ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սկսել է գործել 1992թ.-ից` Երևանում ԱՄՆ դեսպանատան բացմամբ: Ներկայումս դեսպանության կազմում ներկայացված են ԱՄՆ պետքարտուղարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը, ԱՄՆ գանձապետարանը և ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը:
Իրականացնելով ԱՄՆ քաղաքականությունը` ԱՄՆ դեսպանությունն օժանդակում է Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացմանը` մարդասիրական օգնության, տեխնիկական օժանդակության, կրթական և զարգացման բազմաբնույթ ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում են դեսպանության կազմում ներկայացված կառույցների կողմից:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պատասխանատու է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև առօրյա շփումների ու հարաբերությունների ապահովման համար, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար: Հասարակայնության հետ կապերի գրասենյակը զբաղվում է տեղի ազգաբնակչությանը Միացյալ Նահանգների մասին տեղեկատվության ապահովմամբ, կրթական փոխանակումների իրականացմամբ, փոխգործակցությամբ և լրատվամիջոցներին ԱՄՆ քաղաքականության մասին տեղեկատվության ապահովմամբ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը օժանդակություն է ցուցաբերում` իր մարդասիրական, զարգացման և տեխնիկական օժանդակության ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում են մի շարք կապալառու կազմակերպությունների կողմից: Դեսպանության մյուս կառույցները ևս ներառված են տարաբնույթ աշխատանքներում` սկսած ՀՀ կենտրոնական բանկին տեխնիկական աջակցության ցուցաբերումից մինչև գյուղացիական տնտեսության վարման եղանակների մասին տեղեկությունների տրամադրում գյուղացիական տնտեսություններին: