ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին
Անգլերենի ուսուցում, հինավուրց որմնանկարներ և ձեռագործ պարագաներ. այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը տիկնոջ Լի Քարթերի հետ Սյունիքի մարզում էր՝ ծանոթանալու ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերին:
«Երևանը շատ գեղեցիկ է, սակայն միշտ հաճելի է լինել մայրաքաղաքից այն կողմ և տեսնել, թե ինչ կարող է առաջարկել հյուրընկալության, պատմական հուշարձանների ու կոթողների և անզուգական բնապատկերների երկիր Հայաստանը, որտեղ մենք հպարտությամբ աշխատում ենք մարզերում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Մայրաքաղաքում լինելուց զատ մարզեր այցելելով՝ զբոսաշրջիկները կկարողանան ավելի լավ պատկերացում կազմել հայկական մշակույթի մասին, իսկ այն գումարները, որ նրանք կծախսեն տեղերում, կօգնեն նոր լիցք հաղորդել տնտեսությանը Հայաստանի գյուղական բնակավայրերում», — ասաց դեսպան Միլսը:
Աջակցություն մարզային զբոսաշրջությանը
Այցի ընթացքում դեսպանը մի քանի կանգառ ունեցավ՝ ծանոթանալու ԱՄՆ ՄԶԳ-ի «Իմ Հայաստան» ծրագրի ներքո ընթացքող աշխատանքներին: ԱՄՆ ՄԶԳ-ի և Վաշինգթոնի Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» 5-ամյա ծրագիրը նպատակ ունի Երևանից դուրս զբոսաշրջային հնարավորությունների զարգացմամբ ապահովել Հայաստանի տեղը աշխարհի առաջնակարգ զբոսավայրերի քարտեզի վրա: Աշխատանքները, մասնավորապես, ուղղված են մշակութային կոթողների ու հուշարձանների, թանգարանների, գինեգործարանների կազմակերպմանը, զբոսավարների կատարելագործմանը, փառատոնների մշակմանը և այցելուներին հուշանվերներ վաճառող արհեստագործ վարպետների կարողությունների զարգացմանը:
Ապրիլի 18-ից 20-ը Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Միլսը և նրա կինը ճաշեցին «Հին կամուրջ» հյուրատանը և հանդիպում ունեցան «Սիսիանի կերամիկայի» և «Աստրե աքսեսուարների» արհեստագործ վարպետների հետ: Վերջին երկուսն էլ փոքր զբոսաշրջային ձեռնարկություններ են, որոնց աշխատանքներին աջակցում է «Իմ Հայաստան» ծրագիրը:
«Տպավորիչ է այցելել մարզերում աշխատող այս ձեռներեցներին, ում աջակցել է «իմ Հայաստան» ծրագիրը և լսել նրանց հաջողությունների մասին: Նրանք իրենց ապագան են կերտում՝ զբաղվելով սիրած զբաղմունքով, և ես վստահ եմ, որ նրանց ջանքերը պսակվելու են հաջողությամբ և նրանց օգնելու են իրենց համայնքներին: Որպես դեսպան ես հպարտ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ը և Սմիթսոնյան ինստիտուտը նրանց կողքին են և աջակցում են նրանց ջանքերին», — ասաց դեսպան Միլսը:
Մշակութային գանձերի պահպանություն
Զբոսաշրջիկներին մայրաքաղաքից դուրս գտնվող վայրեր հասցնելուն ուղղված ԱՄՆ դեսպանատան ջանքերից մեկը ԱՄՆ պետքարտուղարության դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով 10-ը մշակութային պահպանության ծրագրերի իրականացումն է: 2001թ. ի վեր այդ հիմնադրամի միջոցով Հայաստանին հատկացվել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ ամենաարժեքավոր մշակութային գանձերի պահպանության համար:
Այցի շրջանակում դեսպան Միլսը և նրա կին Լին եղան Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ ընթանում են պահպանության աշխատանքներ և որը հիմնադրամի ֆինանսավորած ամենամեծ ծրագրերից մեկն է: Այս եկեղեցին հայտնի է իր բացառիկ որմնանկարներով, որոնք հայ-պարսկական դիզայնի վառ օրինակ են: Մշակույթների միջև կամուրջ հանդիսանալու հարցում Հայաստանի ունեցած դերը մատնանշող այս հինավուրց որմնանկարների փրկության ու նորոգման համար ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 450.000 ԱՄՆ դոլար: Ի դեպ, ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների միջազգային օրը, որն աշխարհում նշանավորվում է նման մշակութային կոթողներ այցելություններով:
Այս ծրագրով աշխատանքները մեկնարկել են անցած տարի: Դեսպանատան գործընկերներն են «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ-ն և ՀՀ մշակույթի նախարարությունը: Միջազգային փորձագետների մանրակրկիտ վերլուծությունը ցույց տվեց, որ եկեղեցու ներսում առկա մշտական խոնավությունը որմնանկարների վերականգնման համար լուրջ խնդիր է, ուստի փորձագետների առաջարկով այժմ հայտարարվել է մրցույթ՝ ընտրելու կապալառու կազմակերպություն, որը կիրականացնի եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքներն ու կտեղակայի ջրահեռացման ժամանակակից համակարգ: 2019թ., երբ ջրահեռացման համակարգը գործարկված լինի և հետագա խոնավության վտանգ այլևս չլինի, կսկվեն որմնանկարների վերականգնման աշխատանքները:
«Միացյալ Նահանգները պաշտպանում, պահպանում և վերականգնում է Հայաստանի մշակութային գանձերը, քանի որ դրանք համամարդկային արժեքներ են և չեն պատկանում միայն Հայաստանին: Դրանք մեր ընդհանուր գլոբալ մշակույթի մասն են կազմում, մշակույթ, որով մենք առանձնանում ենք որպես բանական էակներ: Աջակցելով այս եկեղեցու պահպանությանը՝ մենք նաև նպաստում են զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը դեպի Մեղրի, ինչը խթան կդառնա տեղի տնտեսության զարգացման համար», — ասաց դեսպան Միլսը:
Արդարացի տեղական ինքնակառավարման խթանում
Դեսպան Միլսը նաև այցելեց Մեղրու համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման կենտրոն և հանդիպում ունեցավ Մեղրու համայնքապետ պ-ն Մխիթար Զաքարյանի հետ՝ քննարկելու տեղական ինքնակառավարման ոլորտի հայաստանյան ընթացիկ բարեփոխումների ազդեցությունը, մարզի տնտեսական զարգացումը և թափանցիկ ու հաշվետու տեղական ինքնակառավարման օգուտները: Մեղրու քաղաքացիների սպասարկման կենտրոնը, որը գործարկվել է 2017թ. ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցում է համայնքային ծառայություններ Մեղրի խոշորացված համայնքի բնակիչներին՝ տրամադրելով տեղեկանքներ, թույլտվություններ և ապահովելով գույքահարկի էլեկտրոնային վճարումներ:
Քաղաքացիների սպասարկման կենտրոնը հիմնադրվել է ապակենտրոնացմանը, տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ու տեղական ինքնակառավարման հաշվետվողականության և ծախսային ու նպատակային արդյունավետության բարձրացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ օժանդակության առավել ընդգրկուն ծրագրի շրջանակում:
«Քաղաքացիների սպասարկման կենտրոնը համայնքային ու պետական օղակի և ԱՄՆ ու այլ միջազգային գործընկերների միջև համատեղ աշխատելու ու գործընկերության վառ օրինակ է. գործընկերություն, որը համայնքային առաջնորդներին թույլ է տալիս արագ ու արդյունավետ կերպով արձագանքել համայնքի բնակիչներին մտահոգող հարցերին», — ասաց դեսպան Միլսը:
Անգլերենը թևեր է տալիս
Անգլերենի ավելի լավ իմացությունը պարտադիր պայման է տեղացիների համար, եթե նրանք ցանկանում են օգտվել զբոսաշրջության ընդլայնմամբ բացվող հեռանկարներից: Սյունիքում դեսպան Միլսը ծանոթացավ նաև Դեսպանության օգնությամբ իրականացվող անգլերենի ուսուցման ծրագրերի ընթացքին:
Առաջինը՝ Մեղրու բնակիչների համար անգլերենի ուսուցման անվճար ծրագիրն էր, որն արդեն ընթացքի մեջ է 6 տարի և յուրաքանչյուր տարի 60 հոգի՝ երեխաներ և մեծահասակներ, կարողանում են բարելավել անգլերենի իրենց իմացությունը: Ապա, նա այցելեց Կապանի ամերիկյան անկյուն, որը գործում է Սյունիքի մարզային գրադարանի շենքում և իր գործունեության ընթացքում իրականացրել է 1300 կրթական և մշակութային ծրագրեր՝ օգնելով քաղաքի բնակիչներին բարելավել անգլերենի իմացությունը՝ միաժամանակ ավելին իմանալով Միացյալ Նահանգների մասին:
«Անգլերենը թևեր է տալիս: Մեր օգնությամբ աշակերտներն ու ուսանողները կկարողանան դուրս գալ միջազգային շուկա, կօգնեն իրենց համայնք այցելած զբոսաշրջիկներին և կկարողանան օգտվել ամերիկյան լրատվական և կրթական ռեսուրսներից», -ասաց դեսպան Միլսը: