Այս տարվա հունիսին ԱՄՆ դեսպանությունը Հայաստան հրավիրեց դասընթացավարների ԱՄՆ Կոլորադո նահանգի Քրեակատարողական վարչության Միջազգային քրեակատարողական կառավարման ուսումնական կենտրոնից /ICMTC/՝ կիսվելու բանտերի կառավարման լավագույն փորձով: Սա Կոլորադոյի և Հայաստանի գործընկերների միջև մտքերի փոխանակման շարունակական պրոցեսի մի մասն է:
2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Քրեակատարողական ծառայության և Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը մեկնել էր Կոլորադոյում գտնվող Միջազգային քրեակատարողական կառավարման ուսումնական կենտրոն մասնակցելու կին դատապարտյալների կառավարմանը վերաբերող դասընթացին: ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակի կողմից ֆինանսավորված այս վերապատրաստումը դիտարկում էր կանանց քրեակատարողական հիմնարկներում կիրառվող ամերիկյան ստանդարտները և լավագույն փորձը՝ կին դատապարտյալների հետ աշխատելու գործում:
Վերադառնալով Հայաստան՝ պատվիրակության անդամները դասընթացների որոշ գաղափարներ կիրառեցին քրեակատարողական հիմնարկներում, ներառյալ Աբովյան ՔԿՀ-ում, որտեղ այժմ նրանք զայրույթի կառավարման դասընթաց են անցկացնում դատապարտյալների համար:
ԱՄՆ փորձագետների այցելությունը Հայաստան Կոլորադոյի Միջազգային քրեակատարողական կառավարման ուսումնական կենտրոնի ներակայացուցիչներին հնարավորություն ընձեռեց կիսվել իրենց փորձով ունկնդիրների ավելի լայն շրջանակի հետ: Նրանք աշխատեցին Աբովյան ՔԿՀ ղեկավարության հետ և քննարկեցին, թե ինչպես իրենց ուսումնական նյութերը և լավագույն փորձը կարող են կիրառվել ՔԿՀ կառավարման համակարգում:
Այս ծրագիրը ԹՊԻՀ գրասենյակի կողմից ֆինանսավորվող ավելի մեծ աջակցության ծրագրի մի մաս է, որն օգնում է Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, քրեակատարողական համակարգի բարելավման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, միաժամանակ ապահովում ԱՄՆ բնակչության անվտանգությունը՝ հակազդելով միջազգային հանցավորությանը, այլ երկրներում հանցավոր խմբերի գործունեությանը և անօրինական թմրամիջոցների շրջանառությանը: Հետևեք այս հղմանը և ծանոթացեք, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկայուն իրավիճակների դեմ: