Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։
Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներին կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։
ԺԳՀ-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան անդամից բաղկացած երկկուսակցական հանձնախումբ է, որն ուղղակիորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հետ՝ աջակցելու արդյունավետ, անկախ և ընկալունակ օրենսդիր ինստիտուտների զարգացմանը։ Հանձնախումբը Հայաստանի Ազգային ժողովի հետ պաշտոնական գործընկերություն է հաստատել 2020թ.։
Նախագահ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը։
Մանրամասների համար հետևե՛ք մեզ ֆեյսբուքում` https://www.facebook.com/usembarmenia/, ինստագրամում՝ https://www.instagram.com/usembarmenia/ կամ թվիթերում` https://twitter.com/usembarmenia.