Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակաբանական իրավիճակի գնահատում

group at a table
Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակաբանական իրավիճակի գնահատում

2014թ.-ի մարտին Փոխըմբռնման հուշագիր կնքվեց Հայաստանում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի՝ Սպառնալիքների նվազեցման գործակալության ինտեգրող կապալառու CH2MHill ընկերության և Գյուղատնտեսության նախարարության երկու հաստատությունների միջև: Հուշագրի ամրագրմամբ կողմերը եկան համաձայնության իրականացնել երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի իրավիճակի հետազոտման ծրագիր: Ծրագիրն իրականցվելու է Միացյալ ազգությունների Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և  ԱՄՆ գիտահետազոտական հաստատությունների՝ Փլամ Այլենդ կենդանիների հիվանդությունների կենտրոնի, Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին գյուղատնտեսական ծառայությունների, Կոննեկտիկուտի համալսարանի և Ուոլթեր Ռիդի անվան բանակի հետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Հայաստանյան կողմը ներկայացնելու են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության “Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն” ՊՈԱԿ-ը և Գյուղատնտեսության նախարարության “Անասնաբուժասանիտարական, սննդի անվտանգության և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ-ը:

Ծրագիրը կանդրադառնա կենդանիների առողջությանը վերաբերող խնդիրներին, հատկապես կարողությունների ստեղծման խնդրին, ինչը հնարավորոթյուն կտա արդյունավետորեն հետազոտել, հայտնաբերել կենդանիների կարևոր հիվանդություններ և հաղորդել դրանց մասին: Այս աշխատանքը գիտելիքների ձեռքբերման հիմք կծառայի, որպեսզի հետագայում երկրում նվազեցվի կենդանիների հիվանդությունների բռնկումների թիվը և դրանց լրջությունը:

Խոզերի աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը թողնում է զգալի տնտեսական հետևանքներ՝ ազդելով երկրում խոզերի պոպուլյացիայի վրա: Գրեթե 30 տարի առաջ այն հաջողությամբ վերացվել է Եվրասիական մայրցամաքի մեծ մասում: Սակայն 2007թ.-ին հիվանդությունը հայտնվեց Կովկասում: 2007 թ. –ին Վրաստանի Հանրապետությունում հիվանդության հայտնվելու պահից ի վեր խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը տարածվեց  ամբողջ տարածաշրջանում՝ վարակելով խոզերի նախիրները Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետություններում և տարածվելով դեպի հյուսիս՝ Ռուսաստան: Տարածաշրջանում վիրուսի նույնականացումից նույնիսկ շատ տարիներ անց վիրուսը դեռ շրջանառում է: Ի տարբերություն անդրսահմանային վիրուսային վարակների մեծամասնությանը, գոյություն չունի պատվաստանյութ խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ: Հետևաբար, վարակված կենդանիների հայտնաբերումը և վերահսկողությունը հանդիսանում են հիվանդության վերահսկման և վերացման միակ միջոցը: Սույն ծրագրով կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ՝ Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի շրջանառությունը և համաճարակաբանական ընթացիկ իրավիճակը պարզելու և մասնավորապես՝ վիրուսի փոխանցման ուղիները և միջավայրում նրա կենսունակության աստիճանը որոշելու համար:

Պաշտպանության դեպարտամենտի՝ Սպառնալիքների նվազեցման գործակալությունը համագործակցում է Հայաստանի կառավարության հետ հիվանդությունների վերահսկման համակարգի հզորազման և մարդկանց ու  կենդանիների շրջանում բռնկումների հայտնաբերման կարողությունների բարելավման խնդիրների շուրջ: