Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց 2022 Հայաստան

Ներբեռնեք PDF տարբերակը (PDF 243 KB)

15 մայիսի 2023թ

Ամփոփիչ ակնարկ

Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք: Այն ճանաչում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին (ՀԱԵ) որպես ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահպանող, բայց նաեւ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն» անջատ են պետությունից: Օրենքն արգելում է, սակայն չի սահմանում հոգեորսությունը, որ կարող է օգտագործվել հարկադիր կրոնափոխություն իմաստով: Նոր քրեական օրենսգրքով, որը գործողության մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելվում է «խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը», ինչպես նաև  անձի կամ անձանց խմբի նկատմամբ կրոնով պայմանավորված ատելություն հրահրելուն ուղղված հրապարակային խոսքը եւ բռնությունը․ այն պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքներով եւ ազատազրկմամբ։

Նոյեմբերին առաջին ատյանի դատարանը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճեց բահայի հայտնի իրավաբան Էդուարդ Մանասյանի դեմ դեպի երկիր անօրինական ներգաղթին նպաստելու մեղադրանքով 2017թ․ հարուցված գործը։ Բահայի համայնքի անդամները հավատացած էին, որ մեղադրանքը ներկայացվել էր Մանասյանի կրոնական պատկանելության պատճառով։ Հոկտեմբերին դատարանը կասեցրեց մարդու իրավունքների եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ «թշնամանք հրահրելու» մեղադրանքով 2021թ․ հարուցված գործով դատաքննությունը, երբ պարզ դարձավ, որ Սաշիկ Սուլթանյանը հուլիսին մեկնել էր երկրից։ Դատարանն այնուհետեւ նրան ձերբակալելու կարգադրագիր տվեց։ Օգոստոսին Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան հայց ներկայացրեց՝ վիճարկելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատողների կրոնական կազմակերպությունների անդամակցելու արգելքի սահմանադրականությունը, ինչպես նաեւ զինծառայողների կողմից կրոնական միավորում ստեղծելու բացարձակ արգելքի սահմանադրականությունը։ Լրատվամիջոցներում շարունակվում էին Լեռնային Ղարաբաղի հարցում կառավարության դիրքորոշմամբ պայմանավորված ՀԱԵ-ի ու կառավարության՝ լրատվամիջոցների բնութագրմամբ, վատթարացող հարաբերությունների քննարկումները։ Եհովայի վկաների ներկայացուցիչները նշում էին, որ որոշ համայնքներում տեղական պաշտոնյաները շարունակել են մերժել Թագավորության սրահներ կառուցելու թույլտվությունների տրամադրումը։ Տարվա ընթացքում կառավարությունը շարունակել է հանրակրթական դպրոցների պարտադիր առարկայացանկից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու եւ համապատասխան պատմական բովանդակությունը հայագիտության առարկաներում ներառելու գործընթացը։

Կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, այդ թվում՝ 7-րդ օրվա ադվենտիստների, ավետարանական խմբերի, Եհովայի վկաների, բահայիների, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու (Հիսուս Քրիստոսի եկեղեցու) ներկայացուցիչները շարունակում էին հայտնել, որ հասարակության վերաբերմունքն իրենց հանդեպ ընդհանուր առմամբ եղել է դրական, իսկ ԶԼՄ-ներում իրենց վերաբերյալ բացասական անդրադարձ գրեթե չի եղել կամ շատ չնչին է եղել։ Որոշ ԶԼՄ-ներ, այնուհանդերձ, տարվա ընթացքում բացասական հրապարակումներ են կատարել փոքրամասնական կրոնական խմբերի վերաբերյալ, որտեղ վերջիններս քննադատվել են, այդ թվում՝ ՀԱԵ-ի որոշ հոգեւորականների կողմից եւ որակվել որպես «աղանդներ», որոնք վտանգում են ազգային անվտանգությունը։ Ըստ թիրախավորված ավետարանական խմբերի՝ բացասական անդրադարձը առանձին հոգեւորականների վերաբերմունքի արտացոլումն է, եւ չի հանդիսանում ՀԱԵ-ի դիրքորոշումը՝ որպես կառույց։ Ապրիլի 1-ից առերես հանրային շփումները վերսկսելուց հետո՝ Եհովայի վկաների հաղորդմամբ եղել է բանավոր վիրավորանքների ու իրենց կրոնական գրականության ստենդերի վրա հարձակումների 6 դեպք։ Տեղական  բողոքական խմբերից մեկը հաղորդում էր, որ ընդհանուր հասարակությունը զգուշավոր էր իրենց հանդեպ կամ բացասական էր վերաբերվում ՝ կապելով խմբի խաղաղության քարոզչությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի մասով կառավարության խաղաղության օրակարգի հետ։ Սոցիալական ցանցերում անանուն օգտատերերը շարունակում էին արատավորել ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցուն։ Ի տարբերություն նախորդ տարիների հրեական համայնքը հայտնում էր հակասեմականության դրսեւորումների նվազման մասին, որոնք ավելացել էին 2020թ․ աշնան ինտենսիվ մարտական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Իսրայելի մատակարարած զենքերի օգտագործումից հետո։

ԱՄՆ դեսպանը եւ դեսպանության այլ պաշտոնյաներ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության ու խորհրդարանի ներկայացուցիչների հետ իրենց հանդիպումներում շարունակել են խթանել կրոնական հանդուրժողականությունը, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը ու միջդավանական երկխոսությունը։ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ դեսպանության ներկայացուցիչները պետական պաշտոնյաների ու խորհրդարանականների հետ հանդիպումներում բարձրացրել են եզդի եւ բահայի առաջնորդների նկատմամբ հարուցված քրեական գործերի հարցը եւ հետեւել են այդ գործերով դատավարությունների ընթացքին։ Դեսպանը եւ դեսպանության այլ պաշտոնյաները երկրում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը քննարկելու նպատակով պարբերաբար հանդիպել են ՀԱԵ-ի եւ փոքրամասնական կրոնական խմբերի հետ։ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ դեսպանության պաշտոնյաները պետական պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննության են առել կրոնական խմբերի ու հայկական համայնքների համար կրոնական նշանակության վայրերի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակվող հետեւանքները։

 

Մաս I. Կրոնական ժողովրդագրությունը

ԱՄՆ կառավարության գնահատմամբ ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 3.0 միլիոն (2022թ. կեսի դրությամբ): Ըստ 2011թ. մարդահամարի բնակչության մոտ 92 տոկոսն իրեն բնորոշել է որպես հայ-առաքելական։ Մյուս կրոնական խմբերը ներառում են. Հռոմեական կաթոլիկներ, Հայկական միաբանության անդամ կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ եւ ավետարանական քրիստոնյաներ, այդ թվում՝ Հայկական ավետարանական եկեղեցու հետեւորդներ, հիսունականներ, 7-րդ օրվա ադվենտիստներ, բապտիստներ, խարիզմատիկ քրիստոնյաներ եւ Եհովայի վկաներ։ Կան նաեւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու եւ Արեւելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցու հետեւորդներ, ինչպես նաեւ քրիստոնյա-մոլոկաններ, եզդիներ, հրեաներ, բահայիներ, սունի մահմեդականներ, շիա մահմեդականներ եւ նախաքրիստոնեական դավանանքի հետեւորդ հեթանոսներ։ Հրեական համայնքի տվյալներով հրեաների թիվը մոտ 800-1.000 հոգի է: Մարդահամարի տվյալներով երկրում բնակվում են ավելի քան 35.000 եզդի, չնայած եզդի ակտիվիստների եւ ակադեմիական շրջանակների վերջին գնահատումներով այս թիվը կազմում է 50.000 հոգի։ Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռան շրջանում գտնվող գյուղական բնակավայրերում` մայրաքաղաք Երեւանից դեպի հյուսիս-արեւմուտք: Հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են հյուսիսում: Մահմեդականները հիմնականում շիաներ են, այդ թվում՝ իրանցիներ եւ ժամանակավոր կացություն ունեցող անձինք Միջին Արեւելքից։

Մաս II. Կրոնական ազատության հանդեպ հարգանք կառավարության կողմից

Իրավական դաշտ

Սահմանադրությամբ ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով պաշտամունքի ծիսակատարություններով՝ օրինակ` քարոզ կամ եկեղեցական արարողություններ, արտահայտելու ազատությունը: Սահմանադրությունը թույլ է տալիս սահմանափակել այս իրավունքը պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրությունը արգելում է կրոնական հողի վրա խտրականության դրսեւորումը եւ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն» անջատ են պետությունից: Այն ճանաչում է «Հայաստանյայց առաքելական եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Սահմանադրությամբ արգելվում է հիմնական իրավունքների եւ ազատությունների օգտագործումը կրոնական ատելություն բորբոքելու նպատակով: Այն նախատեսում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

Օրենքն արգելում է, սակայն չի սահմանում «հոգեորսությունը», եզրույթ, որն օգտագործվում է բնութագրելու թե’ դավանափոխությունը, թե’ հարկադիր կրոնափոխությունը: Օրենքն արգելում է, որ երկրից դուրս գտնվող հոգեւոր կենտրոններ ունեցող կրոնական կազմակերպությունները ֆինանսավորում ստանան այդ արտաքին կենտրոններից, բայց օրենքի այս պահանջն իրագործելու մեխանիզմ չկա։ Օրենքը նաեւ արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը կուսակցությունների կողմից եւ կուսակցությունների ֆինանսավորումը կրոնական կազմակերպությունների կողմից։ Օրենքը կրոնական կազմակերպություններին արգելում է ստեղծել «հասարակական կազմակերպություններ», որը գրանցված ոչ-կառավարական կազմակերպությունների համար կիրառվող իրավական եզրույթն է։

Օրենքի համաձայն՝ գրանցված կրոնական խմբերը կարող են ապահովել իրենց հավատացյալների հոգեւոր-կրոնական կարիքների ու պահանջմունքների բավարարումը. կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ, ստեղծել կրոնական ուսուցման խմբեր, զբաղվել աստվածաբանական, կրոնական եւ պատմամշակութային ուսումնասիրություններով, պատրաստել հոգեւորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր, ձեռք բերել եւ օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր, օգտվել լրատվության միջոցներից, կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ եւ զբաղվել բարեգործությամբ: Օրենքը կրոնական խմբերի գրանցման պահանջ չի սահմանում, սակայն գրանցումն անհրաժեշտ է խմբի անունից գործարքներ կատարելու համար (օրինակ՝ սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ գույք ունենալ կամ բանկային հաշիվներ բացել): Օրենքը չի սահմանում չգրանցված խմբերի իրավունքները:

Որպես իրավաբանական անձ գրանցվելու համար կրոնական համայնքը պետք է Պետռեգիստր ներկայացնի փորձագիտական եզրակացություն Վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերով բաժնից առ այն, որ համայնքը համապատասխանում է օրենքի պահանջներին եւ հիմնված է «պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի» վրա: Այն պետք է նաեւ «զերծ լինի նյութապաշտությունից եւ ուղղված լինի հոգեւոր ոլորտները», ունենա առնվազն 200 չափահաս անդամ եւ իր ուսմունքով մտնի «համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի» մեջ: Օրենքը չի սահմանում, թե ինչ է նկատի առնվում «զերծ է նյութապաշտությունից» ասելիս եւ չի հստակեցնում, թե կրոնական որ համայնքներն են «համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի» մաս: Օրենքը սահմանում է, որ այս գրանցման պահանջների ցանկը, որի մասով համապատասխանությունը հաստատվում է Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերով բաժնի կողմից, չի վերաբերվում այն կրոնական կազմակերպություններին, որոնք հիմնված են ազգային փոքրամասնություն ճանաչված որեւէ խմբի, այդ թվում՝ ասորիների, քրդերի, ռուսների եւ եզդիների եւ այլոց կրոնի վրա: Կրոնական համայնքը կարող է Պետռեգիստրի որոշումը դատական կարգով բողոքարկել:

Երկրի նոր քրեական օրենսգրքով, որը գործողության մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելվում է «խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը»․ այն պատժվում է տուգանքով, մինչեւ 100 ժամ հանրային աշխատանքներով, մինչեւ մեկ տարի ազատության սահմանափակմամբ (այսինքն՝ գտնվել ազատության մեջ, սակայն պաշտոնական վերահսկողության ներքո) եւ ազատազրկմամբ՝ մեկ ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով։ Պատիժն ավելի խիստ է, պաշտոնատար անձանց դեպքում։ Օրենսգիրքն արգելում է կրոնով պայմանավորված՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն հրահրելուն ուղղված հրապարակային խոսքը եւ բռնություն գործադրելու հրապարակային կոչը՝ հրապարակային հայտարարությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ իշխանական լիազորությունների օգտագործմամբ։ Ատելության խոսքի համար նախատեսված պատիժները ներառում են․ տուգանք, մինչեւ 150 ժամ հանրային աշխատանքներ եւ ազատազրկում՝ մինչեւ երկու տարի ժամկետով։ Բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար նախատեսված պատիժները ներառում են․ տուգանք, մինչեւ 100 ժամ հանրային աշխատանքներ եւ ազատազրկում՝ մինչեւ մեկ տարի ժամկետով։

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը լիազորված է զբաղվել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման պաշտոնյաների կողմից թույլ տրված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, այդ թվում կրոնական ազատության խախտումներով: ՄԻՊ-ը կարող է առաջարկներ ներկայացնել, սակայն դրանց իրականացումը պարտադրելու լիազորություն չունի։

Օրենքն արգելում է ԱԱԾ աշխատակիցներին լինել կրոնական կազմակերպության անդամ, սակայն օրենքը չի սահմանում «անդամակցությունը»։ Օրենքն արգելում է ոստիկանության, զինված ուժերի եւ ԱԱԾ ծառայողներին, ինչպես նաեւ դատախազության աշխատակիցներին, դիվանագետներին եւ հանրային ծառայողներին օգտագործել իրենց ծառայողական դիրքը «կրոնական միավորումների» շահերի համար կամ նրանց օգտին քարոզչության համար: Թեպետ օրենքը սահմանում է «կրոնական կազմակերպությունը» որպես հավատի համատեղ դավանության, ինչպես նաեւ կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում, սակայն «կրոնական միավորման» սահմանում չի տրվում: Զինծառայողն իրավունք չունի ստեղծել կրոնական միավորում: Իսկ եթե զինծառայողը հանդիսանում է կրոնական միավորման անդամ, ապա իրավունք չունի զինվորական ծառայության ընթացքում եւ ծառայակիցների շրջանում իրականացնել քարոզչական գործունեություն: Օրենքը նաեւ արգելում է ոստիկաններին, դատախազներին, դիվանագետներին եւ համայնքապետարանների աշխատողներին իրականացնել կրոնական գործունեություն ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում։ Ըստ օրենքի մեկնաբանության հիշյալ անձանց չի արգելվում հաճախել պաշտամունքային արարողությունների կամ մասնակցել այլ կրոնական ծեսերի։

Քրեակատարողական օրենսգիրքը քրեակատարողական հաստատություններին թույլ է տալիս կրոնական արարողությունների համար հրավիրել եկեղեցականների եւ օգտագործել կրոնական առարկաներ ու գրականություն: Բանտարկյալները կարող են խնդրել հոգեւոր աջակցություն՝ իրենց նախընտրած կրոնական խմբից: Պաշտպանության նախարարության եւ ՀԱԵ-ի համատեղ պայմանավորվածությամբ միայն ՀԱԵ հոգեւորականները կարող են ծառայել որպես զինվորական քահանա։

Օրենքը ՀԱԵ-ին հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, եւ ազատազրկման վայրերում ազատ մուտքի ու մշտական ներկայացուցիչ ունենալու իրավունք է վերապահում, մինչդեռ մյուս կրոնական խմբերը կարող են ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն տվյալ հաստատության ղեկավարից թույլտվություն ստանալու դեպքում: Օրենքը նաեւ նախատեսում է, որ պետությունը չի միջամտի ՀԱԵ-ի՝ ողջ երկրի տարածքում ազատորեն քարոզչություն իրականացնելու եւ իր հավատը տարածելու ազգային եկեղեցու բացառիկ իրավունքի իրացմանը:

Օրենքը սահմանում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, եւ նշում, որ «կրոնական գործունեությունը եւ քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են», բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: 2021-22 եւ 2022-23 ուստարիների ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչում շարունակել է մնալ Հայոց եկեղեցու պատմություն առարկան, որը պատմությունն ուսուցանելուց զատ նաեւ ներառում է ՀԱԵ արժեքներն ու վարվելակերպը։ Եթե հանրային կամ մասնավոր դպրոցն ընտրում է այդ առարկան, ապա տվյալ դպրոցի բոլոր աշակերտների համար այն դառնում է պարտադիր առարկա 5-11-րդ դասարաններում. չկա դրույթ, որով աշակերտին կամ նրա ծնողին տրվում է առարկայից հրաժարվելու հնարավորություն։

ՀԱԵ-ն իրավունք ունի մասնակցել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Թեպետ ՀԱԵ-ն կարող է առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել, սակայն Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչները հանդիսանում են պետական աշխատողներ: Օրենքը ՀԱԵ-ին իրավունք է շնորհում կազմակերպել կրոնական ուսուցման կամավոր արտածրագրային դասընթացներ պետական կրթական հաստատություններում: Մյուս կրոնական խմբերը կարող են իրենց անդամների համար կրոնական ուսուցում իրականացնել իրենց պատկանող հաստատություններում, սակայն ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում: Կրոնական հաստատությունները չեն կարող ծխական դպրոցներ բացել, սակայն կարող են արտածրագրային կրոնական ուսուցում ապահովել իրենց հաստատություններում։

Աշխատանքային օրենսդրությամբ գործատուներին արգելվում է աշխատակիցների կրոնական հայացքների մասին տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը: Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսվում է ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար տարեկան մինչեւ չորս օր չվճարվող արձակուրդի տրամադրում աշխատողին՝ անկախ կրոնական պատկանելությունից։

Այն անձանց համար, որոնց կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայություն անցնելը, օրենքը սահմանում է պարտադիր երկամյա զինվորական ծառայության երկու այլընտրանք՝ այլընտրանքային (զենքի հետ կապ չունեցող) զինվորական ծառայություն 30 ամիս տեւողությամբ կամ այլընտրանքային աշխատանքային ծառայություն 36 ամիս տեւողությամբ: Այլընտրանքային ծառայության ցանկացած տեսակից խուսափելը համարվում է քրեորեն պատժելի արարք, որի համար նախատեսված պատժամիջոցները, պայմանավորված գործի հանգամանքներով, կարող են լինել 2-ից 12 տարվա ազատազրկում:

Երկիրը Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություն է:

Կառավարության գործունեությունը

Նոյեմբերի 29-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճեց իրավաբան եւ բահայի համայնքի հայտնի դեմքերից մեկի՝ Էդվարդ Մանասյանի նկատմամբ դատական վարույթը։ 2017թ․ Մանասյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանում հաստատվելու ցանկություն ունեցող իրանցիներին խորհրդատվություն ապահովելու միջոցով դեպի երկիր անօրինական միգրացիային աջակցելու համար։ Բահայի համայնքի անդամները նշում էին, որ իրավասու մարմիններն այս գործը հարուցել են Մանասյանի կրոնական հայացքների պատճառով։ Ըստ համայնքի ներկայացուցիչների դատաքննության արդյունքում համայնքի անդամներն ապրել են մշտական վախի զգացողությամբ եւ հավելյալ զգուշավորություն են հանդես բերել առօրյա կյանքում՝ վախենալով իրենց դեմ քրեական գործերի հարուցումից։ ԱԱԾ-ի կողմից ապօրինի կերպով քարտուղարին գաղտնալսելու եւ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Մանասյանին մեղադրանք առաջադրելու հետ կապված՝ 2021թ․ բահայի համայնքը իրենց քարտուղարի անունից հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ինչպես նաեւ երկու այլ հայց՝ մեկը համայնքի նախագահի անունից եւ մեկն էլ որպես կրոնական կազմակերպություն: Տարվերջի դրությամբ հայցը  դեռ ընթացքի մեջ էր։

Հոկտեմբերի 26-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը կասեցրեց մարդու իրավունքների եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու» մեղադրանքով 2021թ․ հարուցված գործով դատաքննությունը, երբ պարզ դարձավ, որ Սաշիկ Սուլթանյանը հուլիսին մեկնել էր երկրից։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հոկտեմբերի 26-ին նրան ձերբակալելու կարգադրագիր տվեց։ Ըստ Սուլթանյանի փաստաբանների՝ ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել Սուլթանյանին այն բանից հետո, երբ 2021թ․ վերջինս իր համոզմամբ «հրապարակման ոչ ենթակա» ձեւաչափով լրագողի հետ զրուցելիս ասել էր, որ կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում երկրի եզդի փոքրամասնությանը խտրականությունից պաշտպանելու համար։ Լրագրողը զրույցը գաղտնի ձայնագրել էր, ապա մեկնաբանությունները հանրայնացրել առցանց։ Դատապարտվելու դեպքում Սուլթանյանը կարող էր ազատազրկվել մինչեւ 4 տարի ժամկետով։ Ըստ հաղորդումների նա հեռացավ երկրից ոստիկանների կողմից հավելյալ ճնշումների եւ սպառնալիքների հետեւանքով։

Ըստ Եհովայի վկաների տարեվերջին Եհովայի վկաների 103 հետեւորդ այլընտրանքային քաղաքացիական աշխատանքային ծառայություն էին անցնում՝ դավանական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայություն չանցնելու իրավունքի հիման վրա․ թիվը գրեթե նույնական է եղել նաեւ նախորդ տարիներին, իսկ այդ ծրագրով ծառայությունն ավարտածների թիվը կազմում էր 355 հոգի։ Այլընտրանքային ծառայությունը ներառում էր զբաղվածություն տարբեր հիվանդանոցներում, տեղական կոմունալ ծառայություններում, կանաչապատման աշխատանքներում, գիշերօթիկ դպրոցներում, տուն-ինտերնատներում ու մանկատներում։ Ըստ կառավարության աղբյուրների՝ միայն Եհովայի վկաներն են մասնակցել այլընտրանքային քաղաքացիական աշխատանքային ծառայության ծրագրին, ընդ որում նրանցից ոչ մեկը չի ընտրել այլընտրանքային (ոչ մարտական) զինվորական ծառայություն։

Փետրվարի 12-ին պատասխանելով քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող տեղական ՀԿ-ների կոալիցիայի հասարակական դիտորդական խմբի հարցմանը՝ Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ 2021թ․ ընթացքում ՀԱԵ հոգեւորականները կանոնավոր այցելել են քրեակատարողական հիմնարկներ, անցկացրել մկրտություններ, պատարագներ եւ նշել տոները բանտարկյալների հետ։ Ընդհանուր առմամբ 2021թ․ 665 բանտարկյալ մասնակցել է 56 կրոնական միջոցառման։ Ըստ նախարարության այլ կրոնական կազմակերպություններ եւս այցելել են քրեակատարողական հիմնարկներ։ Իրավասու մարմինները սովորաբար բավարարել են այլ կրոնական կազմակերպությունների հետ հանդիպելու բանտարկյալների խնդրանքները․ սակայն նախարարությունն այդ այցերի վերաբերյալ վիճակագրություն չի վարել։ Թեպետ որոշ կրոնական կազմակերպություններ նշում էին, որ կանոնավոր կերպով չեն այցելել քրեակատարողական հիմնարկներ, քանի որ բանտարկյալները նման այցերի ցանկություն չեն հայտնել, սակայն Եհովայի վկաների հաղորդմամբ իրենք քրեակատարողական հիմնարկում վարչական անձնակազմի լիարժեք աջակցությամբ տարվա ընթացքում կազմակերպել էին մկրտության 2 արարողություն։

Օգոստոսի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան հայց ներկայացրեց՝ վիճարկելով Ազգային անվտանգության ծառայության աշխատողների կրոնական կազմակերպությունների անդամակցելու արգելքի սահմանադրականությունը, ինչպես նաեւ զինծառայողների կողմից կրոնական միավորում ստեղծելու բացարձակ արգելքի սահմանադրականությունը։ Այս հարցերի շուրջ լսումը Սահմանադրական դատարանում նախատեսվում էր 2023թ․ մարտին։

Թեպետ երկրից դուրս գտնվող հոգեւոր կենտրոններից կրոնական կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելն արգելող իրավական դրույթի կիրառման մեխանիզմ չկար, սակայն մի շարք կրոնական կազմակերպություններ փաստել են, որ շարունակել են հարգել արգելող դրույթը եւ սահմանափակել իրենց գործունեությունը, քանի որ չեն ցանկացել խախտել օրենքը։

Ըստ փորձագետների՝ օտարերկրացի կրոնական կամավորների հրավիրման եւ կացության մասին իրավական կարգավորումների բացակայությունը հանգեցրել է նրան, որ որոշ փոքրամասնական կրոնական խմբերի օտարերկրացի կամավորներ ստիպված են եղել լքել երկիրն այնտեղ 180 օր մնալուց հետո եւ կրկին վերադառնալ՝ զբոսաշրջիկի կարգավիճակը թարմացնելու նպատակով։

Տարեվերջի դրությամբ դեռեւս ընթացքի մեջ էր Եվրոպայից եկած բահայական ընտանիքի հայցը, որով բողոքարկվում էր կացության կարգավիճակի տրամադրումը մերժելու մասին Ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժնի որոշումը։ Ըստ բահայական համայնքի՝ իրավասու մարմինները հրաժարվել էին կացության կարգավիճակ տալ այդ ընտանիքին այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն առարկություն էր ներկայացրել նրանց դիմումի վերաբերյալ՝ առանց որեւէ իրավական հիմնավորման։ 2021թ․ սեպտեմբերին ընտանիքը բողոքարկեց այս որոշումը վարչական դատարանում։

Ի տարբերություն 2021թ․ չեն եղել հաղորդումներ տարվա ընթացքում կրոնական հիմքերով ապաստան հայցողների դիմումների մերժման չհիմնավորված դեպքերի վերաբերյալ։

Լրատվամիջոցներում շարունակվում էր, իրենց իսկ բնութագրմամբ, ՀԱԵ-ի ու կառավարության վատթարացող հարաբերությունների շուրջ քննարկումը, որը սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի հետ կապված 2020թ․ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո, երբ ՀԱԵ առաջնորդ կաթողիկոս Գարեգին II-ը կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ կաթողիկոս Գարեգին II-ը ասաց․ «Ամեն մի պաշտոն եւ իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի»: Վարչապետը չմասնակցեց պատարագին, որին պետության ղեկավարն ավանդաբար մասնակցում էր։ Տարվա ընթացքում հաղորդումներ են եղել, որ ՀԱԵ-ն չի մասնակցել կառավարության խոշոր միջոցառումներին։

Եհովայի վկաների Հանրային կապերի գրասենյակը կրոնական ազատության մասին իր ամենամյա զեկույցում նշում էր, որ որոշ համայնքներում տեղական պաշտոնյաները շարունակել են մերժել Թագավորության սրահներ կառուցելու թույլտվությունների տրամադրումը իրենց խմբին։

Մարտի 22-ին ՄԻԵԴ-ը վճռեց, որ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունները խախտել են Եհովայի վկաների իրավունքները՝ հրաժարվելով գրանցել նրանց համայնքը 2009, 2010 եւ 2011 թվականներին։ ՄԻԵԴ-ը Հայաստանին՝ որպես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» իրականացնողի, պարտավորեցնում էր 5․500 եվրո (5.900 ԱՄՆ դոլար) վճարել որպես փոխհատուցում եւ իրավական ծախսեր։ Նորվեգիայում գրանցված կրոնական ազատության հարցերով զբաղվող «Ֆորում 18» միջազգային ՀԿ-ը նշում էր, որ չնայած դե-ֆակտո իշխանությունների կողմից գրանցումն արգելելուն՝ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում Եհովայի վկաների հետեւորդների կրոնական հավաքներին միջամտելու մասին հաղորդումներ չեն եղել։

Կառավարությունը հայտնել է շարունակական կրթական բարեփոխումների նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ պատմության դասավանդման հարցում։ 2021թ․ կառավարությունը բարեփոխումների լայն համատեքստում հաստատեց հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց հիման վրա Հայոց եկեղեցու պատմությունը չի ներառվում պարտադիր առարկաների ցանկում, իսկ այս առարկայի պատմական բովանդակությունը բաշխվում է հայագիտական առարկաների մեջ։ Կրթական նոր չափորոշիչները 2021-22 եւ 2022-23 ուստարիներին փորձնական/պիլոտային տարբերակով ներդրվել են Տավուշի մարզում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնել է, վերանայված չափորոշիչների լիարժեք ներդրումը ամբողջ հանրապետությունում կշարունակվի նմանօրինակ գործընթացի միջոցով 2023-24-ից 2025-26 ուստարիների ընթացքում։ Դպրոցները դեռեւս հնարավորություն կունենան դիմել նախարարությանն առարկա ներառելու հարցով, սակայն նախարարությունն այդ դիմումը կհաստատի միայն այն դեպքում, երբ դասընթացը համապատասխանում նոր կրթական չափորոշիչներին ու ստանդարտներին։

Ավետարանական մի խմբի հաղորդման համաձայն՝ առաջատար պետական բուհերից մեկում կրոնական խմբի հետեւորդի բարձր պաշտոնում աշխատանքի չեն ընդունել՝ նրա կրոնական պատկանելության պատճառով։ Ըստ հաղորդման՝ խումբը դեպքի հետ կապված չի ձեռնարկել իրավական քայլեր եւ ՄԻՊ-ին բողոք չի ներկայացրել։

Որոշ փոքրամասնական կրոնական խմբեր նշում էին, որ իրենց հետեւորդների հանդեպ եղել են խտրականության դրսեւորման առանձին դեպքեր ցածր օղակի պետական պաշտոնյաների հետ գործ ունենալիս, սակայն խնդիրը կարգավորվել է, երբ վերադասի ուշադրությունը հրավիրվել է այդ երեւույթին։

Մաս III. Հասարակության հարգանքը կրոնական ազատության նկատմամբ

Կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, այդ թվում՝ 7-րդ օրվա ադվենտիստները, քրիստոնյա ավետարանական խմբերը, Եհովայի վկաների ներկայացուցիչները եւ բահայիները շարունակում էին հայտնել, որ հասարակության վերաբերմունքն իրենց հանդեպ ընդհանուր առմամբ դրական է, եւ նշում էին, որ ԶԼՄ-ներում իրենց վերաբերյալ բացասական անդրադարձ գրեթե չի եղել կամ շատ չնչին է եղել, չնայած մի քանի ԶԼՄ-ներում տարվա ընթացքում եղել են բացասական պատմություններ իրենց մասին։ ՀԱԵ որոշ հոգեւորականներ առցանց տեսանյութեր են տարածել եւ հարցազրույցներ են տվել, որտեղ նրանք փոքրամասնական կրոնական խմբերին անվանել են «աղանդներ», և որակել են նրանց ազգային անվտանգության սպառնալիքներ։ Ըստ ավետարանական խմբերի՝ բացասական անդրադարձը առանձին հոգեւորականների վերաբերմունքի արտացոլումն է, եւ չի հանդիսանում ՀԱԵ-ի դիրքորոշումը՝ որպես կառույց։

Եհովայի վկաների հաղորդմամբ՝ ապրիլի 1-ից սկսած, երբ հանվեցին ՔՈՎԻԴ-19-ի սահմանափակումները եւ վերսկսվեցին առերես հանրային շփումները, իրենց հետեւորդների հանդեպ եղել է բանավոր վիրավորանքների ու կրոնական գրականության ստենդերի վրա հարձակումների 6 դեպք։ Դեպքերից մեկի ժամանակ փողոցում Եհովայի վկաների մի խումբ հետեւորդների հետ առճակատվել էր ՀԱԵ քահանան՝ նրանց վրա գոռգոռացել ու պահանջել էր ասել, թե ինչ կանեն երկրի թշնամիների դեմ։ Միջադեպի լարվածությունը թուլացել էր, երբ ոստիկանները խոսել էին քահանայի հետ եւ հանգստացրել նրան։

Հուլիսի 24-ին ընդդիմադիր «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում հեռարձակվեց մի նյութ, որն ըստ Եհովայի վկաների պարունակում էր խտրական, անհանդուրժողական եւ զրպարտիչ լուսաբանում իրենց խմբի եւ այլ կրոնական կազմակերպությունների մասին, որոնք որակվում էին որպես աղանդ։ Հեռուստահաղորդման ընթացքում լրագրողները նշում էին, որ այս խմբերը կառավարվում են արտերկրից, ստիպում են իրենց հետեւորդներին իրենց վաստակը տրամադրել կրոնական խմբի առաջնորդներին եւ իրականացնում են «հոգեորսություն» (կրոնական քարոզչություն եւ հարկադիր կրոնափոխություն) որպես զոհ ընտրելով «հետպատերազմական» եւ «հետքովիդյան» շրջանում խոցելի վիճակում հայտնվածներին։ Լրագրողներից մեկը, կեղծ պատրվակով մասնակցել էր Եհովայի վկաների Աստվածաշնչի ուսումնասիրությանը եւ պնդում էր, որ մասնակիցները, որոնք եկել էին երեխաների հետ միասին, հիպնոսացված վիճակում էին։ Հաղորդման ընթացքում փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ նշեց, որ երեխաները հոգեբանական ահաբեկչության են ենթարկվում եւ վերածվում են «զոմբիների» եւ «ուղեղը լվացածների»։ ՀԱԵ քահանա Շահե Հայրապետյանը հաղորդման այդ հատվածում անդրադառնալով կրոնական փոքրամասնություններին՝ ասաց, որ երկիրը պարարտ հող է ապահովում աղանդների համար, որոնք ընտրովի կերպով օգտագործում են Աստվածաշունչը իրենց արդարացնելու նպատակով եւ որպես օրինակ նշեց Եհովայի վկաներին, 7-րդ օրվա ադվենտիսներին և հիսունականներին։ Լրագրողն ասաց, որ կրոնական փոքրամասնությունները նպատակ ունեն կործանել երկրի ազգային ինքնությունը, ուստի սպառնալիք են հանդիսանում ազգային անվտանգության համար։ Օգոստոսի 22-ին Եհովայի վկաները հեռարձակված այս նյութի մասին հայտնեցին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահին՝ պահանջելով հերքում «Արմենիա» ՀԸ-ից։ Հերքում չստանալով՝ հոկտեմբերի 1-ին Եհովայի վկաները «Արմենիա» ՀԸ-ի դեմ բողոքով դիմեցին դատարան, սակայն Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 5-ին մերժեց գործով վարույթի նախաձեռնումը։ Տարեվերջի դրությամբ Եհովայի վկաները պատրաստվում էին բողոքարկել այդ որոշումը։

Հանրային ռադիոյի օգոստոսի 26-ի հեռարձակման համաձայն՝ կրոնական փոքրամասնությունների անդամների ԱԱԾ-ում աշխատելու արգելքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՄԻՊ-ի օգոստոսի 23-ի դիմումը Սահմանադրական դատարանին արժանացել էր հասարակության ու չհստակեցված «փորձագետների» քննադատությանը, ինչպես նաեւ ՀԱԵ դիմադրությանը։ Մեջբերվել էր ՀԱԵ հոգեւորականերից մեկի խոսքը, որը նշել էր, որ այդ արգելքը սահմանվել է հաշվի առնելով երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրները, որոնք շարունակում են դեռեւս ակտուալ լինել։ Նույն հաղորդման ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը նշել էր, որ հավասարության նշան դնելով ՀԱԵ-ի ու այլ կրոնական կազմակերպությունների միջեւ ՄԻՊ գրասենյակը ձգտում է ոչնչացնել այն հոգեւոր հիմքերը, որի վրա կառուցված է հայկական ինքնությունը։

Ըստ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու առաջնորդների՝ եկեղեցին շարունակել է գտնվել անանուն սոցիալական օգտատերերի ատելության խոսքի ու անարգանքի թիրախում։ Ատելություն ենթադրյալ խոսքը, այդ թվում՝ մեղադրանքները Ադրբեջանի հետ եկեղեցու կապեր ունենալու մասին եւ պատվաստումներին դեմ արտահայտվող խմբերի քննադատությունը ՔՈՎԻԴ-19-ի պատվաստումներին աջակցելու համար, տեղ էին գտնում տարբեր սոցիալական հարթակներում, ինչպիսիք են՝ Telegram-ը, YouTube-ը եւ Facebook-ը։ Ըստ «Կյանքի խոսք» եկեղեցու օգտահաշիվները, որտեղից հրապարակումներ էին կատարվում, սկզբնական շրջանում ունեին սակավաթիվ հետեւորդներ, սակայն տարվա ընթացքում նրանց հետեւորդների թիվը դանդաղորեն ավելացել էր։

Տեղական ավետարանական խմբերից մեկը հաղորդում էր, որ ընդհանուր հասարակությունը զգուշավոր էր իրենց հանդեպ կամ բացասական էր վերաբերվում ՝ կապելով խմբի խաղաղության քարոզչությունը  Ադրբեջանի եւ Թուրքիայի մասով կառավարության խաղաղության օրակարգի հետ։ Ըստ այդ խմբի՝ ավետարանականները դիտարկվում էին որպես մի ուժ, որ «կառավարությանն իշխանության էին բերել», ուստի նրանք մեղավոր էին կառավարության խաղաղության օրակարգի համար։

Երկրի իրանական ավետարանական համայնքը շարունակում էր հայտնել հետապնդումների մասին, որոնք ըստ նրանց Իրանի պետական անվտանգության ծառայությունների ցուցումներով էին լինում։ Նրանք հիշատակում էին միջադեպեր, երբ անհայտ իրանցի անհատներ նրանց հարցեր են տվել, թե եկեղեցու այս կամ այն անդամը երբ է ընդունել քրիստոնեություն կամ երբ է եկել Հայաստան։ Եկեղեցու առաջնորդները նշում էին իրենց եւ իրենց ընտանիքների հանդեպ չդադարող հետապնդումների ու սպառնալիքների մասին՝ հեռախոսազանգերի եւ տեքստային հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաեւ նշում էին անձնապես սպառնալու առանձին դեպքեր։ Ավետարանական հովիվներից մեկը նշել է, որ թեպետ այդ միջադեպերի մասին իրենց հայտնել են ոստիկանությանը, սակայն այս սպառնալիքներին արձագանքելու տեսանելի քայլեր իրավասու մարմինների կողմից չեն ձեռնարկվել։

Հրեական համայնքի անդամները հայտնում էին, որ ի տարբերություն նախորդ տարվա նշանակալիորեն նվազել են հակասեմականության դրսեւորումները, որոնք ավելացել էին 2020թ․ աշնան ինտենսիվ մարտական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Իսրայելի մատակարարած զենքերի օգտագործումից հետո։ Հրեական համայնքի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանից Հայաստան եկած հարյուրավոր հրեաներ փաստում են իրենց բացառապես դրական փորձառության մասին։

Ըստ քաղաքացիական հասարակության փորձագետների՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ չհրահրված պատերազմ սկսելուց հետո Ռուսաստանի հետ կապեր ունեցող տեղի ծայրահեղական խմբերն ու բլոգերները սկսեցին հետամուտ լինել հակասեմական պատմույթին՝ արդարացնելու Ռուսաստանի ներխուժումն ու ներկայացնելու հայ-ադրբեջանական հակամարտությունը որպես գլոբալ հրեական դավադրության մաս։ Ատելության խոսքը, ինչպես նշում էին փորձագետները, կառուցվում էր ծայրահեղական խմբերի կողմից հակահայ լինելու մեջ մեղադրվող, հրեական ծագումով ԱՄՆ գործարարի հետ կապված դավադրության արդեն իսկ առկա պատմույթի շուրջ։

Ըստ հրեական համայնքի ղեկավարի ապրիլի 28-ին Երեւանի Հոլոքոստին եւ Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ րաբբիի աղոթքի ժամանակ մի տղամարդ կտրեց բարձրախոսը սնուցող հոսանքալարը, որից կարճ միացում եղավ եւ բարձրախոսը վնասվեց։ Ոստիկանները մեղավորին բռնեցին․ նա զղջում էր արարքի համար եւ ասել էր, որ աղոթքի ժամանակ նեղվել է ու անարդարացի է համարում, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հրեական համայնքի ներկայացուցիչներն ասում էին, որ իրենք չեն պնդի նրանք մեղադրանք առաջադրելու հարցում, սակայն ցանկանում էին, որ նա հրապարակային ներողություն խնդրեր եւ փոխհատուցեր վնասված սարքավորման դիմաց, սակայն դեկտեմբերի կեսերի դրությամբ դրանցից ոչ մեկն արված չէր։

Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրում եզդիական համայնքը, արտերկրից ժամանած եզդիների եւ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, նշեց Քուբա Մեր Դիվան եզդիական տաճարի օծման 10-ամյակը։

Երեւանում գտնվող միակ շիա մզկիթը շարունակել է սպասարկել մահմեդական բոլոր խմբերին։

Մաս IV. ԱՄՆ կառավարության քաղաքականությունը

ԱՄՆ դեսպանը եւ դեսպանության մյուս ներկայացուցիչները շարունակել են պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների, պատգամավորների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում խթանել կրոնական հանդուրժողականությունն ու միջդավանական երկխոսությունը: Դեկտեմբերին ՄԻՊ-ի հետ հանդիպման ժամանակ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպանը քննության առավ «հոգեորսության» մասին իրավական արգելքը, զինված ուժերի ու անվտանգության կառույցների ծառայողների կրոնական կազմակերպությունների անդամակցելու օրենսդրական արգելքը եւ հանրակրթական դպրոցներում կրոնական կրթության հարցը։ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ դեսպանության պաշտոնյաները Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնյաների հետ քննության են առել կրոնական խմբերի ու հայկական համայնքների համար կրոնական նշանակության վայրերի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքները։ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ դեսպանության պաշտոնյաները կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Գլխավոր դատախազությունում եւ ՄԻՊ գրասենյակում բարձրացրել են եզդի եւ բահայի առաջնորդների քրեական հետապնդման հարցը եւ հետեւել են դատավարությունների ընթացքին։

Դեսպանը եւ դեսպանության մյուս պաշտոնյաները պարբերաբար քննարկել են կրոնական ազատության վիճակը երկրում ՀԱԵ ներկայացուցիչների, ինչպես նաեւ փոքրամասնական կրոնական խմբերի, այդ թվում՝ ավետարանական քրիստոնյաների եւ այլ բողոքականների, Եհովայի վկաների, Հիսուս Քրիստոսի եկեղեցու հետեւորդների, Հայաստանի կաթոլիկ եկեղեցու, եզդիների, հրեական համայնքի, առաքելական ասորիների, հիսունականների, 7-րդ օրվա ադվենտիստների, բահայիների եւ մահմեդականների հետ։ Դեկտեմբերին դեսպանը հանդիպեց ՀԱԵ կաթողիկոսին՝ քննության առնելու կրոնական կրթությունը հանրակրթական դպրոցներում եւ միջդավանական հարաբերություններին առնչվող հարցերը։ Ապրիլին դեսպանն այցելեց ասորաբնակ Վերին Դվին գյուղը, իսկ նոյեմբերին գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելեց Երեւանի բահայական համայնքին՝ երկրում կրոնական բազմազանությանը աջակցություն հայտնելու համար։ Դեսպանության պաշտոնյաները մասնակցեցին Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրում գտնվող Քուբա Մեր Դիվան եզդիական տաճարի 10-ամյակին նվիրված միջոցառմանը՝ ի ցույց դնելով աջակցություն համայնքի կրոնական արտահայտման հարցում։ Դեսպանության պաշտոնյաները իրավապաշտպան ՀԿ-ների հետ եւս քննարկել են կրոնական ազատության հարցը, այդ թվում՝ փոքրամասնական կրոնական խմբերի անդամներին ուղղված խտրականության վերացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը կրոնական խմբերի եւ հայկական համայնքների համար կարեւոր կրոնական վայրերի վրա։ Հոկտեմբերին դեսպանությունը դրամաշնորհ հատկացրեց «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ-ին՝ դպրոցներում ու բուհերում հակասեմականությանը հակազդելու նպատակով։