
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական Սպասարկման Կենտրոն (ԳՍԿ): Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում այգեգործության ոլորտի (այգիների աճեցում և կառավարում) զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացմանը, որը կայացավ ս.թ. հուլիսի 31-ին, մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, CARD հիմնադրամից և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, որն իրականացնում է USAID/PRP ծրագիրը:
Փոքր Վեդիի նոր կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Կենտրոնը հագեցած է լինելու հողի, ջրի և բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով։ Այն էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները Հայաստանի ֆերմերների ու գյուղական ՓՄՁ-ների համար։
Կենտրոնը կազմակերպելու է Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ՝ Արարատի մարզի 25 համայնքների մոտ 2,500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաև որպես գործնական սեմինարների անցկացման վայր՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:
Սա այգեգործական ուղղվածություն ունեցող արդեն երկրորդ կենտրոնն է՝ հիմնված ԱՄՆ ՄԶԳ-ի և գործընկերների համատեղ ջանքերով: Առաջին կենտրոնը հիմնվել է Արմավիրի մարզի Նորապատ համայնքում 2015 թ. մայիսին: USAID/PRP ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն կֆինանսավորի ևս երկու կենտրոնների հիմնումը Կոտայքի և Արագածոտնի մարզերում, որոնք կտրամադրեն անասնաբուժական ծառայություններ:
# # #
«Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2013 թ. օգոստոսին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Գլխավոր նպատակներն են՝ հզորացնել գյուղական համայնքները տնտեսական զարգացման հեռանկարով՝ օգնելով նրանց բացահայտելու տնտեսական արժեքների ստեղծման հնարավորությունները՝ հիմնված նրանց մրցակցային առավելությունների վրա, գործարար հմտություն հաղորդել, նպաստել վարկային և ֆինանսական միջոցների հասանելիությանը գյուղական համայնքների համար, օժանդակել համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը, համայնքներին զինել շրջակա միջավայրը պաշտպանելու համար անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով, կանանց և երիտասարդների համար ստեղծել աշխատատեղեր և գործարարությամբ զբաղվելու նոր հնարավորություններ: Ծրագիրն իրականացնում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը՝ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի (ԱԳԶԿ), Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի և «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հետ գործընկերությամբ:
USAID PRP ծրագրի հետ կապված հարցերի դեպքում կապվեք Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ:
Հեռախոս` (374 10) 541648, 563714, 583261
Էլ-փոստ` info@smednc.am