ու աջակցություն ստանալու նրանց իրավունքի մասին: Իրավական դաշտում տեղ գտած փոփոխության հետևանքով, որով 2015թ. հուլիսից կասեցվեցին աշխատանքային տեսչության գործառույթների գերակշիռ մասը, աշխատանքային տեսուչներն այլևս անկարող էին պարբերական ստուգայցեր կատարել ու բացահայտել աշխատանքային թրաֆիքինգի նշանները: Օրենքի համաձայն արտերկրից թրաֆիքինգի ՀՀ քաղաքացի զոհերի հայրենադարձումը համակարգվում է Արտաքին գործերի նախարարության կողմից. այնուհանդերձ, դիտորդները մատնանշում են հայրենադարձման հետ կապված դժվարություններ, քանի որ չկան սահմանված ընթացակարգեր ու կազմակերպական հարցերը հոգալու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: ՀԿ-ների հետ համագործակցելով Կառավարությունը իրականացրել է 11 հոգու հայրենադարձում Ռուսաստանից՝ կամայական ընթացակարգերով և տարբեր աղբյուրներից ապահովված ֆինանսավորմամբ, այդ թվում՝ կառավարությունից, ՀԿ-ներից, եկեղեցիներից: Վերջին մի քանի տարիների ընթացքում զոհերը քննությունների ու քրեական հետապնդման հարցերում համագործակցելիս ավելի մեծ վստահություն են ունեցել իրավապահների նկատմամբ, այնուհանդերձ, դիտորդները փաստում են, որ զոհերը խուսափում են քննությանն աջակցելուց մի շարք պատճառներով, այդ թվում՝ վախը թրաֆիքինգ իրականացնողների հետագա հաշվեհարդարից: Դիտորդները փաստում էին, որ քննիչները չեն ունեցել զոհերին, հատկապես՝ անչափահասներին հարցաքննելու պատշաճ հմտություններ: Կառավարությունը դեռևս չուներ տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ: Տուժողների կամ վկաների պաշտպանության վերաբերյալ 2014թ.-ին օրենքի նախագիծ ներկայացվեց խորհրդարան, սակայն հաշվետու ժամանակաշրջանի ավարտին այն դեռևս ընդունված չէր: 2016թ. չեն եղել հաղորդումներ թրաֆիքինգի նույնացված զոհերի անհարկի կալանավորման մասին. թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով գործած հանցանքների համար օրենքով քրեական հետապնդում չի նախատեսվում: Օրենքը զոհերին իրավունք է վերապահում հատուցում պահանջել քրեական գործի շրջանակում կամ առանձին քաղաքացիական հայցի միջոցով: Զոհերը որևէ քաղաքացիական հայց չեն ներկայացրել. այնուհանդերձ, նախորդ տարիներին դատավորները քաղաքացիական հայցերով փոխհատուցման վճիռներ չեն կայացրել՝ նշելով, որ զոհերը չեն կարողացել հիմնավորել ֆինանսական կորուստներ կրած լինելու հանգամանքը: Օրենքը քննիչներին թույլ է տալիս արգելանքի տակ վերցնել մեղադրյալի գույքը՝ քաղաքացիական հայցերով վճարումն ապահովելու համար:

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Կառավարությունը մեծացրել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը: Կառավարությունը մշակել և ընդունել է 2016-18թթ. գործողությունների ազգային ծրագիրը՝ համագործակցելով հիմնական պետական կառույցների, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ: Գործողությունների ազգային ծրագրով առաջնահերթ են համարվում երեխաների թրաֆիքինգի և աշխատանքային թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված միջոցները: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը կանոնավոր նիստեր է գումարել, հրապարակել կիսամյակային և տարեկան զեկույցներ գործունեության վերաբերյալ: Պետական տարբեր կառույցների կողմից իրականացվել են կանխարգելմանն ուղղված տարբեր ծրագրեր ու աշխատանքներ, թեպետ կառավարությունը նշում է, որ որոշ դիտորդների գնահատմամբ հանրային իրազեկման արշավներում թրաֆիքինգը բավարար հաճախ չի հիշատակվել: Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութեր, մասնակցել թրաֆիքինգի հարցերին նվիրված հեռուստահաղորդումների: Ոստիկանությունը կազմակերպել է իրազեկման մեծացմանն ուղղված քննարկումներ դպրոցներում, իսկ Սփյուռքի նախարարությունը սահմանը հատող, ինչպես նաև Միջին Արևելքում ու Եվրոպայում բնակվող հայերին բաժանել է տեղեկատվական թերթիկներ թրաֆիքինգի վտանգների վերաբերյալ: Կրթության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրազեկման մեծացմանն ուղղված աշխատանքներ է տարել ուսուցիչների, աշակերտների և ուսանողների շրջանում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ֆինանսավորել է իրազեկմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք հասցեագրված էին խոցելի խմբերին: Պետական կառույցները թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկություններ են զետեղել իրենց կայքերում, այդ թվում տեղեկություններ ոստիկանության կողմից գործարկվող թեժ գծի վերաբերյալ. թեժ գծին արված զանգերը հանգեցրել են կանխարգելիչ միջոցների ձեռնարկման ու հետաքննությունների: Չկար զբաղվածության գործակալությունների աշխատանքի կանոնակարգման ու դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմ: Կառավարությունը ջանքեր չի գործադրել կոմերցիոն սեռական ծառայությունների կամ հարկադիր աշխատանքի նկատմամբ պահանջարկը նվազեցնելու ուղղությամբ: Կառավարությունն ապահովել է հակաթրաֆիքինգային ուսուցում ու ուղղորդում իր դիվանագիտական անձնակազմի համար:

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՐԿՐՈՒՄ

Ինչպես վերջին 5 տարիների զեկուցներում նշվել է, Հայաստանը սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Ավելի ու ավելի շատ են դառնում ՀՀ քաղաքացիներին աշխատանքային թրաֆիքիգի ենթարկելու դեպքերը Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում. ՀՀ քաղաքացի կանայք և երեխաները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում ՄԱԷ-ում և Թուրքիայում: ՀՀ քաղաքացի կանայք և երեխաները երկրի ներսում ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի, նրանց նաև դրդում են հարկադիր մուրացկանության: Հայաստանում սեռական թրաֆիքինգի են ենթարկվել 4 չինացի կին: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները: Կոնֆլիկտի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում՝ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար առկա է շահագործման ռիսկը և պարտքի դիմաց նրանք ենթարկվել են աշխատանքային շահագործման: