Ստորաբաժանումներ և գրասենյակներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակը զբաղվում է հանրային դիվանագիտության հարցերով, այդ թվում` լրատվամիջոցների հետ աշխատանք, կրթամշակութային ծրագրեր և տեղեկատվական ռեսուրսների կենտրոն: Մենք նաև Ամերիկյան անկյունների ծրագրի գործընկերն ենք:

Մամուլի և լրատվամիջոցների հետ աշխատանք

Մամուլի և լրատվամիջոցների հետ աշխատանքով զբաղվող բաժինը կապ է պահպանում տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների հետ, պատրաստում ու հրապարակում է մամուլի հաղորդագրություններ, կազմակերպում ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ տեղում աշխատող և այցելող ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, կոնգրեսի պատվիրակությունների և այլ պաշտոնական այցելուների մասնակցությամբ:

Այս բաժինը տեղական լրատվամիջոցներին ապահովում է ԱՄՆ քաղաքականության մասին տեղեկություններով, տարածում է America.gov կայքէջի առանձին հրապարակումներ, ինչպես նաև պատասխանում է լրատվամիջոցների հարցումներին: Լրատվական հարցումների համար գրեք YerevanUSPress@state.gov հասցեով։

Ընթացիկ հարցերի մասին, մասնավորապես` Եվրոպայի և Կովկասի վերաբերյալ լրաքաղ ստանալու համար կարող եք դիմել տեղեկատվական ռեսուրսների կենտրոնին` էլեկտրոնային փոստի ircyerevan@state.gov հասցեով:

Մոտ երկու տասնամյակ է, ինչ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` ղեկավարելով ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի մոտ երկու երրորդը: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը Հայաստանում զարգացում են ապրել` զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական  քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի:

ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների. սոցիալական ծառայությունների որակի բարելավման և քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով:

Առաքելությունն ունի ռազմավարական նպատակներ հինգ հիմնական ոլորտներում. մասնավոր սեկտորի աճ, էներգետիկայի ոլորտ, ժողովրդավարություն և կառավարում, առողջապահական և սոցիալական ոլորտներ, խաղաղություն և անվտանգություն/հարևան երկրների հետ հարաբերություններին առնչվող գործունեություն: Այս ոլորտներում  ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագիրը հավասարակշռում է մակրոմակարդակի բարեփոխումների և կայունության կարիքը Հայաստանի ժողովրդի կյանքի որակի բարելավման անմիջական պահանջների հետ:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունը  աշխատում է Հայաստանի ժողովրդի, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գործարարների, ինչպես նաև այլ դոնորների հետ: ԱՄՆ ՄԶԳ գործունեության և ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Առաքելության կայք` http://armenia.usaid.gov: