Դեսպան Քվինի Ելույթը Հայաստանում Ամերիկայի Առևտրային Պալատի (ՀԱԱՊ) Ընդհանուր Ժողովում

Ambassador Kvien’s Remarks at American Chamber of Commerce in Armenia General Meeting

Հարգելի՛ փոխվարչապետ, պաշտոնյաներ, ՀԱԱՊ նախագահ, ՀԱԱՊ տնօրենների խորհրդի անդամներ, հարգարժա՛ն հյուրեր, անչափ ուրախ եմ այստեղ գտնվել։

ՀԱԱՊ-ը առևտրի և տնտեսական աճի խթանման հարցերում դեսպանատան լավագույն գործընկերն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱԱՊ-ին այս միջոցառման համար։ Ընդամենը 5 շաբաթ է, ինչ գտնվում եմ Հայաստանում և շատ  ուրախ եմ, որ տնտեսական ոլորտում իմ առաջնահերթությունների մասին առաջին անգամ խոսելու առիթ ունեմ հենց այս հարթակում։ Դիվանագիտական իմ գործունեության ընթացքում ես առավելապես աշխատել եմ տնտեսական հարցերի շուրջ։ Իմ աշխատած բոլոր երկրներում բացառիկ լավ հարաբերություններ են եղել դեսպանության և Ամերիկայի առևտրային պալատի միջև։ Այդ ավանդույթը կցանկանայի շարունակել նաև այստեղ՝ Հայաստանում։

Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն ապահովել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն, որը մեզ հնարավորություն է տվել համատեղ աշխատել ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորման, իրավունքի գերակայության ամրապնդման, կրթության հասանելիության  մեծացման, կրթական և ձեռնարկատիրական նախաձեռնությունների միջոցով մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու, կոռուպցիան կրճատելու և տնտեսական նոր հնարավորություններ ձևավորելու հարցերում։ Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում ես մտադիր եմ շարունակել մեր երկկողմ հարաբերությունների խորացումն ու ձգտելու եմ նորանոր համատեղ հաջողությունների։

Ես նկատում եմ, որ հայ մարդիկ, հատկապես՝ բիզնեսի ոլորտում, լավատես են ապագայի հանդեպ՝ ի հեճուկս մարտահրավերների։ Այս լավատեսությունն այն խանդավառ  եռանդի դրսևորումն է, որով աշխարհում հայտնի են հայ գործարարները։ Լինելով Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքից՝ ես հասակ եմ առել ամերիկահայ նորարարների կողքին և ուրախ եմ այժմ որպես Միացյալ Նահանգների դեսպան գտնվել Հայաստանում՝ օգնելու խթանել այս երկրի կենսունակ տնտեսությունը։

Այսօր ուզում եմ անդրադառնալ տնտեսական ոլորտի իմ առաջնահերթ խնդիրներին, որոնց հետամուտ եմ լինելու Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում։

Նախևառաջ, ես հույս ունեմ խորացնել մեր երկու երկրների առևտրային և գործարար կապերը։ Մեր կոմերցիոն կապերի ամրապնդումից երկուստեք կշահեն մեր տնտեսությունները։ Նորություն չէ, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները տևական ժամանակ ձգտում են ընդլայնել առևտրային և ներդրումային հարաբերությունները։ Նորություն է սակայն այն, որ հայկական ընկերությունների մոտ մեծացել է նոր և բազմազան շուկաներ գտնելու ցանկությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, և հայաստանյան տնտեսության մի շարք ոլորտներում ամերիկյան բիզնեսի համար ավելի շատ հնարավորություններ են բացվել։

Այսօրինակ առևտրային հնարավորություններին աջակցելու համար կարևոր է, որ պետությունն ու մասնավոր հատվածը միասին աշխատեն՝ շարունակելու կրճատել  առևտրի հարցերում առկա արգելքները։ Այս առումով ես առաջնահերթ եմ համարում ՀՀ կառավարության հետ աշխատանքը, որպեսզի բարելավեն առևտրային կարգավորումները, իրավական ռեժիմները և մաքսային օրենսդրությունը։ Նախկինում այս խնդիրներն արծարծվել են Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների կամ TIFA խորհրդում։

Սա հիանալի հարթակ է մաքսային, մտավոր սեփականության իրավունքների, առևտրի ոչ սակագնային արգելքների և պետական գնումների հետ կապված հարցերը քննարկելու համար։ Աշխատելով ՀՀ կառավարության հետ՝ ես հուսով եմ նոր շունչ հաղորդել այս հարթակին, որը վերջին տարիներին դանդաղել է։

Գարնանը բարձր մակարդակի այցելությունների մի շարք է նախատեսվում՝ այս խնդիրների շուրջ առաջ շարժվելու համար։ Առևտրի ու ներդրումների խորհրդին նոր շունչ հաղորդելու համար 2 շաբաթից Հայաստան կայցելի ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի պատվիրակները։ Ես գիտեմ, որ նա հանդիպում կունենա նաև ՀԱԱՊ-ի հետ՝ քննար­կելու առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրին առնչվող հարցեր և ավելին իմանալու ձեր ընկերությունների համար առկա մարտահրավերների մասին։

Ապրիլին Հայաստանում սպասում ենք նաև  ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարի գլխավորած պատվիրակությանը։ Առևտրի դեպարտամենտի փոխքարտուղարը կհայտարարի պետքարտուղարության և առևտրի դեպարտամենտի նոր գործընկերության մասին, որը զգալիորեն մեծացնելու է Հայաստանում ԱՄՆ առևտրին ու ներդրումներին աջակցելու մեր հնարավորություն­ները։

Առևտրի փոխքարտուղարի այցի օրերին տեղի կունենա նաև Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տնտեսական հարցերով աշխատանքային խմբի նիստը, և նա հնարավորություն կունենա մասնակցել այդ կարևոր քննարկմանը։

Անցած տարվա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին, որը տեղի ունեցավ մայրաքաղաք Վաշինգտոնում, պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Միրզոյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ։ Այս հուշագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին և Միացյալ Նահանգներին խորացնել ռազմավարական համագործակցությունը և ամրապնդել կապերը մեր երկրների միջուկային հարցերով փորձագետների ու հետազոտողների միջև։ Հուշագիրը նաև Հայաստանում նոր ներդրումներ կատարելու հնարավորություններ է բացում։ ԱՄՆ կառավարությունը ներկայումս քննարկումներ է վարում՝ դիտարկելու ֆինանսա­վորման հնարավորություն, որը թույլ կտա Հուշագիրն առավել առարկայական դարձնել, և մենք հուսով ենք, որ ամերիկյան մասնավոր հատվածն էներգետիկ ոլորտում ներգրավման ավելի մեծ հնարավորություններ կունենա։

Էներգետիկ ու տնտեսական հարցերից զատ՝ առևտրի փոխքարտուղարն այցի ընթացքում ցանկանում է նաև ուղղակի շփումներ ունենալ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

Մեր գործարար կապերի ընդլայնման համատեքստում մենք առաջին հերթին դիտարկում ենք Հայաստանում ամերիկյան ուղղակի ներդրումների խթանումը։ «Լիդիանի» ծրագիրն Ամուլսարում մի այդպիսի ներդրման օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես ներդրումը կարող է դառնալ տնտեսական աճի շարժիչ ուժ։ Աշխատանքների ու շրջակա միջավայրի հետ կապված ամենաբարձր ստանդարտների ապահովումն ընկերության կողմից լավ օրինակ է ապագա ներդրողների համար։ Կառավարության և «Լիդիանի» միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրն ուրախացնում է մեզ և հուսով ենք, որ աշխատանքները շուտով կվերսկսվեն։

Մեկ այլ նշանակալի ամերիկյան ներդրում էլ Հայաստանում եղել է Որոտան հիդրոկասկադի գնումն ու գործարկումը «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից։ 2015թ․ սկսած «Կոնտուր Գլոբալն» իր ներդրումն է ունեցել Հայաստանում հուսալի տեղական էլեկտրական հոսանքի արտադրության ոլորտում։ Այս ընկերությունը այլ վերազգային ընկերություններին ցույց է տալիս, որ Հայաստանը հուսալի և գրավիչ ներդրումային վայր է։

Հայաստանում գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ առաջատար ամերիկյան ընկերություններ։ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճի և զարգացման հարցում իր գործուն ներդրում է ունեցել Միացյալ Նահանգները՝ գործակցելով այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Նեյշնլ ինստումենթսը» և «ԱյԲիԷմը»։ Իսկ երբ այս ընկերությունները գալիս են Հայաստան, նրանք նաև օգնում են Հայաստանի համար կապ ապահովել տարածաշրջանի և ողջ աշխարհի հետ։

Մի քանի բառ ուզում եմ ասել պատժամիջոցների վերաբերյալ, քանի որ այս թեման բիզնեսների համար կարևոր է։ Նախ նշեմ, որ Միացյալ Նահանգները տեսնում և բարձր է գնահատում այն, որ Հայաստանը հարգում է Ռուսաստանի և Իրանի դեմ միջազգային հանրության սահմանած պատժամիջոցները։ Մենք հասկանում ենք, որ դրա դիմաց Հայաստանը գին է վճարում։

Մենք նաև հասկանում ենք, որ ԱՄՆ պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողության կարգավորումները կարող են խրթին լինել։ Թափանցիկությունը մեծացնելու և ձեզ ու Կառավարության համար պահանջվող հստակությունն ապահո­վելու համար այս գարնանը մենք սպասում ենք պաշտոնական այցելություններ ԱՄՆ գանձապետարանից և Առևտրի դեպարտամենտից՝  արտահանման վերահսկողության և պատժամիջոցների հարցերով պատասխանատուների ներգրավմամբ։ Կառավա­րության հետ աշխատելուց զատ, մենք ակնկալում ենք, որ նրանք նաև ՀԱԱՊ-ի հետ ուղղակիորեն կաշխատեն։ Հուսով ենք, որ սա կօգնի հստակեցնել իրավիճակը, որպեսզի դուք կարողանաք վստահ վարել ձեր բիզնեսը՝ առանց վախենալու հնարավոր հետևանքներից։

Կրկին ուզում եմ փաստել, որ ուրախ եմ լինել Հայաստանում և մեծ վստահություն ունեմ, որ մենք պատրաստ ենք և կարող ենք շատ ավելին անել մեր ընդհանուր տնտեսական և առևտրային շահերի շուրջ։ Խոստանում եմ ձեզ հետ միշտ ակտիվ կապ պահպանել։ Ու գիտեմ, որ ձեզ հետ շփումներն ինձ կօգնեն ավելի լավ հասկանալ այն խնդիրները, որոնք բացասաբար են անդրադառնում բիզնեսի վրա։ Խորհրդի անդամության թեկնածուներին հաջողություն եմ ցանկանում այսօր երեկոյան կայանալիք ընտրությունների ընթացքում։  Շնորհակալություն։