ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) Հայաստանում COVID-19 բռնկման առաջին օրվանից եղել է իր գործընկերների կողքին: Վարակի տարածման և օրեցօր աճող COVID-19 վարակվածության դեպքերի հետևանքով, ՀՀ կառավարությունը բախվեց երկրում լաբորատորիաների ամենօրյա հետազոտության կարողությունների հզորացման անհրաժեշտությանը: Ինչպես բազմաթիվ երկրներ, այնպես էլ Հայաստանը կանգնեց համաճարակի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող լաբորատոր սարքավորումների գնման խոչընդոտի առջև:
Պատրաստակամորեն արձագանքելով ՀՀ կառավարության խնդրանքին՝ ՊՎՆԳ-ն օգնել է գնել անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ, որոնք կօգնեն ուժեղացնել հետազոտության կարողությունները ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում (ՀՎԿԱԿ), որի հետ ՊՎՆԳ-ն ունի երկարամյա համագործակցություն:
ՊՎՆԳ-ի կողմից ՀՎԿԱԿ-ին նվիրաբերված լաբորատոր սարքավորումները ներառում են ավտոմատացված ԴՆԹ/ՌՆԹ էքստրակցիայի սարք իր սպառողական նյութերով, ինչպես նաև ռեագենտներ և լաբորատոր այլ պարագաներ, օրինակ՝ ցենտրիֆուգ, պիպետների էլեկտրական ֆիլեր, միկրոպիպետներ և այլն: Նվիրաբերված սարքավորումների, ռեագենտների և պարագաների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 72 000 ԱՄՆ դոլար:
Ի լրումն նվիրաբերված սարքավորումների, ՊՎՆԳ-ն իր ենթակապալառուի՝ Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ ընկերության, ինչպես նաև սարքավորումները մատակարարող ընկերության միջոցով ՀՎԿԱԿ-ի լաբորատոր անձնակազմի համար կազմակերպել է դասընթացներ՝ նվիրաբերված սարքավորումների օգտագործման, վավերացման և ստուգման վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպել է գործնական լաբորատոր դասընթացներ, որոնք սևեռված են COVID-19 հետազոտությունների վրա, ներառյալ՝ մոլեկուլային կենսաբանության և շճաբանության ոլորտներում հետազոտությունները:
ՊՎՆԳ-ն պատրաստակամ է պահպանել ՀՀ կառավարության հետ բազմաթիվ տարիների բարձր մակարդակի համագործակցությունը և ակնկալում է շարունակել բեղմնավոր համագործակցությունն իր գործընկերների հետ: