ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական դեսպան Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը Հայաստանում
ք. Երևան, 25 հոկտեմբերի, 2018թ.
Դեսպան Բոլթոն — Շնորհակալություն, Սառա: Շատ ուրախ եմ այստեղ լինել և շնորհակալ եմ ներկաներին այսօր գալու համար: Ինչքան հասկանում եմ, 1997թ. ի վեր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդականն եմ, որ այցելում է Հայաստան: Շատ ուրախ եմ այստեղ լինել և երախտապարտ եմ Վարչապետին հանդիպման համար, որը տևեց շուրջ 1 ժամ 20 րոպե, նաև պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, անվտանգության քարտուղարին, որոնց հետ հանդիպումը կայացել էր մինչ այդ: Վարչապետի և մյուսների մոտ ես ընդգծեցի, որ հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար բարձր առաջնահերթություն են: Սա մի տարածաշրջան է, որ ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար: Մենք շատ ենք ցանկանում աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը թե՛ մեր շարունակական ներգրավմամբ որպես Մինսկի խմբի համանախագահ, թե՛ այլ միջոցներով, քանի որ հավատացած ենք, որ հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն շահեկան է Հայաստանի ու Ադրբեջանի շահերից, այլ նաև բխում է Միացյալ Նահանգների լավագույն շահերից: Մենք անդրադարձանք սպառազինությունների վերահսկման և այլ հարցերի շուրջ Ռուսաստանում երկուշաբթի և երեքշաբթի իմ ունեցած զրույցներին: Մենք խոսեցինք Իրանի նկատմամբ ԱՄՆ վերջին պատժամիջոցների մասին և Հայաստանի վրա դրանց հնարավոր ներգործությանը: Մենք նաև խոսեցինք տարածաշրջանի ընդհանուր հանգամանքներից, այդ թվում Սիրիայի հակամարտության, Իրաքի մասին և, իհարկե, հայ-ամերիկյան տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարների և ուղղակի ամերիկյան ներդրումները խրախուսելու ուղիներ գտնելու կարևորության և, ընդհանուր առմամբ, հայ-ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու մասին: Այսքանը, այժմ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին:
Ազատություն ռադիոկայան — Այժմ ունենք տեսագրման հնարավորություն և ես ուզում եմ Ձեզ հարց ուղղել և այն վերաբերում է Վարչապետի հետ Ձեր հանդիպմանը: Մենք այժմ նոր իրավիճակում ենք, դուք այժմ գործ ունեք նոր կառավարության հետ: Ի՞նչ կարծիք ունեք թավշյա հեղափոխության մասին: Այն ապագա ունի՞, ի՞նչ տպավորություն եք ստացել Վարչապետից և արդյո՞ք լավատես եք Հայաստանի ապագայի մասով:
Դեսպան Բոլթոն — Ինչպես նշեցի, մենք մի շարք հարցերի անդրադարձանք: Խոսեցինք դեկտեմբերին կայանալիք ընտրությունների մասին և այն մասին, թե ինչպես որոշ քայլեր հետաձգվելու են մինչև ընտրությունների ավարտը, և ինչպես հասարակական կարծիքն ու հարցումներն են ցույց տալիս և այդ կանխատեսումների իրականացման դեպքում Վարչապետը կունենա շատ ուժեղ մանդատ և ի զորու կլինի կատարել մի շարք վճռորոշ քայլեր: Ես հարցրեցի նրա վարկանիշի գաղտնիքը, սակայն նա չասաց դա: Միգուցե ընտրություններից հետո նա բացի այդ գաղտնիքը: Բայց փաստն այն է, որ կանխատեսումների իրականացման դեպքում նա կունենա շատ ուժեղ մանդատ և դա ամենապատեհ պահը կլինի մի շարք առումներով վճռական քայլեր ձեռնարկելու համար և, ես այսօր իմ հանդիպումներում, այդ թվում նաև Հայաստանի առաջատար վերլուծաբանների հետ, լսեցի որ Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերից է: Չկա որոշիչ քայլեր ձեռնարկելու համար ավելի լավ ժամանակ, քան հետընտրական շրջանը:
Հանրային ռադիո — Ղարաբաղյան խնդրի կարգավորման բոլոր առաջարկներում իբրև լուծման տարբերակ ներկայացվում է՝ տարածքներ այսպես ասած «խոստումների» դիմաց: Նման տարբերակով լուծման դեպքում ո՞վ է պատասխանատու հայերի ֆիզիկական անվտանգության համար: Ես ուղղակի հիշեցնեմ Ալիևի հայտարարությունները, որոնք մի ամբողջ նկրտումներ են Երևանի նկատմամբ: Նաև նշեմ, որ 15 թվականին, բոլորս հիշում ենք, որ ցեղասպանության ժամանակ միջազգային հանրությունը լուռ հետևում էր, թե ինչպես են ցեղասպանում հայերին:
Դեսպան Բոլթոն — Հակամարտության լուծումն, անշուշտ, դժվար է, եթե հեշտ լիներ, այն արդեն կարգավորված կլիներ: Ես չեմ կարծում և ես այստեղ չեմ եկել ամերիկյան քաղաքականության փոփոխություն կամ նոր առաջարկներ ներկայացնելու համար, այլ ավելի շատ ծանոթանում եմ իրավիճակին, և ես կարծում եմ, որ կողմերն իրենք պետք է փորձեն ու գտնեն լուծում: Ինչպես վերլուծաբանների հետ այսօր ավելի վաղ ունեցած իմ հանդիպման ժամանակ նշեցի, իմ նախկին ղեկավարներից մեկը՝ Ջիմ Բեյքերը, մեկ այլ տևական հակամարտության մասին խոսելիս, սիրում էր ասել՝ մենք չենք կարող ավելի շահագրգռված լինել խաղաղությամբ, քան կողմերը: Կարծում եմ դա տեղին է նաև այս պարագայում: Հայաստանի տեսանկյունից, ես կասեի, որ արտաքին ազդեցությունը Հայաստանի նկատմամբ նվազեցնելու ամենավստահ ուղին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելն է:
Արմենիա ՀԸ — Ես ուզում եմ հարցնել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման մասին: Նախօրեին դուք «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել եք, որ նախագահ Թրամփը կարող է որոշել շրջանցել դա. ամեն տարի դա արվում է, արդեն 17 տարի, բայց Հայաստանին չվնասելու դրույթը միշտ այնտեղ եղել է: Հիմա դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ այն շրջանցելու դեպքում դա Հայաստանի համար վնասակար չի լինի և արդյո՞ք դուք պատրաստվում եք զենք վաճառել Ադրբեջանին և այդ դեպքում հնարավոր է, որ պարիտետը պահեք, և մենք էլ հնարավորություն ունենանք՝ ոչ այնքան մեծ գումարներով:
Դեսպան Բոլթոն — 907 ուղղում: Այդ մասով դեռ որոշում չկա: Ես չեմ կարող կանխատեսել որևէ որոշում կողմերին զենքի վաճառքը ավելացնելու վերաբերյալ: Հստակ է սակայն, որ Հայաստանը զենքերի գերակշիռ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը զենքի ավելի քան 80 տոկոսը ևս ձեռք է բերվում Ռուսաստանից: Այդ հանգամանքն ակնհայտորեն չի նպաստել հակամարտության կարգավորմանը: Դա Ռուսաստանին տալիս է ազդեցության մեծ լծակ կողմերի նկատմամբ, սակայն չի հանգեցրել խաղաղության հաստատման: Դուք գիտեք, որ մենք՝ ամերիկացիներս հավատում ենք մրցակցությանը, այն համարում բարելավումների շարժիչ ուժ: Ցանկացած պարագայում, մեր զենքը ավելի լավն է, քան ռուսականը: Ես կարծում եմ, որ սա մենք պետք է դիտարկենք՝ մեր օրենքների շրջանակում:
Para TV — Ինչպե՞ս է ԱՄՆ-ը վերաբերվում Սիրիային Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից հումանիտար աջակցություն ուղարկելու Հայաստանի իշխանությունների նախաձեռնությանը:
Դեսպան Բոլթոն — Այս թեմային ես առավոտյան անդրադարձ կատարեցի Նախագահի և նրա խորհրդականների հետ հանդիպման ժամանակ: Ես ասացի նրան, որ Միացյալ Նահանգները լայնածավալ մարդասիրական օգնություն է ցուցաբերում, սակայն մենք ձգտում ենք դա այնպես անել, որ չանդրադառնա Սիրիայի ներքին քաղաքական հարաբերություններին. մենք ուզում ենք խուսափել մի կողմից ահաբեկիչներին, իսկ մյուս կողմից՝ ռեժիմին օգնելուց: Մենք կարծում ենք, որ ցանկացած կարևոր երկարաժամկետ մարդասիրական օգնություն և վերակառուցում պետք է կախված լինի Սիրիայի քաղաքական կարգավորման առաջընթացքով: Նախագահը նշեց, որ սա ռազմական օգնություն չի լինելու, այլ զուտ մարդասիրական և կարծում եմ դա կարևոր է: Այս պահին կարծում եմ ռազմական ներգրավվածությունը ցանկացած կողմի համար Սիրիայում սխալ կլինի: Արդեն տարբեր հաշվարկներով 7-8 մարտնչող կողմեր կան ու որևէ երկրի միացումը դրանցից որևէ մեկին սխալ կլինի:
Շանթ ՀԸ – Եթե բանակցություններ սկսվեն, նախ՝ ո՞վ պետք է նստի բանակցությունների սեղանին, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և Ադրբեջանը: Եվ երկրորդ հատվածը՝ ի՞նչ փաստաթուղթ է դրված լինելու սեղանին, եթե նկատի ունենանք, որ որոշ ժամանակ առաջ իր կարճ պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Հոգլանդն ասաց, որ այս պահին սեղանին ո՛չ Կազանի փաստաթուղթն է, ո՛չ Մադրիդյան սկզբունքները, այլ նոր բան է: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել:
Դեսպան Բոլթոն — Չեմ ուզում որևէ բան կանխորոշել, այն ինչ ես այստեղ լսեցի, այն ինչ շեշտադրվեց այն էր, որ Հայաստանը Մինսկի խմբի համատեքստում է տեսնում քննարկումների հետագա ընթացքը և մեր տեսանկյունից դա շատ գոհացուցիչ է: Նախկինում շատ քննարկումներ են եղել, ուստի բանակցային սեղանին շատ բան կարող է լինել, ու ես կրկին ուզում եմ անդրադարձ կատարել Ջիմ Բեյքերին, ով գտնում էր, որ երբ կողմերը սեղանի շուրջ են որևէ սահմանափակում չպետք է լինի, թե ինչ կարող են ասել, քանի որ եթե մի բան ասվում է, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է քննության առարկա դառնա, սակայն որևէ մեկը չպետք է կաշկանդված լինի բարձրաձայնել իր մոտեցումը և ապա տեսնել, թե ինչ հետագա ընթացք կլինի: Վերադառնալով ավելի վաղ ներկայացված իմ նկատառմանը՝ եթե վարչապետը ընտրվում է, եթե նրա կուսակցությունը ստանում է աջակցության այդպիսի մակարդակ, ապա դա հնարավորություն է ձեռնարկել վճռորոշ քայլեր: Ես չեմ ուզում կանխորոշել, թե նա ինչ կորոշի անել, բայց հուսամ, որ եթե ցանկությունը համաձայնության հասնելն է, ապա նա պատրաստ կլինի դա անել և հուսանք, որ ադրբեջանական կողմը նույն կերպ կարձագանքի:
Շնորհակալ եմ ձեր ներկայության համար: Անչափ ուրախ էի այստեղ լինել: Շնորհակալություն: