Լիարժեք ներառական կրթության անցնելու Հայաստանի ջանքերին աջակցելու ու հայ ընթերցողներին ամերիկյան գրականությունը ներկայացնելու ԱՄՆ դեսպանության նախաձեռնությունների շրջանակում այսօր ՀԲԸՄ-ում տեղի ունեցավ Շերոն Դրեյփերի «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր դարձած «Աղմկոտ լռություն» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Տ-ն Դրեյփերը անդրադարձ կատարեց իր ստեղծագործական գործընթացին, այն շարժառիթներին, որոնք հիմք դարձան հաշմանդամության հետևանքով հաղորդակցության դժվարություններ ունեցող 11-ամյա զարմանահրաշ աղջնակի՝ Մելոդիի մասին այս պատմությունը գրելու համար, ինչպես նաև խոսեց իր մանկավարժական փորձից, ապա պատասխանեց ներկաների հարցերին ու ծանոթացավ նրանց փորձին:
«Այս պատմությունը բացահայտում է Մելոդիի նման աշակերտների ներաշխարհը, որոնց համար բաց են բոլոր հայաստանյան դպրոցների դռները», — ասաց ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը շնորհանդեսի ժամանակ: Գրքի՝ կարեկցելու և հասարակության բոլոր անդամների յուրահատուկ տաղանդները գնահատելու ուղերձը խորը հետագիծ է թողել նրանց մոտ, ովքեր հասցրել են ընթերցել այս գիրքը: Գիրքը ընթերցողների համար հասանելի կլինի ԱՄՆ դեսպանատանը և Երևանի, Չարենցավանի, Կապանի, Գյումրու և Վանաձորի Ամերիկյան անկյուններում, ինչպես նաև որոշ բուհերի գրադարաններում: Գրքի օրինակներ կտրամադրվեն նաև սոցիալական ներառման ծրագրեր իրականացնող ՀԿ-ներին, աշխատաժողովներին մասնակցող մանկավարժներին և այլոց:
Գրքի հեղինակ Շերոն Դրեյփերը Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում նաև հանդիպումներ կունենա դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների ու դասախոսների հետ՝ ներկայացնելու իր փորձն ու ավելին իմանալու կրթական ոլորտում սոցիալական ներառման հայաստանյան մոտեցումների մասին: Նա նաև գրական աշխատաժողով կանցկացնի երիտասարդ գրողների հետ ու քննարկում կունենա ուսուցիչների հետ:
Շերոն Մ. Դրեյփերը մանկավարժ է, անգլերենի ուսուցիչ և գրող: Նա ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ, 5 անգամ արժանացել է Կորետա Սքոտ Քինգի գրական մրցանակի, իսկ իր գրքերի վաճառքի ծավալներով համարվում է «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր հեղինակ:
«Աղմկոտ լռություն» վեպը հայերեն է թարգմանվել դ-ր Արմենուհի Ավագյանի կողմից և հրատարակվել է «Ասողիկ» հրատարակչության կողմից: