Աշխատողների ու այցելուների առողջությունը և անվտանգությունը ԱՄՆ դեսպանատան համար թիվ մեկ գերակայություն են։ Թեպետ դեսպանատունը դեռ շարունակում է աշխատել, սակայն մենք ձեռնարկում ենք համապատասխան նախազգուշական միջոցներ՝ առաջնորդվելով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով։ Այդ միջոցները ներառում են մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց կամ այդպիսի միջոցառումներ կազմակերպելուց զերծ մնալը, սոցիալական շփումը նվազեցնելու նպատակով որոշ աշխատողների համար հեռահար աշխատելու հնարավորությունների ապահովումը, դեսպանատան տարածք այցելուների թվի կրճատումը և անհատական հիգիենայի կանոնների խստիվ պահպանումը, ինչպիսիք են օրինակ՝ հաճախակի ձեռքերը լվանալը։ Կարևոր է նշել, որ մեր հյուպատոսական գրասենյակը շարունակում է ԱՄՆ քաղաքացիների սպասարկումը, չնայած հյուպատոսական որոշ ծառայություններ կրճատվել են, մանրամասների համար տես՝ https://am.usembassy.gov/visas/։ Բացի այդ, մարտի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է ԱՄՆ դեսպանությունների ու հյուպատոսական գրասենյակների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների կամավոր մեկնումը Միացյալ Նահանգներ, եթե նրանք առկա առողջական խնդիրների հետևանքով առավել խոցելի են նոր կորոնավիրուսի վարակի հանդեպ կամ ունեն մեկնումը հիմնավորող այլ ծանրակշիռ փաստարկներ։ Մենք կշարունակենք նախաձեռնել այլ անհրաժեշտ քայլեր մեր աշխատողների և այցելուների անվտանգությունը, առողջությունը և իրազեկումը լավագույնս ապահովելու ուղղությամբ։
