- Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսի
- Փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթ
- Ստորաբաժանումներ և գրասենյակներ
- Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ
Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիրը մեկնարկել է 1994թ. և դեսպանությունների համար հանդիսանում է ճկուն մի մեխանիզմ, որով հնարավոր է աջակցել ժողովրդավարությանն ուղղված նախաձեռնություններին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում:
Յուրաքանչյուր դեսպանություն այն իրականացնում է Ժողովրդավարության հանձնաժողովի միջոցով, որի նախագահն է Դեսպանը, իսկ կազմում ներառված են հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավարը, երկրում աշխատող այլ պաշտոնյաներ և ԱՄՆ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Դրամաշնորհները նախևառաջ տրամադրվում են տեղական ՀԿ-ներին: Դրամաշնորհներն հատկացվում են մրցութային հիմունքներով կամ անհրաժեշտության վերաբերյալ հանձնաժողովի գնահատականի հիման վրա: Միջոցների հատկացման պատասխանատուն Հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավարն է կամ իրավասու դրամաշնորհային պաշտոնյան:
Դրամաշնորհի վերջնական տեխնիկական գնահատումն ու հաստատումը իրականացվում է Վաշինգտոնում: Տեխնիկական գնահատման նպատակն է ծրագրի պահանջների համապատասխանության ապահովումն ու ծախսերի նախահաշվի ընդունելիության ու թույլատրելիության ստուգումը:
Դրամաշնորհի դիմում ներկայացնելիս ու դրամաշնորհը հատկացնելիս դիտարկվում են հետևյալ նկատառումները.
Հանձնաժողովը կարող է մինչև 24000 ԱՄՆ դոլարի հասնող դրամաշնորհ տրամադրել Հայաստանի տեղական շահույթ չհետապնդող ՀԿ-ներին կամ լրատվամիջոցներին` ստորև թվարկվող ոլորտներում վերջիններիս նախաձեռնություններին օժանդակելու նպատակով.
- Քաղաքացիական հասարակության զարգացում
- Տեղեկատվության ազատ հոսք (այդ թվում օժանդակություն անկախ լրատվամիջոցներին)
- Պետական կառավարման թափանցիկություն
- Հանրության կրթում և շահերի պաշտպանություն
- Օրենքի գերակայություն և իրավական բարեփոխումներ
- Հակամարտությունների կարգավորում
- Մարդու իրավունքներ, ազգային և այլ փոքրամասնությունների իրավունքներ
- Քաղաքացիական կրթություն
Ամերիկյան և երրորդ երկրների կազմակերպություններն ու անհատներն այս ծրագրով դրամաշնորհ ստանալու իրավասություն չունեն: Դրամաշնորհները չեն կարող օգտագործվել կուսակցական քաղաքական աշխատանքների համար: Այնուհանդերձ, ընտրական իրազեկման կամ հանրային տեղեկատվության ոչ-կուսակցական ուղղվածության աշխատանքներ դրամաշնորհով կարող են իրականացվել:
Դրամաշնորհները չեն տրամադրվում երկարաժամկետ ենթակառուցվածքային այնպիսի կարիքների համար, որոնց ծախսածածկումը դրամաշնորհի սպառումից հետո ապահովված չէ: Աշխատավարձերն ու վարչական ծախսերը պետք է կապված լինեն դրամաշնորհին առնչվող կոնկրետ աշխատանքների հետ:
Ժողովրդավարության հանձնաժողովի միջոցները չեն կարող օգտագործվել միջազգային համաժողովների մասնակցության ճանապարհածախսեր հոգալու համար:
Ժողովրդավարության հանձնաժողովի միջոցները չեն կարող օգտագործվել բնակչությանն ուղղակի սոցիալական ծառայություններ մատուցելու համար:
Ժողովրդավարության հանձնաժողովի միջոցները չեն կարող օգտագործվել սննդի հետ կապված ծախսեր հոգալու համար: Եթե այլ միջոցներով այդ ծախսերն հնարավոր չէ ֆինանսավորել, ապա դա կարող է արվել միայն հստակ հիմնավորման դեպքում և պայմանով, որ այդ նպատակին ուղղվող միջոցները չպետք է գերազանցեն դրամաշնորհի ընդհանուր գումարի 10%-ը:
Նյութերի հրատարակման նպատակով դրամաշնորհի հայտ ներկայացնելիս անհրաժեշտ է նկարագրել ընթերցողների թիրախային խումբը, նյութերի բովանդակությունն ու թե ինչպես են դրանք բաշխվելու:
Գիտաժողովների/աշխատաժողովների կազմակերպման դեպքում անհրաժեշտ է նկարագրել մասնակիցների թիրախային խումբը, նյութերի բովանդակությունն ու ժամկետները:
Ժողովրդավարության հանձնաժողովը ժամանակ առ ժամանակ նիստեր է գումարում`քննության առնելու փոքր դրամաշնորհների համար ներկայացված հայտերը: Հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղ: