ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության աջակցությունը ՀՀ Կառավարությանը՝ ուղղված Հայաստանում COVID-19 բռնկմանը

Support to the Government of Armenia by the Defense Threat Reduction Agency amid COVID-19 Outbreak in Armenia

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատիվ ունի համագործակցել իր գործընկեր երկրների հետ՝ ձգտելով փրկել կյանքեր, ապահովելով, որ մենք հավաքական ուժերով ավելի լավ պատրաստված լինենք հայտնաբերել նոր և ի հայտ եկող պաթոգեններով պայմանավորված հիվանդությունները և հաղորդել դրանց մասին, ինչպես նաև հաղթահարել մահացու բռնկումները,  ինչպես օրինակ COVID-19 բռննկումը:

Աջակցելով ՀՀ կառավարությանը COVID-19 բռնկման դեմ պայքարում՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն (ՊՎՆԳ) ավելի քան 26 000 ԱՄՆ դոլար արժողությամբ անհատական պաշտպանիչ միջոցներ է նվիրաբերել ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ):

ՊՎՆԳ-ն ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ ունի երկարամյա համագործացության պատմություն, որի շրջանակներում դասընթացներ են կազմակերպվել բժիշկ-կլինիցիստների և լաբորատոր մասնագետների համար, ինչպես նաև բարելավվել է հիվանդանոցի լաբորատորիայի անվտանգության համակարգը: ՊՎՆԳ-ն ամուր և հարատև համագործակցություն է ծավալել նաև ՀՀ ԱԻՆ-ի հետ, որի շրջանակներում ՊՎՆԳ-ն դասընթացներ է անցկացրել արտակարգ իրավիճակներին արձագանքողների համար և ապահովել  նրանց վտանգավոր նյութերով պայմանավորված միջադեպերին արձագանքելու համար անհրաժեշտ սարքավորումներով:

Բռնկման սկզբից ՀՀ ԱՆ «Նորք» հիվանդանոցն ուղղակիորեն ընդգրկված է եղել COVID-19 կորոնավիրուսով ախտորոշված հիվանդների բուժման գործընթացի մեջ, իսկ ՀՀ ԱԻՆ-ը, ախտահանելով հասարակական վայրերը, առանցքային դեր է ունեցել հիվանդության տարածման կանխարգելման գործում:

ՊՎՆԳ-ի երկու գործընկերներն էլ ունեցել են անհատական պաշտպանիչ միջոցների կարիք, և ՊՎՆԳ-ն նրանց օգնություն է ցուցաբերել` տրամադրելով ավելի քան 10 000 միավոր անհատական պաշտպանիչ միջոցներ և նյութեր, ներառյալ` KN95 դիմակներ, վիրաբուժական դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ, բժշկական գլխարկներ, ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ, ինչպես նաև ալկոհոլի և քլորի հիմքով մակերեսների ախտահանման նյութեր:

ՊՎՆԳ-ն իր պատրաստակամությունն է հայտնում ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՀՀ ԱԻՆ-ի հետ պահպանել համագործակցության բարձր մակարդակը և ակնկալում է շարունակական բեղմնավոր համագործակցություն իր գործընկերների հետ: