ԱՄՆ դեսպանատունը Հայաստան է հրավիրել ամերիկյան պարային խմբերի

U.S. Embassy Brings American Dancers to Armenia

Այս երեկո ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթը Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմից հայտնեց ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո անցկացվող «Ամերիկյան պարն արտերկրում» ծրագրի «FOCUS: USA» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագրին աջակցելու նպատակով ԱՄՆ դեսպանությունը հատկացրել է 50․000  ԱՄՆ դոլար։ Հայաստան են ժամանել և ՀԱՅ ՖԵՍԹ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի առաջ հանդես կգան ամերիկյան երեք հայտնի պարային խմբեր՝ Դագ Վերոն էնդ դանսերս, Բրիջմեն/Փեքեր և Հեյդի Լացկի դենս։ Սա յուրօրինակ «փառատոն է փառատոնի շրջանակում», որտեղ ներկայացումներից զատ կլինեն վարպետության դասեր, աշխատարաններ, հանդիպումներ ու քննարկումներ հայկական պարային խմբերի հետ։

Դագ Վերոն էնդ դանսերս-ի հայաստանյան բեմելից առաջ հանդիսատեսին ողջունելով  փոխդեսպան Սմիթն ասաց, — «Նմանօրինակ նախաձեռնությունները, շփումները օգնում են փոխըմբռնման ու ամուր կապերի ձևավորմանը հայ և ամերիկացի արվեստագետների միջև՝ ցույց տալով, որ մենք ունենք մի ընդհանուր համամարդկային լեզու, այն է՝ ազատ արտահայտվելու, ստեղծարարության, բարեկամության և խաղաղության լեզուն»։

Ազատության, բարեկամության ու խաղաղության համամարդկային գաղափարները 2019թ․ առավել քան արդիական են, քանի որ այս տարի նշվում է Բեռլինի պատի անկման 30  տարին, որը հստակ ի ցույց դրեց, որ մարդիկ ի զորու են հաղթահարել տասնամյակների տարաձայնությունները և միավորվել՝ կերտելու բարեկեցիկ ապագա։

«Ամերիկյան պարն արտերկրում» ծրագրի «FOCUS: USA» երևանյան նախաձեռնության մյուս հովանավորներն են Trust for Mutual Understanding կազմակերպությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Mid Atlantic Arts Foundation հիմնադրամը,  «Ամերիկյան պարն արտերկրում» կազմակերպությունը և ՀԱՅ ՖԵՍԹ միջազգային թատերական փառատոնը։

Ամերիկյան պարային խմբերի հաջորդ ներկայացումները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում և հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին Պետական ռուսական դրամատիկական թատրոնում։