ԱՄՆ դեսպանատունը մեկնարկում է «Ամերիկյան շրջագայություն»՝ նշանավորելու Հայաստանի հետ գործընկերության 25-ամյա հոբելյանը

U.S. Embassy Launches “America on the Road” Tour Celebrating 25 Years of Partnership with Armenia

Հուլիսի սկզբից ԱՄՆ դեսպանատունը սկսում է երկշաբաթյա շրջագայություն՝ ի ցույց դնելու Հայաստանի ժողովրդի հետ մեր կապը և Հայաստանի ու Միացյալ Նահանգների տևական գործընկերության ու ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: «Ամերիկյան շրջագայությունը» մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու անկեղծ բարեկամության 25-ամյա հոբելյանի առիթով տարվա ընթացքում անցկացվող միջոցառումների շարքում առանցքային ու  առանձնահատուկ տեղ է գրավում:

Հունիսի 28-ին դեսպան Միլսը ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության և համերգի ընթացքում ազդարարեց այս տարվա «Ամերիկյան շրջագայության» մեկնարկի մասին:  «Արդեն երկրորդ անգամ է, որ ԱՄՆ դեսպանությունն  իրականացնում է նման նախաձեռնություն: Առաջինը 2015թ. էր, հաճելի էր անցնել ողջ Հայաստանով ու կապեր հաստատել մարդկանց հետ, և մենք որոշեցինք, որ նախաձեռնությունը պետք է շարունակվի: Հուլիսի 1-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզի բացօթյա համերգով մենք Երևանից կմեկնարկենք մեր երկշաբաթյա շրջագայությունը, որի ընթացքում նախատեսվում է 8 կանգառ:  Հաջորդիվ կլինենք Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Մեղրիում, Կապանում, Գորիսում և Սիսիանում», — ասաց դեսպան Միլսը:

«Ամերիկյան շրջագայության» առանցքային բաղադրիչներից մեկը մարզային քաղաքներում ներկայացվող բազմազան մշակութային ծրագիրն է՝ ջազ համերգներով, ամերիկյան ֆիլմերի ցուցադրմամբ, գրքերի ընթերցանությամբ:  Հայաստանի պետական ջազ նվագախմբի և վերջինիս գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ գործակցության շնորհիվ մենք մեր բոլոր կանգառներում կներկայացնենք ջազի համերգային երեկոներ, ինչպես նաև վարպետության դասեր երաժշտությամբ հետաքրքրվողների համար: Որոշ համերգներում հանդես կգա նաև ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստան ժամանած ամերիկացի շնորհաշատ ջազ երաժիշտ Մայքլ Մեյոն: Ֆիլմերի ցուցադրումները կկազմակերպվեն Մելիք Կարապետյանի և «Ֆորում  թատրոն» ՀԿ-ի կողմից, և բոլոր յոթ կանգառներում կներկայացվեն 2017թ. ԱՄՆ դեսպանության ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-փառատոնում ներկայացված լավագույն ու ամենասիրված գեղարվեստական ֆիլմերից: Երբ այս տարի ավելի վաղ՝ փառատոնի օրերին դրանք ցուցադրվում էին Երևանում, դահլիճները լեփ լեցուն էին:

Շրջագայության ընթացքում մենք նաև կդիտարկենք ծրագրերն ու աշխատանքները, որ 1992թ. ի վեր իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի, Խաղաղության կորպուսի և ԱՄՆ դեսպանության կողմից, կհանդիպենք մարդկանց, ովքեր գործակցել են մեզ հետ: «Մենք կնշենք նրանց ձեռքբերումները, այն իրական դրական տեղաշարժերը, որ տեղ են գտել  են Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների կյանքում, այն առաջխաղացումը, որ արձանագրվել է բարեկեցիկ ու ժողովրդավար Հայաստան կերտելու մեր ընդհանուր նպատակի կենսագործման ճանապարհին: Մենք նշում ենք այդ ամենը՝ հետադարձ հայացք նետելով մեր 25-ամյա հաջողված գործընկերությանը, բայց մեր հայացքն ուղղված է դեպի ապագա: Մեր համագործակցությունն ու անկեղծ բարեկամությունն ամուր է ու անշեղ: Մեր շրջագայությամբ մենք  ուզում ենք ի ցույց դնել մեր գործընկերությունը, այն կապերը, որ կան մեր մեջ ու միավորում են մեզ», — ընդգծեց դեսպան Միլսը:

Ջազ համերգներին, ֆիլմերի ցուցադրումներին և «Ամերիկյան շրջագայության» ընթացքում կազմակերպվող մյուս միջոցառումներին հանրության մուտքն ազատ է: «Ամերիկյան շրջագայության» միջոցառումների ամբողջական ծրագրին  ու ամենօրյա զարգացումներին ծանոթանալու համար հետևեք մեզ ֆեյսբուքյան և թվիթերյան հարթակներում: