Դաշտային համաճարակաբանության ուսումնական ծրագիր

Field Epidemiology Training Program (FETP)

2021 թ․-ի մարտի 1-ին Հայաստանում մեկնարկեց Դաշտային համաճարակաբանության ուսումնական ծրագիրը։ Այն կազմակերպվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի (ԿՎՆԾ) շրջանակներում։ Դասընթացին բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Լ․Ավետիսյանը, ՀՀ կառավարության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար պրն․ Գ․ Ավետիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ՀՀ ԷՆ) Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի ղեկավար պրն․ Գ․ Հովհաննիսյանը։

Տասներկուշաբաթյա պիլոտային ծրագրի ուսումնական պլանը հիմնված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից մշակված դասընթացների վրա։ Կիրառելով «Մեկ առողջության» մոտեցումը, տարբեր ոլորտների մասնակիցները համագործակցելով բացահայտում են հատուկ վտանգավոր ախտածիններով հարուցված հիվանդությունները, արձագանքում նրանց և կանխարգելում։ Դաշտային համաճարակաբանության ուսումնական ծրագիրը հարմարեցվել է հայաստանյան շահառուների կարիքներին և հավատարմագրվել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։

ՀՀ ԱՆ-ը, ՀՀ ԷՆ-ը և ՍԱՏՄ-ը ներկայացնող 12 շրջանավարտների առաջին կոհորտն ավարտեց երեք լսարանային սեսիաներից և երկու գործնական մոդուլներից բաղկացած դասընթացը։ Այն դասավանդվել է ՊՎՆԳ կապալառու «Սի էյջ երկու էմ հիլ» ընկերության փորձագետների և ՀՎԿԱԿ-ի ու ՍԱՏՄ-ի հինգ հայ մասնագետների կողմից։ Վերջիններս Վրաստանում՝ Թբիլիսիում, գործող Հարավային Կովկասի դաշտային համաճարակաբանության և լաբորատոր դասընթացների ծրագրի շրջանավարտներն են։

Չնայած Հայաստանում առկա համաճարակային իրավիճակին, մասնակիցներն ավարտեցին դասընթացը` վերլուծելով մարդու և կենդանիների հիվանդությունների՝ բրուցելոզի, սիբիրախտի, կատաղության, լայմի, ինչպես նաև COVID-19-ի համաճարակաբանական հսկողության տվյալները հատուկ վերլուծական գործիքների կիրառմամբ, և իրականացրեցին բրուցելոզի և սիբիրախտի իրազեկվածության վերաբերյալ հարցումներ Արմավիրի շրջանում։

ԿՎՆ ծրագրի երկարաժամկետ նպատակն է ինստիտուցիոնալացնել Դաշտային համաճարակաբանության ուսումնական ծրագիրը, որը կկազմի հանրային առողջության և անասնաբուժական ոլորտի մասնագետների շարունակական կրթական ծրագրի մաս: