Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի անցկացմանը Երևանում

During Global Entrepreneurship Week, U.S. Embassy supports Career and Entrepreneurship Fair in Yerevan

Նշանավորելով Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության հովանու ներքո կազմակերպված կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառում, որը տեղի ունեցավ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառումն համակարգում էր ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանը: Տեղի ունեցան աշխատաժողովներ, քննարկումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ բիզնես ստարտափները, մեդիա գրագիտությունը, և ծրագրերի կառավարումը:

«Հայաստանում գտնվելու ընթացքում բացահայտել եմ հայ ժողովրդի ստեղծարար ու նորարար ոգին ու հիանում եմ դրանով: Հայաստանի տնտեսությունը աճի և դիվերսիֆիկացման մեծ ներուժ ունի, և այսօր այստեղ գտնվող երիտասարդ ձեռներեցն են, որ տարիների ընթացքում օգնելու են իրացնել այդ ներուժը», — ասաց գործերի հավատարմատար Ռ. Մասուրը:

Դեսպանության տնտեսական և քաղաքական հարցերով խորհրդական Ռայեն Քեմբլը որպես բանախոս մասնակցեց պատասխանատու բիզնեսի վերաբերյալ քննարկմանը: Մյուս բանախոսներն էին՝ «Կոնտուր Գլոբալի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանը, «Կոկա Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամպանի Արմենիայի» հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության գծով տնօրեն Էլինա Մարգարյանը, «Ջեյ Թի Այ Արմենիայի» ներկայացուցիչ Կարեն Գարասեֆերյանը և «Մենթոր Գրաֆիքս Դեվելոփմենտ Սերվիսիզի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Իրինա Դումանյանը:

«Պատասխանատու բիզնես վարքագիծն այժմ Հայաստանում առանձնակի կարևորություն ունի, քանզի Հայաստանը ձգտում է դառնալ առավել գրավիչ միջազգային ներդրողների համար, ձգտում է տեղում պահել իր առաջնակարգ կադրերին և աշխատում է կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Հայկական ընկերությունները, եթե կամենան, կարող են օրինակ ծառայել մյուսներին՝ օգնելով հասնել այս նպատակներին և դառնալ միջազգային մրցավազքի առաջատարներից», — ասաց Ռայեն Քեմբլը:

Տոնավաճառին ներկայացել էին այս պահին թափուր տեղեր ունեցող ընկերություններ, որոնք ակնկալում էին այս միջոցառման շնորհիվ հայաստանյան լավագույն կադրերով համալրել առկա ավելի քան 200 տեղերը՝ աշխատատեղեր, պրակտիկայի և հասարակական/կամավորական աշխատանքի հնարավորություններ: Անցած տարվա տոնավաճառի արդյունքները ոգևորիչ էին. 14 ընկերությունների ունեցած 88 թափուր տեղերի համալրման համար ստացվեց 405 դիմում, իսկ առաջադրվող պահանջներին բավարարող դիմողների 41 տոկոսը տեղավորվեց աշխատանքի:

Աշխատանքի և ձեռներեցության շաբաթը ԱՄՆ դեսպանության կողմից Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում Հայաստանում կազմակերպված առաջատար ծրագիրն է: Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթն ընթանում է նոյեմբերի 12-18-ը աշխարհի շատ ու շատ վայրերում և նպատակ ունի խրախուսել ինքնուրույն առաջին քայլերը ձեռնարկած նորարարներին և կապեր ստեղծել հնարավոր ձեռներեցների ու նրանց հետ համագործակցել ցանկացող անձանց, մենթորների և ներդրողների միջև: Նախաձեռնությունը մեկնարկել է 2008թ.-ին և շուրջ 170 երկրներում կազմակերպված հազարավոր միջոցառումների շնորհիվ, որոնց մասնակցել են միլիոնավոր մարդիկ, իր ներդրումն է ունեցել աշխարհում ձեռնարկատիրության խթանման գործում: