ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպությունը «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների, համայնքային ծառայության ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ.-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների:
Եվրախորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը իրավաբաններ Արտակ Զեյնալյանին և Արա Ղազարյանին հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը: «Արտակը և Արան, որ հայտնի են իրենց արհեստավարժությամբ ու անձնական մեծ նվիրումով, օգնել են Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների իրացնելու իրավական աջակցության ու արդար դատավարության իրենց իրավունքը, այդ թվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայտեր ներկայացնելու միջոցով», — ասաց պ-ն Պավլյւկը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեյթի Լիչը Լարա Ահարոնյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Կանանց ռեսուրսային կենտրոնում բոլորը բացառիկ խիզախ են և պատրաստ են որպես առաջամարտիկ պաշտպանել խոցելի անձանց իրավունքները: Խիզախ բառը, թերևս, թույլ բառ է, ավելի ճիշտ կլինի ասել՝ անվախ: Լարա Ահարոնյանը Կանանց ռեսուրսային կենտրոնի իր կոլեգաների ու այլ գործընկեր կառույցների հետ նա կարողացել է ձայն ապահովել այն կանանց համար, ովքեր գտնվել են վախի ու սպառնալիքների մթնոլորտում և զրկված են եղել ձայնից: Իր գործունեության ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնը առաջնորդվում է այն սկզբունքով, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար ու արդարացի վերաբերմունքի արժանանան և մենք երբեք չպետք է աչք փակենք բռնության ու խտրականության դրսևորումների վրա: Այսօր ես սիրով այս մրցանակը հանձնում եմ Լարա Ահարոնյանին, ով ստանում է այն Կանանց ռեսուրսային կենտրոնի անունից»:
«Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը հանձնվեց «Վճարում ենք 100 դրամ» շարժման կազմակերպիչներին Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Քարել Հոֆսթրայի կողմից: «Այս արշավը ցույց է տալիք թե քաղաքացիական շարժումներն ինչ ազդեցություն կարող են ունենալ: Առանց նախապես կազմակերպելու ու առանց ֆինանսական ռեսուրսների մտահոգ քաղաքացիները համախմբվեցին ընդհանուր նպատակի շուրջ և արդյունավետ քայլեր ձեռնարկեցին, — ասաց պ-ն Հոֆսթրան, — նման օրինակները լավ ապագա են նախանշում Հայաստանում քաղաքացիական ակտիվության համար»:
«Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնվեց «Հետք» հետաքննող լրագրողների ընկերակցությանը Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցի կողմից: «Տարբեր առիթներով ԵՄ վերահաստատել է, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող լրատվամիջոցները, որոնք նպաստում են տեղեկատվության ու մտքերի ազատ հոսքին ու ապահովում են թափանցիկություն և հաշվետվողականություն, հանդիսանում են ժողովրդավարական հասարակության անկյունաքարը: «Հետքը» հետաքննող լրագրողական գործունեության ակնառու օրինակ է, որն ակտիվորեն ներգրավված է տարբեր ոլորտներին վերաբերող լրագրողական հետաքննություններում: Իրենց գործունեության ընթացքում «Հետքի» լրագրողները ապացուցել են իրենց արհեստավարժությունն ու նվիրումը լրագրողական հիմնարար սկզբունքներին», — ասաց պ-ն Լորենցը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ պ-ն Վիլյամ Հանլոն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին հանձնեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը: «Պ-ն Տոնոյանը մարդու իրավունքների համահավասար ապահովման, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության եռանդուն առաջամարտիկ է: Մենք արժևորում ենք նրա նվիրումն ու ջանքերն ուղղված Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումներին ու մեզ բոլորիս միավորող անվտանգության, բարեկեցության և ժողովրդավարության համընդհանուր արժեքների խթանմանը», — ասաց պ-ն Հանլոն:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանին հանձնեց «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակը: «Լուսինեի առաջնորդության ներքո Քարահունջ համայնքը դարձել է ավելի բարեկեցիկ բնակավայր՝ աճի, բարեփոխումների ու փոփոխությունների շնորհիվ», — ասաց պ-ն Բուզետոն:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Համայնքային ծառայություն» մրցանակը հանձնեց Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանին: «Դ-ր Մովսիսյանը մեծ ջանքեր է գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծառայություններ ապահովելու ուղղությամբ: Նա առաջնորդ է, ով ծառայում է իր համայնքին և օրինակ է հանդիսանում մյուսների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է կամավոր օգնել մյուսներին», — ասաց դեսպան Հեֆերնը: