Երևան, Հայաստան – Ս․թ․ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ մասնակցեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։
2019թ․, դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ը ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ձևավորման աշխատանքներին։ Այս ծրագրի իրականացման աշխատանքներում ԵՊՀ-ի գործընկերն էր Արիզոնայի համալսարանը։ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ԱՄՆ հասարակաքաղաքական իրողությունների շուրջ հետազոտությունների ու վերլուծությունների կարևոր կառույց։ Իսկ մագիստրոսական կրթական ծրագրով արդեն կատարվել է առաջին՝ 2021-22 ուստարվա ընդունելությունը։
«Այս մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս այստեղ՝ Հայաստանում, ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը, և արդյունքում նրանք ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կարողանում են առավել լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարակաքաղաքական իրողությունները», — ասաց դեսպան Թրեյսին։