Ներբեռնեք PDF տարբերակը (PDF 180KB)
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶԵԿՈՒՅՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՄԱՍԻՆ 2022Թ.
ՀԱՅԱՍՏԱՆ (ԽՈՒՄԲ II)
15 հունիսի 2023թ․
Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն նշանակալի աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Նախորդ հաշվետու շրջանի համեմատ կառավարությունն ընդհանուր առմամբ մեծացրել է իր ջանքերը՝ հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ազդեցությունը (եթե կա) թրաֆիքինգի դեմ պայքարում․ ուստի, դասակարգման սանդղակում Հայաստանը պահպանել է իր դիրքը 2-րդ խմբում։ Հիշյալ ջանքերը ներառում են․ ՀԿ-ի հետ համագործակցելով քննազննման (սքրինինգի) ցուցիչների մշակում՝ միգրացիոն հոսքերում զոհերի բացահայտմանն օգնելու նպատակով և անձին որպես զոհ նույնացնելու ստանդարտ ցուցիչների սահմանում Զոհերի նույնացման հանձնաժողովի համար՝ պաշտոնապես գնահատելու ու անձին որպես զոհ նույնացնելու նպատակով։ Կառավարությունն աշխատանքային օրենսգրքում ներառել է «հարկադիր աշխատանքի» սահմանումը, փոխել է ընթացակարգերը՝ հնարվորություն ընձեռելով բոլոր պետական կառույցներին ու ՀԿ-ներին զոհերին ուղղորդել դեպի Զոհերի նույնացման հանձնաժողով, որոշում է ընդունել զոհերի աջակցության նվազագույն չափորոշիչների վերաբերյալ։ Թրաֆիքինգի դեմ պայքարն համակարգող մարմինները հետևողականորեն հանդիպումներ են ունեցել, մշակվել և ընդունվել է 2023-2025թթ․ Գործողությունների ազգային ծրագիրը։ Այնուհանդերձ, կառավարությունն ամբողջությամբ չի բավարարել թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին մի շարք առանցքային ուղղություններում։ Պատկան մարմինների կողմից ավելի քիչ կասկածյալների վերաբերյալ են անցկացվել քննություններ ու քրեական հետապնդումներ, նույնացվել են ավելի քիչ թվով զոհեր։ Դատավորները թրաֆիքինգի համար դատապարտվածների նկատմամբ որպես պատիժ կիրառել են պրոբացիա (փորձաշրջան), որը չի նպաստում այս հանցագործության կանխմանը կամ համարժեք կերպով չի արտացոլում այս հանցանքի էությունը, արձագանքման առաջին օղակում գտնվողները բնակչության խոցելի խմբերի շրջանում թրաֆիքինգի ցուցիչների մասով հետևողական քննազննում չեն ապահովել։ Փորձագետների հաղորդմամբ քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանափակվել են ոստիկանների նախաձեռնողական քննություններ իրականացնելու հնարավորությունները, և արդարադատության հասանելիությունը զոհերի համար մնում էր ցածր, մասնավորապես՝ բացակայում էին զոհակենտրոն ընթացակարգերը և վկաների ու զոհերի պաշտոնական աջակցության միջոցները: Թեպետ կառավարությունը միօրինականացրել էր զոհերի պաշտպանությանն ուղղված ջանքերը, սակայն չէր խորհրդակցել Զոհերի նույնացման հանձնաժողովի հետ, որի արդյունքում ցուցիչներն ու նվազագույն չափորոշիչները միշտ չէ, որ կիրառելի էին թրաֆիքինգի զոհերի առնչությամբ։
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
- 188 և 189 հոդվածների համաձայն թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ իրականացնել խիստ քննություններ, քրեական հետապնդում և դատապարտել նրանց.
- Թրաֆքինգ իրականացնողների դատապարտման դեպքում ձգտել սահմանել համարժեք պատիժ, որը պետք է ներառի զգալի ժամանակով ազատազրկում․
- Ավելացնել զոհերի նույնացման նախաձեռնողական ջանքերը, մասնավորապես՝ ներդնել թրաֆիքինգի զոհերի քննազննումների/սքրինինգի ստանդարտ ընթացակարգեր և իրականացնել համապատասխան աշխատակիցների ուսուցում՝ վերհանելու թրաֆիքինգը կոմերցիոն սեքս աշխատողների, միգրանտների, փախստականների և ռիսկային այլ խմբերի շրջանում.
- Ստանալ քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների և Զոհերի նույնացման հանձնաժողովի անդամների առաջարկները կապված զոհերի պաշտպանության միօրինականացման վերաբերյալ որոշումների հետ և ընթացք տալ դրանց․
- Քննիչների և դատախազների համար ապահովել խորացված ուսուցում թրաֆիքինգի գործերի քննության ու քրեական հետապնդման հարցերի շուրջ, այդ թվում՝ ապացույցների ձեռք բերման և հարցաքննության զոհակենտրոն եղանակների մասին․
- Մեծացնել արդարադատության հասանելիությունը դատական վարույթների ընթացքում, մասնավորապես՝ զոհակենտրոն կարգերի ընդունում՝ նվազեցնելու կրկնակի տրավմայի պատճառումը, ամրապնդելու գաղտնիությունը և ապահովելու աջակցություն զոհերին և վկաներին․
- Ավելացնել զոհերի վերաինտեգրման ծառայություններին ուղղվող միջոցները.
- Ապահովել աշխատանքային տեսուչների կանոնավոր տեսչական ստուգումներ անցկացնելու ու չհայտարարված ստուգայցերի միջոցով զոհեր բացահայտելու իրավական լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ ոչ-իրավաբանական անձ հանդիսացող գործատուների մոտ․
- Լիցենզավորել, կանոնակարգել ու ուսուցում ապահովել տեղական զբաղվածության ծառայությունների և գործակալների համար, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել ՀՀ քաղաքացիների թրաֆիքինգն արտերկրում․
- Մշակել և իրականացնել միջոցառումներ զինված ուժերում աշխատանքային խախտումները կամ հնարավոր հարկադիր աշխատանքը կանխարգելման և մանկական խնամքի պետական հաստատություններում մանկական աշխատանքի և երեխաների հնարավոր թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ․
- Իրականացնել դատախազների և դատավորների ուսուցում քրեական գործերով փոխհատուցումների թեմայով, սահմանել թրաֆիքինգով զբաղվողներից ակտիվներն առգրավելու ընթացակարգեր և ձևավորել արդյունավետ մեթոդներ ժամանակին փոխհատուցում հատկացնելու համար։
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Կառավարությունը պահպանել է իրավապահ տիրույթում իր ջանքերը։ Քրեական օրենսգրքի 188 և 189 հոդվածներով քրեականացվում է թե՛ սեռական, թե՛ աշխատանքային թրաֆիքինգը և այդ հոդվածներով նախատեսվում է 5-ից 8 տարվա ազատազրկում, եթե զոհը չափահաս է և 7-ից 10-ը տարվա ազատազրկում, եթե զոհն անչափահաս է։ Սա բավարար խիստ պատիժ է սեռական թրաֆիքինգի դեպքում, և համադրելի է այլ ծանր հանցանքների, օրինակ՝ բռնաբարության դեպքում նախատեսվող պատիժների հետ: Կառավարությունը 2022թ․ հոկտեմբերին փոփոխություններ կատարեց աշխատանքային օրենսգրքում և այնտեղ տրվեց «հարկադիր աշխատանքի» սահմանումը։ Պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 8 գործ (թիվը նվազել է, 2021թ. քննվել էր 15 գործ), որից 4-ը սեռական թրաֆիքինգի գործեր էին, իսկ մնացած 4-ը առնչվում էին հարկադիր աշխատանքին։ Պատկան մարմինները շարունակել են քննությունը նախորդ տարիներին հարուցված 6 գործերով։ Քրեական հետապնդում է իրականացվել 4 մեղադրյալի նկատմամբ (2021թ․ հետապնդվում էին 8-ը), որից 2-ը մեղադրվում էին սեռական թրաֆիքինգի, իսկ մյուս 2-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի մեջ։ 6 հոգու նկատմամբ պատկան մարմինները շարունակում էին քրեական հետապնդումը դեռևս նախորդ տարիներից։ Դատարանի կողմից դատապարտվել են 2 հոգի՝ աշխատանքային թրաֆիքինգի իրականացման համար, իսկ 2021թ․ 1 հոգի դատապարտվել էր սեռական թրաֆիքինգի իրականացման համար և 1 հոգի՝ աշխատանքային թրաֆիքինգի համար։ Դատավորները սկզբում թրաֆիքինգում մեղավոր ճանաչվածներից մեկին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման, իսկ մյուսին՝ 5 տարվա ազատազրկման և հետո այդ պատիժները համապատասխանաբար փոխարինվեցին 5 և 2 տարվա փորձաշրջանով, ինչը չի ծառայում հանցանքը կանխելուն և համարժեք պատիժ չէ հաշվի առնելով հանցանքի բնույթը։ Պատկան մարմինների հաղորդումների համաձայն դատապարտվել են հոգեբուժական հաստատության կադրային կառավարման հարցերով պաշտոնյան և տնօրենը, որոնք հոգեբուժական հիվանդանոցում չգրանցված վաճառասրահ էին բացել և հաստատության պացիենտներից մեկին հարկադրել աշխատել այնտեղ 2002-2018թթ․։
Հայաստանի ոստիկանության կազմում գործում է թրաֆիքինգի դեմ պայքարի բաժինը․ այնուհանդերձ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, որը գործողության մեջ մտավ 2022թ․ հուլիսից, ոստիկանությունը պարտավոր է բոլոր բացահայտումներն ու հաղորդումները փոխանցել Քննչական կոմիտեին, որը պատասխանատու է պաշտոնապես քննություն սկսելու համար։ Փորձագետների հաղորդմամբ ընթացակարգային այս փոփոխությունները հավանական է, որ հանգեցնեին սակավ նախաձեռնողական մոտեցման քննությունների ընթացքում, քանի որ քննչական կոմիտեն ավանդաբար չի հանդիսացել զոհերի հետ շփման առաջին օղակում գտնվող կառույց։ Թրաֆիքինգի գործերի քննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի
քննության գլխավոր վարչության քննիչների կողմից, իսկ Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կազմում ընդգրկված է մասնագիտացված մեկ դատախազ։ Ոստիկանության տեղական բաժանմունքներն ունեն տվյալ տարածքում թրաֆիքինգի հարցերով պատասխանատու ոստիկան, բայց այդ ոստիկանները զբաղվում էին նաև այլ հանցանքների, մասնավորապես՝ ընտանեկան բռնության և սեռական բնույթի հանցանքներով։ Դիտորդները շարունակում էին հայտնել, որ իրավապահ ընթացակարգերում բացակայում էր զոհակենտրոն մոտեցումը։ Ուղեցույցների համաձայն մեծահասակների հարցաքննությունը կարող էր առավելագույնը տևել չորս ժամ․ 2021թ․ հունվարից գործողության մեջ մտած նոր օրենքով Կառավարությունը կրճատել է երեխաների հարցաքննության ժամանակը մինչև 90 րոպե և պարտադիր է դարձրել հոգեբանի ներկայությունը։ Այնուհանդերձ, դիտորդները շարունակում էին հայտնել, որ որոշ քննչական ընթացակարգերի ժամանակ դեռևս ապահովված չեն սեռազգայուն մոտեցումներ, օրինակ՝ կին զոհերի դեպքում բուժզննումների անցկացումը կին բուժաշխատողների կողմից: Գլխավոր դատախազությունը ձևավորել է աշխատանքային խումբ վերանայելու 2018-19թթ․ բոլոր թրաֆիքինգային գործերը՝ իրավական ու ընթացակարգային համապատասխանության տեսանկյունից: Այնուհանդերձ, Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը շարունակել են ապացույցների բացակայության հիմքով կարճել կամ վերաորակավորել ոստիկանության տեղի բաժանմունքների կողմից ուղարկված թրաֆիքինգի գործերը։ Ոստիկանության կրթահամալիրը և Արդարադատության ակադեմիան շարունակել են թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնահարցերը ներառել ոստիկանների, դատախազների, քննիչների դասընթացներում, իսկ կառավարությունը միջազգային կազմակերպությունների և դոնորների ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ ապահովել է թրաֆիքինգի հարցերի շուրջ հավելյալ ուսուցումներ դատախազների, ոստիկանների, միգրացիոն աշխատակիցների և համայնքապետարանների աշխատակիցների համար։ Պաշտպանության նախարարությունը ռազմական ոստիկանության աշխատակիցներին վերապատրաստել է թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով։ Կառավարությունն իրականացրել է միջազգային ուսուցումներ Ավստրիայի, Վրաստանի և Ռուսաստանի պատկան մարմինների հետ։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանությանն ուղղված կառավարության ջանքերը պահպանվել են։ Նույնացվել է 6 զոհ․ սա նվազում է 2021թ․ նույնացված 32 զոհի համեմատ, սակայն համեմատելի է 2020թ․ նույնացված 9 զոհի և 2019թ․ նույնացված 8 զոհի հետ։ Զոհերից 4-ը եղել են սեռական թրաֆիքինգի զոհ, իսկ 2-ը՝ հարկադիր աշխատանքի զոհ․ զոհերի թվում էին 4 կին, 1 տղամարդ և 1 տղա։ Բոլոր զոհերը Հայաստանի քաղաքացի էին։ Նույնացման, աջակցության և ուղղորդման ընթացակարգերը համապատասխան դերակատարների համար սահմանված են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման ու աջակցության մասին 2014թ. օրենքով: Ոստիկանությունը հայտնում էր, որ ստուգումներ են եղել կոմերցիոն սեռական ծառայություններում ներգրավված տնտեսավարողների մոտ՝ օգտագործելով կոմերցիոն սեռական ծառայություններում ներգրավված անձանց դիտազննման ստուգաթերթերը, և անցկացվել են ուսուցումներ ոստիկանների համար թրաֆիքինգի ցուցիչների վերաբերյալ․ կառավարությունը չի նշում անցկացված ստուգումների քանակը և այդ ջանքերը չեն հանգեցրել զոհերի բացահայտման։ Կառավարությունը՝ ՀԿ-ի հետ համագործակցությամբ, մշակել է քննազննման ցուցիչներ Միգրացիոն պետական ծառայության համար՝ օգնելու զոհերի բացահայտմանը միգրացիոն հոսքերում։ 2021թ․ կառավարությունը մշակել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և ընդունել է դպրոց չհաճախող երեխաների շրջանում զոհերի նույնացման ընթացակարգը։ Փորձագետները շարունակում էին մատնանշել, որ պաշտոնյաները հանդես չեն բերում նախաձեռնողական մոտեցում նույնացման հարցերում և հիմնվում են զոհերի ինքնանույնացման վրա, իսկ դիտորդները շարունակում էին նկատել, որ առաջին օղակի աշխատողները չէին իրականացնում թրաֆիքինգի ցուցիչների հետևողական դիտարկում խոցելի խմբերի, մասնավորապես՝ կոմերցիոն սեռական գործունեության մեջ ներգրավվածների և օտարերկրացի միգրանտ աշխատողների շրջանում։ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով նվազել է քննություններում ոստիկանության ներգրավվածությունը, որով էլ սրվել է զոհերի բացահայտման ուղղությամբ նախաձեռնողական մոտեցումների բացակայության խնդիրը։ Կառավարությունը՝ ՀԿ-ի հետ համագործակցությամբ, թրաֆիքինգի զոհերի նույնացման հարցերով ուսուցումներ է ապահովել աշխատանքի և առողջության տեսուչների, սոցիալական աշխատողների, Միգրացիոն պետական ծառայության անձնակազմի համար։
«Նախնական նույնացման փուլում», որը հնարավոր զոհի մասին տվյալների հավաքման փուլն է և առավելագույնը կարող է տևել 10-ն օր, հնարավոր զոհերի համար կառավարությունն ապահովում է ժամանակավոր կացարան, անհետաձգելի բուժօգնություն և հոգեբանական աջակցություն: Զոհերի նույնացման հանձնաժողովը, որը կազմված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Գլխավոր դատախազության, Ոստիկանության և ՀԿ-ների ներկայացուցիչներից, պաշտոնապես ճանաչում է զոհերին՝ հիմնվելով այն տեղեկությունների վրա, որոնք ձեռք են բերվել «նախնական նույնացման փուլում»․ Զոհերի նույնացման հանձնաժողովը նիստ է գումարել 3 անգամ։ 2021թ․ ՀԿ-ները մատնանշում էին մի գործ, որով կար 15 տուժող և դա լիովին չէր համապատասխանում թրաֆիքինգի սահմանմանը, սակայն Զոհերի նույնացման հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ դա համապատասխանում էր սահմանմանը և չընդունեցին ՀԿ-ների գնահատականը։ Գործն առնչվում էր մի անձի, որը վնասելու սպառնալիքով 2020թ․ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում գերեվարված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներից պահանջել էր մերկ լուսանկարներ և տեսանյութեր։ Դատավորը այդ արարքները կատարողին մեղավոր ճանաչեց թրաֆիքինգի հոդվածով, սակայն գործը բողոքարկվում էր վերաքննիչ դատարանում։ 2022թ․ հոկտեմբերին կառավարությունը շրջաբերական գրությամբ ներկայացրեց ենթադրյալ զոհերի գնահատման ստանդարտ ցուցիչներ, որոնք ենթակա են կիրառման Զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից։ Փորձագետների գնահատմամբ ստանդարտ ցուցիչների սահմանումը դրական քայլ էր, սակայն գործընթացը կազմակերպելիս չէին խորհրդակցել Զոհերի նույնացման հանձնաժողովի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ անդամների հետ և արդյունքում փաստաթղթում տեղ էին գտել որոշ անիրատեսական ցուցիչներ։ Կառավարությունը նաև փոփոխություններ կատարեց ընթացակարգերում՝ հնարավոր դարձնելով հնարավոր զոհերի ուղղորդումը դեպի Զոհերի նույնացման հանձնաժողով բոլոր պետական կառույցների և ՀԿ-ների կողմից։ Քաղաքացիական հասարակության հաղորդմամբ ուղղորդման ընթացակարգերը 2022թ․ պատշաճ գործել են, և իրենք դրական համագործակցություն են ունեցել կառավարության հետ։
Կառավարությունը զոհերի պաշտպանության, այդ թվում ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանի գործառնական ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացրել է մոտավորապես 28 միլիոն ՀՀ դրամ (70․000 ԱՄՆ դոլար), մինչդեռ 2021թ․ տրամադրվել էր 40 միլիոն դրամ (100.000 ԱՄՆ դոլար)։ Կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել են զոհերի աջակցության նվազագույն չափորոշիչները, սակայն չափորոշիչների մեծ մասի շուրջ քաղաքացիական հասարակության կողմից առաջարկներ չեն փորձել ստանալ։ Փորձագետների հաղորդմամբ չափորոշիչները ողջամիտ էին, սակայն դրանց մի մասը միշտ չէ որ կիրառելի էր թրաֆիքինգի զոհերի նկատմամբ։ Օրինակ՝ զոհին կացարան ընդունելիս նվազագույն չափորոշիչներով բուժզննումը սահմանվել է որպես պարտադիր պահանջ, սակայն որոշ զոհեր պատրաստ չեն անցնել այդպիսի զննում։ Կառավարությունը և տեղական ՀԿ-ները համատեղ զոհերին ապահովել են իրավական, սոցիալ-հոգեբանական աջակցություն և բուժօգնություն, կացարան, միանվագ դրամական փոխհատուցում 250.000 ՀՀ դրամ (625 ԱՄՆ դոլար) և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում: Կառավարությունն անչափահաս զոհերի խնամակալներին ևս արտոնել է ստանալ միանվագ դրամական փոխհատուցում։ Կառավարությունը զոհերին աջակցելու նպատակով ունեցել է համագործակցության համաձայնագիր և մասնակի ֆինանսավորել է ՀԿ-ի կողմից գործարկվող մեկ մասնագիտացված կացարանի. ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանում աջակցություն են ստացել 6 զոհ, ընդ որում զոհերից 3-ին ապահովվել է անվճար բուժօգնություն, իսկ 2-ին տրամադրվել է միանվագ փոխհատուցում: ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանում տեղավորված չափահաս զոհերից պահանջվել է առանց ուղեկցության դուրս գալու դեպքում կացարանի անձնակազմին տեղյակ պահել այդ մասին, սակայն նրանք ազատ էին իրենց հայեցողությամբ հեռանալ կացարանից, եթե աջակցության կարիք այլևս չէին զգում: Բացի այդ, ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանում տղամարդ զոհերին տրամադրվել է առանձին սենյակ կամ վարձվել է բնակարան․ 2022 և 2021թթ․ կացարանի կարիք ունեցող տղամարդ զոհ չի եղել։ Կառավարությունն աշխատանքի տեղավորման հարցում աջակցել և արհեստագործական ուսուցումներ է ապահովել զոհերի համար, սակայն վերաինտեգրմանն ուղղված աշխատանքների և երկարաժամկետ աջակցության աշխատանքների գերակշիռ մասը դեռևս հոգում է քաղաքացիական հասարակությունը՝ առանց պետական ֆինանսավորման։ Բացի այդ, Կառավարության կողմից թրաֆիքինգի զոհերը չեն ներառվել այն խոցելի խմբերի շարքում, որոնք իրավասու են օգտվել բնակապահովման պետական ծրագրերից: ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանում և մանկական խնամքի հաստատություններում կան անհրաժեշտ պայմաններ անչափահաս զոհերին ընդունելու համար։ 2020թ․ կառավարությունն առաջին անգամ ֆինանսավորում է նախատեսել զոհերի հայրենադարձման համար, սակայն 2022 կամ 2021թթ․ որևէ զոհի հայրենադարձում չի պահանջվել։ Կառավարությունն օտարերկրացի զոհերի համար ապահովել է նույն ծառայությունները, ինչ Հայաստանի քաղաքացի զոհերի համար: Օրենքի համաձայն օտարերկրացի զոհերն ունեն 30-օրյա մտորման ժամկետի իրավունք, որի ընթացքում զոհերը կարող են վերականգնվել մինչ իրավապահների հետ համագործակցելու կամ չհամագործակցելու մասին որոշում ընդունելը։ Օրենքն օտարերկրացի զոհերին նաև իրավունք է տալիս ստանալ մշտական կացության թույլտվություն․ 2022 և 2021թթ․ որևէ օտարերկրացի զոհ չի դիմել կացության թույլտվության համար։
Նույնացման հետևողական ընթացակարգերի բացակայությամբ պայմանավորված հնարավոր է, որ պատկան մարմինների կողմից կալանավորվել ու արտաքսվել են կոմերցիոն սեքս ծառայություններում ներգրավված անձինք կամ աշխատանքային միգրանտներ, որոնք չնույնացված զոհեր են եղել։ Ըստ փորձագետների որոշ հեռավոր բնակավայրերում իրավապահ աշխատակիցները կարող էին չտիրապետել ինֆորմացիային ու չունենալ անհրաժեշտ պատրաստվածություն, որպեսզի զոհերին իրազեկեին պաշտպանություն ու աջակցություն ստանալու նրանց իրավունքի մասին: Զոհերը վարանում էին աջակցել քրեական հետապնդումներին, քանի որ ցուցմունք տվող անձի գաղտնիությունը չէր ապահովվում, ինչը թրաֆիքինգ իրականացնողների կողմից հաշվեհարդարի վտանգ էր ստեղծում, ու նաև արատավորում էր նրանց բարի համբավն ընտանիքի ու շրջապատի աչքերում: Իրավասու մարմինները լիարժեք չեն պաշտպանել զոհերի իրավունքները վարույթների ընթացքում. դատարանում զոհերը, այդ թվում՝ երեխաները կանգնել են թրաֆիքինգ իրականացնողների առաջ, ինչը կարող էր ստիպել վերստին վերապրել ողջ տրավման: Կառավարությունը չուներ վկաների և զոհերի աջակցության պաշտոնական ծրագիր: Քրեական դատավարության օրենսգրքով և 2016թ. ընդունված Կառավարության որոշմամբ նախատեսվում է որոշ աջակցություն վկաների և տուժողների համար, սակայն այս մեխանիզմներից ոչ մեկը 2022 և 2021թթ. չի գործածվել: Քրեական գործերի շրջանակում դատախազները փոխհատուցման պահանջ չեն ներառել և զոհերին առաջարկել են փոխհատուցման առանձին քաղաքացիական հայց ներկայացնել․ փոխհատուցման քաղաքացիական հայց ներկայացվել է մեկ զոհի կողմից։ Նախորդ տարիներին դատավորները քաղաքացիական հայցերով փոխհատուցման վճիռներ չեն կայացրել՝ նշելով, որ զոհերը չեն կարողացել հիմնավորել ֆինանսական կորուստներ կրած լինելու հանգամանքը: Օրենքը քննիչներին թույլ էր տալիս արգելանքի տակ վերցնել մեղադրյալի գույքը՝ քաղաքացիական հայցերով վճարումն ապահովելու համար, սակայն գործնականում սա շատ հազվադեպ է կիրառվել:
Կանխարգելում
Կառավարության ջանքերն ուղղված մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ավելացել են։ Հաշվետու ժամանակահատվածում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով նախարարական խորհուրդը և միջգերատեսչական աշխատանքային խումբը մշտադիտարկել և իրականացրել են հակաթրաֆիքինգային աշխատանքներ․ նախարարական խորհուրդը մեկ նիստ է գումարել (2021թ․ նիստ չի գումարել), իսկ միջգերատեսչական աշխատանքային խումբը 2022թ․ անցկացրել է 6 հանդիպում (2021թ․՝ 2 հանդիպում)։ Կառավարությունը մշակել և ընդունել է 2023-2025թթ․ Գործողությունների ազգային ծրագիրը և դրա իրականացման համար հատկացրել է 37 միլիոն ՀՀ դրամ (92.500 ԱՄՆ դոլար), իսկ 2021թ․ հատկացվել էր 40 միլիոն դրամ (100.000 ԱՄՆ դոլար)։ Այնուհանդերձ, դիտորդները նկատում էին, որ Գործողությունների ազգային ծրագրով նախատեսված շատ գործողություններ ու նախագծեր դոնորների կամ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումից էին կախված և կառավարությունը ֆինանսավորում չէր նախատեսում։ Կառավարությունը հատկացրել է 450․000 ՀՀ դրամ (1.130 ԱՄՆ դոլար) կանխարգելման աշխատանքների համար և կազմակերպել է իրազեկման արշավներ, որոնց թիրախում էին հանրությունը, ուսանողներն ու երիտասարդները։ Կառավարությունը ֆինանսավորել է հակաթրաֆիքինգային վեբկայքի աշխատանքը և կազմակերպել է մարդկանց թրաֆիքինգի լուսաբանմամբ զբաղվող լրագրողների ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգ վերապրածներից ու թրաֆիքինգի զոհերից լսել է նրանց կարծիքներն ու գնահատականները զոհերին աջակցելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին՝ դրանց հիման վրա զոհերի աջակցության մասին 2014թ․ օրենքում փոփոխություններ կատարելու համար։ Աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեությունը չի վերահսկվում կամ մշտադիտարկվում Կառավարության կողմից։ 2020թ․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցկացրել է տեսչական ստուգումներ, որոնք 2015թ․ հետո անցկացված առաջին տեսչական ստուգումներն էին, բայց կառույցը «ոչ-իրավաբանական անձ» գործատուների մոտ, օրինակ՝ փոքր ֆերմերային տնտեսություններում կամ ոչ-օրինականորեն գործող բիզնեսներում տեսչական ստուգում անցկացնելու իրավասություն չունի։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է սոցիալական ծառայությունների, այդ թվում՝ թրաֆիքինգի զոհերի աջակցության շուրջօրյա թեժ գիծ, իսկ կառավարության ֆինանսավորմամբ գործել է ՀԿ-ի կողմից գործարկվող թեժ գիծ՝ թրաֆիքինգի և սեռական բռնության հարցերով։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին ստացվել է թրաֆիքինգին առնչվող 10 զանգ, իսկ ՀԿ-ի կողմից գործարկվող թեժ գծին՝ 54 զանգ։ Կառավարությունը ջանքեր չի գործադրել կոմերցիոն սեռական ակտերի նկատմամբ պահանջարկը նվազեցնելու ուղղությամբ:
Թրաֆիքինգի բնութագիրը երկրում
Ինչպես վերջին 5 տարիների տվյալներն են փաստում, Հայաստանում տեղի է ունենում տեղացի և օտարերկրացի զոհերի շահագործում, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների շահագործում արտերկրում: Ռուսաստանում աշխատանք փնտրող որոշ հայ միգրանտներ թրաֆիքինգ իրականացնողների կողմից աշխատանքային շահագործման են ենթարկվում՝ սովորաբար զոհ գնալով աշխատանքի տեղավորման հետ կապված խաբեություններին և հայտնվելով պարտքային կախվածության մեջ՝ աշխատանքի տեղավորման միջնորդներից։ ՀՀ քաղաքացի կանայք կարող են նաև սեռական թրաֆիքինգի ենթարկվել Միացյալ Արաբական Էմիրություններում և Թուրքիայում: ՀՀ քաղաքացի կանայք երկրի ներսում կարող են ենթարկվել սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի, նրանց նաև կարող են դրդել հարկադիր մուրացկանության: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Թրաֆիքինգ իրականացնողները կարող են թիրախավորել պարսիկ և հնդիկ միգրանտներին, որոնք պատրաստակամորեն աշխատանք են փնտրում ստվերային ոլորտում, որտեղ կարող է շահագործվել նրանց աշխատանքը։ Աշխատանքային թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և պետական սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները: Փաստական հաղորդումների համաձայն զինված ուժերում հրամանատարական կազմը և զինծառայողները նորակոչիկների, այդ թվում՝ որպես ԼԳԲՏՔԻ+ անձ նույնացվող ծառայողների հանդեպ դրսևորում են նվաստացուցիչ վերաբերմունք և նրանց ենթարկում են աշխատանքային շահագործման։