
Պաշտպանության դեպարտամենտի՝ Սպառնալիքների նվազեցման գործակալության կողմից իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակներում կայացավ Խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին հանրության իրազեկման տարածաշրջանային համագործակցային ծրագրի մեկնարկային սեմինարը: Եռօրյա սեմինարն անցկացվեց 2015թ. փետրվարի 3-5-ը Հայաթ Երևան հյուրանոցում: Մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Ուկրաինայից, ինչպես նաև Կենդանիների համաճարակաբանության ոլորտի փորձագետներ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից (FAO) և Շվեյցարական խորհրդատվական և կարողությունների զարգացման ընկերությունից (SAFOSO): Մեկ տարի տևողությամբ ծրագրի նպատակն է հանրային լրատվամիջոցների և կրթական ծրագրի միջոցով իրազեկել ֆերմերներին, որսորդներին և անասնաբույժներին, որոնք իրենց հերթին կապահովեն հանրության կողմից հիվանդության նշանների և ախտանշանների ճանաչումն ու հիվանդության տարածման կանխարգելումը:
Սեմինարի առաջին օրվա ընթացքում յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրեց կարճ պրեզենտացիա իրենց երկրում ԽԱԺ-ին առնչվող գործողությունների ներկայիս կարգավիճակի վերաբերյալ: Երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի՝ իրենց երկրներում իրականացվող հետազոտական նախագծերի, վերահսկման ծրագրերի, հսկողության համակարգերի առավելություններն ու թերությունները քննարկելու նպատակով: Այնուհետև երկրները ներկայացրեցին իրենց կողմից արձանագրված փաստերը, խթանելով ընդհանուր խնդիրների ու հնարավոր լուծումների շուրջ քննարկումներ: Մասնակիցները հավանության արժանացրեցին համատեղ տարածաշրջանային աշխատանքային խմբի ստեղծման գաղափարը՝ ծրագրում ընդգրկված չորս երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, երաշխավորելով համագործակցության պահպանումը մեկ տարի տևուղությամբ ծրագրի ավարտից հետո: Սեմինարը եզրափակվեց գալիք տարվա համար ռազմավարական ծրագրի ներկայացմամբ, որը ներառում էր ծրագրի նպատակներն ու ժամանակացույցները: Ծրագրի թիմերը նախատեսում են պլանավորված չորս տարածաշրջանային հանդիպումներից երկրորդն անցկացնել մարտի վերջում Ղազախստանում:
ԽԱԺ-ն առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է 2007թ.-ին և տարածվել դեպի 8 մարզերը: Նշված բռնկման ընթացքում խոզերի գլխաքանակը Հայաստանում կրճատվեց 40%-ով: 2008-2011թթ. գրանցվեցին լրացուցիչ փոքր բռնկումներ, որոնք ընդգրկեցին երկրի այլ շրջաններ ևս: