
Ս.թ. հունվար ամսվա ընթացքում Մեդիսոնի ուսումնական կենտրոնում Վիսքոնսին նահանգի քրեակատարողական վարչության աշխատակազմի ներկայացուցիչները շարունակել են կիսել ուսումնական ռազմավարության իրենց փորձը Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պատվիրակության հետ: Վերապատրաստման թեմաները ներառում էին ցուցադրություններ, դերախաղեր, սցենարներ, դեպքերի ուսումնասիրություն, պրեզենտացիաներ և այլն:
Վիսքոնսինի քրեակատարողական վարչության և Հայաստանի միջև քրեակատարողական ոլորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում համագործակցությունը սկսել է դեռևս 2012թ. ապրիլին: Այս շարունակական համագործակցության և վերապատրաստման դասընթացների շնորհիվ բազմաթիվ փոփոխություններ են նախանշվել, որոնք իրենց արտացոլումը կգտնեն Արմավիրի առաջիկայում շահագործման հանձնվելիք նոր քրեակատարողական հիմնարկում: Զգալիորեն կփոխվի հաստատության կառավարման կոնցեպցիան, կգործածվեն բազմաֆունկցիոնալ աշխատանքային թիմեր, որոնց մեջ կներառվեն սոցիալական, անվտանգության և բուժսպասարկման աշխատողներ՝ հաստատությունը արդյունավետ կառավարելու համար: Վիսքոնսինում գտնվող ութ հայ մասնակիցներից բաղկացած խումբը այժմ մշակում է քրեակատարողական անձնակազմի վերապատրաստման ուսումնական ծրագիր:
Հայ մասնակիցներին ներկայացվել է տեսությունը և ռազմավարության օրինակները, որից հետո նրանք օգտագործել են տրված նյութը իրենց պրեզենտացիաներում: Դասավանդողները և վերապատրաստվողները քննարկել են հաջողված ու շտկումների կարիք ունեցող հատվածները:
«Պատվիրակության համար շատ հետաքրքիր է Վիսքոնսինում անցկացվող վերապատրաստման ծրագրերը, և նրանք հասկանում են նոր մեթոդները, որոնք կներառվեն իրենց կողմից մշակվող ծրագրերի մեջ — պատմում է Օշքոշի քրեակատարողական հիմնարկի տնօրեն Ջուդի Սմիթը, — առ այսօր մասնակիցները հաջողությամբ իրականացնում են իրենց առաջ դրված նպատակները և անգամ գերազանցում »:
Հունվարի 14-ին առատ ձյան տեղումների պատճառով հայ պատվիրակությունը ստիպված մնաց հյուրանոցում: Օշքոշի քրեակատարողական հիմնարկի, Մեդիսոնի ուսումնական կենտրոնի և կենտրոնական գրասենյակի աշխատակիցները այդ օրվա դասընթացները տեղափոխեցին հյուրանոց: Ծրագրի շրջանակում խումբը նաև այցելեց Ռեդ Գրանիթ քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանք ծանոթացան կացության տարբեր միավորներին և վերադասակարգման գործընթացին: Ռեդ Գրանիթ հաստատությունում հայ պատվիրակությունը տեղի անձնակազմին ներկայացրեց Հայաստանի մշակույթն և պատմությունը:
Նույն շաբաթվա վերջում խմբի անդամները այցելեցին Օշքոշի քրեակատարողական հիմնարկ և ներկայացրեցին, թե ինչ են սովորել Ռեդ Գրանիթում նախորդ օրը: Օրվա երկրորդ կեսին քննարկվեցին քրեակատարողական հիմնարկի կառավարման, բազմաֆունկցիոնալ խմբերի և ռազմավարությունների հետ կապված այն հարցերն ու գործողությունները, որոնք կնպաստեն կառավարման նոր սկզբունքների ներդրմանն ու գործածմանը:
Պատվիրակության ղեկավար Համլետ Աղոյանն ասաց. «Հայաստանն այսօր բարեփոխումներ է ապրում, հատկապես` քրեակատարողական հիմնարկների ոլորտում: Մեր նպատակն է ուսումնասիրել ամերիկյան փորձը և օգտագործել այն մեր բարեփոխումների հիմքում: Մենք անչափ երախտապարտ ենք մեր ամերիկյան գործընկերներին այս բացառիկ հնարավորության համար և կարևորում ենք այն, ինչպես և Հայաստանի ողջ ժողովուրդը»: