Բարի երեկո։ Ազգային օրհներգերի հոյակապ կատարման համար շնորհակալություն եմ հայտնում Հասմիկ Բաղդասարյանին՝ «Նաղաշ անսամբլից»։ Այս երեկոյի գեղեցիկ երաժշտության համար շնորհակալություն եմ հայտնում Կանզասի Ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հետևակային կվինտետին, «Հարդ ռոք» սրճարանի «Նես» բենդին։ Եվ նաև շնորհակալություն մեր ծովահետևակային ջոկին դրոշների հանդիսավոր արարողության համար։
Փոխվարչապետ Գրիգորյան, նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, գործընկերներ, բարեկամներ, ողջունում եմ բոլորիդ։ Թույլ տվեք նաև ողջունել պետքարտուղարության պատժամիջոցների գծով համակարգող դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին։ Ջիմը Հայաստանի հետ աշխատանքի մեծ փորձառություն ունի և շատ ուրախ ենք, որ նա այս շաբաթ Երևանում է։
Այսօր մենք տոնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրը։ 1776թ․ հուլիսի 4-ին ամերիկյան գաղութների բնակիչ տղամարդիկ ու կանայք որոշեցին պատասխանատվություն ստանձնել իրենց ճակատագրի համար և ջանքեր գործադրել կառուցելու մի երկիր, որտեղ նրանք և ամերիկացիների հաջորդ սերունդները կկարողանան ապրել խաղաղ ու ազատ։
Ինչպես ամերիկյան գաղութները 247 տարի առաջ, այնպես էլ Հայաստանի ժողովուրդն այսօր ձգտում է կերտել իր ապագան՝ հիմք ընդունելով Հայաստանի քաղաքացիների արժեքներն ու հավակնությունները։ Սակայն ապագայի հանդեպ վստահության համար անհրաժեշտ է անվտանգության զգացում ունենալ ներկայում։ Հենց այդ պատճառով էլ Միացյալ Նահանգները գործուն աջակցում է Ադրբեջանի հետ տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն և էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգություններն ամենուր ապահովելուն միտված Հայաստանի կառավարության քայլերին։
Հայ—ամերիկյան փոխգործակցությունն ամուր է ու առավել ամրապնդվում է, և ես հպարտ եմ այն առաջընթացով, որ արձանագրել ենք երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ Հայաստան ժամանելու իմ առաջին ամիսներին։ Իմ ժամանելուց հետո եղել են բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաների այցելություններ՝ Հայաստանյան գործընկերների հետ դիտարկելու կոմերցիոն ու տնտեսական նոր փոխգործակցության հեռանկարները, ընդլայնելու մեր անվտանգային կապերը, արմատավորելու Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներն ու ընդլայնելու ճանաչողական այցերը։ Առաջիկա երեք տարվա ընթացքում ես կշարունակեմ այս համագործակցության ու կապերի խորացմանն ուղղված ջանքերը։
Մեր այսօրվա տոնակատարությունը մեմֆիսյան բլյուզի մոտիվներով է։ Մեմֆիսը Ամերիկայի հարավում է, Թենենսի նահանգում և հայտնի է իր հարուստ երաժշտական ավանդույթներով և համեղ ուտեստներով, Մեմֆիսի բարբեքյուով։ Հենց այստեղ են սկիզբ առել բլյուզը, ռոքենռոլը, այստեղ են ծնվել շատուշատ հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Բի․ Բի․ Քինգը և Էլվիս Փրեսլին, որը այսօր մասնակցում է մեր երեկոյին։ Էլվի՛ս, որտե՞ղ ես, արձագանքի։
Մեմֆիսը նաև այն քաղաքն է, որը լավագույնս մարմանվորում է ամերիկյան տոկունությունն ու առաջընթացը տասնամյակների ընթացքում։ 1950-60-ականների քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակահատվածում Մեմֆիսն աչքի էր ընկնում իր ակտիվիզմով։ Մեմֆիսը նաև մի քաղաք է, որ տարիներ շարունակ ազատության ու հավասարության համար պայքար է ծավալել, դիմակայել այդ իդեալներին հասնելու ճանապարհին տարբեր ժամանակներում առկա մարտահրավերներին։ Մեմֆիսն այն քաղաքն է, որ միշտ պատրաստ է պայքարել ճիշտ ուղու համար։
Այսօր նշելով Ամերիկայի անկախության օրը՝ ուզում եմ վերհիշենք, որ Ամերիկան իր ծնունդով պարտական է անհատների մի խմբի, որոնք պատրաստ էին պայքարել իրենց ազատության ու իրենց սեփական ուղին ընտրելու իրավունքի համար։ Եվ 1776թ․ հունիսի 4-ից անկախության հռչակագրի ընդունման պահից մենք երախտապարտ ենք այն խիզախ ամերիկացիներին, այդ թվում՝ մեմֆիսցիներին, որոնց ջանքերը նպատակաուղղված են եղել Միացյալ Նահանգները ավելի կատարյալ միություն դարձնելուն։
Հայաստանում առաջին անգամ տոնելով Միացյալ Նահանգների անկախությունը՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին ինձ այստեղ ցուցաբերած ջերմ ընդունելության և ինձ ձեր մշակույթին, խոհանոցին ու կարծիքներին հաղորդակից դարձնելու համար՝ երկրի տարբեր վայրեր իմ այցելությունների ժամանակ։
Այժմ խոսքը փոխանցում եմ Միացյալ Նահանգների բարեկամ, մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ջատագով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Պ—ն փոխվարչապետ, խնդրեմ։