Դեսպան Միլսի ելույթը
Հայ-ամերիկյան առևտրային պալատում
երեքշաբթի, 9 հոկտեմբերի, 2018
Այս երեկոն մի տեսակ հուզախառն է ինձ համար: Ուրախ եմ, որ կրկին Հայ-ամերիկյան առևտրի պալատի հրավերով այստեղ եմ գտնվում, բայց սա վերջին անգամն է, քանի որ Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու իմ ժամկետը հապշտապ մոտենում է իր ավարտին:
Մեկնելուց առաջ մշտապես կա գայթակղություն անդրադարձ կատարել անցյալին ու կարոտով հետ նայել: Բայց այսօր, երբ Հայաստանն իրավամբ սևեռված է դեպի իր ապագան, ես չեմ ուզում շատ ժամանակ ծախսել անցյալի վրա:
Բայց մինչ հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին իմ նկատառումները ներկայացնելը ուզում եմ ձեզ հիշեցնել այն չորս գերակայությունները, որ իմ պաշտոնավարման առաջին տարում ես սահմանեցի որպես ԱՄՆ դեսպանության գործունեության ուղենիշ իմ պաշտոնավարման շրջանի համար:
Լավ բյուրոկրատն իր աշխատանքի վերաբերյալ հանրային գնահատական ստանալու ռիսկից կփորձի հնարավորինս խուսափել, սակայն Հայաստանից մեկնելուց առաջ ես ուզում եմ ներկայացնել այդ գերակայությունների մասով քայլերն ու ձեռքբերումները:
Ձեզնից ոմանք կմտաբերեն, որ այդ գերակայությունները ներկայացրեցի ՀԱԱՊ-ում իմ առաջին ելույթի ժամանակ, իսկ դրանք ձևավորելու համար ես ամիսներ շարունակ լսել էի հայաստանյան պաշտոնյաների, գործարար համայնքի՝ այդ թվում ՀԱԱՊ-ի, ամերիկահայ սփյուռքի, և երկրի տարբեր տարիքի շարքային քաղաքացիների նկատառումները: Ընդ որում, վերջիններիս ես առիթ էի ունեցել հանդիպել այս հոյակապ երկրում շրջագայելիս:
Այս չորս գերակայություններով սահմանվեց այն շրջանակը, որով ընդլայնվելու ու խորացվելու էին մեր կապերը Հայաստանի կառավարության, գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության և ժողովրդի հետ:
=======
Սկսեմ իմ երկու գերակայություններից, որոնք վերջին տարվա ընթացքում միախառնվեցին ապրիլ-մայիս ամիսների իշխանության խաղաղ անցման հետ. առաջինը՝ Հայաստանի հետ գործակցությունն էր կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ երկրորդը՝ ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հզորացումը Հայաստանում:
Թուլ տվեք ասել, որ ես պայծառատես չեմ: Չնայած սոցիալական հարթակներում հնչող կարծիքներին ո՛չ ես, և ո՛չ էլ դեսպանատան անձնակազմը չէինք կանխատեսել ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները: Բայց ես խոսում էի մարդկանց հետ Հայաստանի տարբեր մասերում և գիտեի, որ երկրում կա վրդովմունքի ահագնացող զգացում: Մարդիկ հուսախաբված էին քաղաքական համակարգից, որը նրանց կարծիքով ականջալուր չէր ժողովրդի կամքին և թույլ էր տալիս, որ կոռուպցիան վտանգի ժողովրդավարական ու տնտեսական առաջընթացը երկրում:
Օդում զգացվում էր փոփոխություն կատարելու հետզհետե ահագնացող հանրային պահանջ: Եվ մենք էլ ձեզնից յուրաքանչյուրի նման դա տեսնում էինք և, անգամ եթե խոստովանեմ, որ մենք սկզբնապես «Իմ քայլը» շարժումը չէինք դիտարկում որպես փոփոխության շարժիչ ուժ, փոփոխությունն այնուհանդերձ անխուսափելի էր: Եվ ահա այս զգացման մասին ես անընդհատ լսում էի Հայաստանի քաղաքացիներից, որն էլ ինձ հիմք էր տալիս մշտապես բարձրաձայնել կոռուպցիայի խնդիրը և հիմք էր տալիս դեսպանատանը, օգնել հայաստանյան այն ձայներին, խմբերին, նախկին կառավարության այն գործիչներին, ովքեր ուզում էին հասարակությունը դարձնել ավելի արդարացի ու ավելի թափանցիկ:
Ու թեպետ ես չէի կարող կանխատեսել, թե այդ անցումը երբ կլիներ, սակայն փոփոխության սերմերն արդեն իսկ տեսնում էի և ուրախ եմ, որ այդ սերմերը ծլարձակեցին՝ դառնալով նոր ու զարգացող Հայաստան, որը երկրի ապագայի մասին հույսերով է տոգորել այսքան շատ հայերի:
Կուզենայի կարծել, որ ինչ-որ տեղ այս սերմերի ծլարձակման ու արմատներ տալու և այս գարնան խաղաղ իրադարձություններով պսակվելու հարցում իր դերակատարումն է ունեցել վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ կառավարության ու դեսպանության աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարող և Հայաստանն ավելի արդարացի վայր դարձնելու ձգտող հայաստանյան խմբերին ու պետական պաշտոնյաներին: Կարող եք վստահ լինել, որ այդ շարժման առաջնորդողներն ու շարժիչ ուժը եղել են հայերը, չնայած սոցիալական հարթակներում ու որոշ օտարերկրյա լրատվամիջոցներում տեսնում ենք այլ մեկնաբանություններ: Հաջողությունը հայ ժողովրդինն է և շարժման ակունքներում գտնվողներինը, ովքեր այն մեկնարկեցին ապրիլ-մայիս ամիսներին: Իսկ այժմ նրանք պատասխանատու են հետագա հաջողության ապահովման համար: Նրանք, ովքեր արտաքին ազդեցության կամ դավադրության փաստարկներ են հնչեցնում, նրանք ուղղակի ժխտում են իր ճանապարհը հարթելու հայ ժողովրդի կամքն ու ուժը:
Ես հասկացել եմ, որ փոփոխություններ կատարելու և իր ուզածին հասնելու հայ ժողովրդի ուժին կասկածելը երբևէ տեղին չի եղել:
Հայաստանի կառավարությունը դիմել է մեզ աջակցելու կոռուպցիայի դեմ իր պայքարում՝ կոռուպցիոն գործերի քննության, գողացված ակտիվները գտնելու քրեական հետապնդումների միջոցով գողացված ակտիվները վերադարձնելու հարցերում իրավական աջակցություն ապահովելու միջոցով: Եվ մենք դա անում ենք: Մենք նաև միասին հետամուտ ենք գտնելու ստեղծարար ուղիներ Հայաստանի կառավարությունը ապահովելու խորհրդատվություն քաղաքականության բարեփոխումների շուրջ, մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև Դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով:
Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին՝ կատարելու կայուն ինստիտուցիոնալ փոփոխություններ արդարադատության ու իրավապահ ոլորտներում, որոնք կօգնեն ապահովել մի այնպիսի Հայաստան, որը զերծ է ներդրումներին ու տնտեսական աճին խոչընդոտող կոռուպցիայից:
=========
Այժմ ես գալիս եմ իմ հաջորդ գերակայությանը, որն այսօր գտնվելով այստեղ՝ Հայ-ամերիկյան առևտրային պալատի հետ, չեմ կարող մեկ անգամ ևս չշեշտել, դա է. խորացնել առևտրային ու գործարար կապերը մեր երկրների միջև՝ նպաստելով Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներին: Անչափ ուրախ եմ, որ այս ճակատում Դեսպանությունը զգալի առաջընթաց է գրանցել՝ հաճախ աշխատելով ՀԱԱՊ-ի հետ, որի ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրաներդրումային կապերը խորացնելու մեր ընդհանուր նպատակի կենսագործման ճանապարհին անգնահատելի են եղել:
Հատկապես ուզում ողջունել ՀԱԱՊ-ի աշխատանքը «Պատասխանատու գործարար ցանց» նախագծի շուրջ, որը Եվրոպայում ամերիկյան առևտրային պալատների կողմից առաջադրվել է Ստեղծարար ցանցի մրցանակի:
Իմ պաշտոնավարման շրջանում ԱՄՆ դեսպանությունն աջակցել է բազմաթիվ՝ մեծ ու փոքր նոր ամերիկյան ներդրումների Հայաստանում, և մենք նաև նպաստել ենք Հայաստանում Միացյալ Նահանգների հետ գործընկերության նոր հնարավորությունների ձևավորմանը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Վերջին տարիներին մենք Միացյալ Նահանգներից կատարվող հարյուր միլիոնավոր դոլարների ներդրման ականատեսն ենք դարձել, ինչը հստակ փաստում է Հայաստանի և վերջինիս ապագայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Ես օրինակ հպարտանում եմ, որ աջակցել ենք Կոնտուր Գլոբալին, որը ներդնում է 250 միլիոն ԱՄՆ դոլար Որոտանի հիդրոէլեկտրակայանի վերակառուցման նպատակով:
Այս ներդրումը շարունակում է աշխատատեղեր ստեղծել և նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը: ԱՄՆ-ից հյուրանոցային ու հյուրընկալության ոլորտի մի շարք խոշոր անուններ շարունակում են ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում, որն օգնում է զբոսաշրջային արդյունաբերության զարգացմանը երկրում: Ես և իմ գործընկերները նաև առիթներ ենք ստեղծել գործարար դաշտի և կառավարության ներկայացուցիչների հանդիպումների համար՝ քննարկելու ԱՄՆ բիզնեսի և կառավարության ներկայացուցիչների հետ այնպիսի կարևոր թեմաներ ինչպիսիք են՝ պատասխանատու հանքարդյունաբերական ոլորտի ապահովումը Հայաստանում, ամերիկյան ընկերությունների համար Հայաստանում ֆրենչայզինգի հնարավորությունների ստեղծումը և ամերիկյան առաջնակարգ տեխնոլոգիաների կիրառումը՝ երկրի գյուղատնտեսության զարգացման նպատակով:
ԱՄՆ ՄԶԳ-ի «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրով մենք նոր կյանք են տալիս գյուղական համայնքներին և ստեղծում հավելյալ եկամուտներ հայկական ընտանիքների համար:
Օգոստոսին Հայաստանում ամերիկյան ներդրումները խթանելու նպատակով Երևան էր ժամանել ԱՄՆ կառավարության Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը: Մենք օգնեցինք գործարկել «Գազել ֆինանս» հիմնադրամը, որը բիզնես խորհրդատվություն է ապահովում Հայաստանի փոքր ու արագ տեմպերով աճող և գազել անվանումը ստացած ընկերություններին և ապահովում է բիզնեսն ընդլայնելու ու աշխատատեղեր ստեղծելու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ, որոնք հաճախ դժվար հասանելի են լինում այդ ընկերությունների համար:
Եվ անշուշտ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր երկկողմ համագործակցության խորացմանը Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո, որը ստորագրվեց իմ պաշտոնավարման 1-ին տարվա ընթացքում: Համաձայնագիրը շարունակում է մնալ կենսականորեն կարևոր գործիք մեր երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ընդլայնման հարցերը դիտարկելիս:
Այս օրինակները և բազմաթիվ այլ օրինակներ խոսում են մեր տնտեսական հարաբերությունների ամրության մասին և այստեղ առկա ապագա մեծ ներուժի մասին, եթե շարունակենք ուշադրության կենտրոնում պահել մեր փոխադարձ շահերն ու եթե Հայաստանի կառավարությունն ապահովի կայուն ու կանոնների հիման վրա գործող գործարար միջավայր, որտեղ հայկական և ամերիկյան ընկերությունները կարող են տնտեսավարել: Այս հարցին փոքր-ինչ հետո կրկին անդրադարձ կկատարեմ:
==========
Իմ վերջին գերակայությունը որպես դեսպան ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ հայկական լսարանի հետ հաղորդակցության բարելավումն էր: Գնահատելու առումով թերևս սա ամենադժվարն է, բայց սա չի զիջում իր կարևորությամբ: Փոխադարձ ընկալման ձևավորումը հայերի ու ամերիկացիների միջև հույժ կարևոր է երկկողմ հարաբերությունների խորացման համար: Վերջին երեք տարիների ընթացքում ես նպատակային շրջագայում էի Հայաստանում և խոսում տարբեր խմբերի հետ՝ սկսած դպրոցականներից մինչև պետական պաշտոնյաներ:
Ես հորդորել եմ նաև դեսպանատան իմ թիմին այդպես վարվել, և նրանք դա արել են: Անցած տարի մեր անձնակազմի հայ և ամերիկացի աշխատակիցներն ի նշանավորումն Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանի անցան ողջ երկրով՝ հանդիպումներ ունենալով ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի շահառուների հետ Գյումրուց ու Վանաձորից մինչև Մեղրի ու Կապան: Նրանց այցով ընդգծվում էր հայ ժողովրդի հետ մեր գործընկերությունը և ԱՄՆ աջակցության ազդեցությունը Հայաստանում՝ նշելով թե՛ դրականը, թե՛ բացասականը և լսելով հայերի գաղափարներն այն մասին, թե ինչ դեր կարող է ունենալ Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի հետագա զարգացման հարցում: Գաղափարներ, որ մենք լսել ու հաշվի ենք առել թե՛ այստեղ՝ Դեսպանությունում, և թե՛ Վաշինգտոնում:
Մենք քաղաքականության հարցերին անդրադարձ ենք կատարել նաև մեր հինգ Ամերիկյան անկյուններում, որտեղ անցած տարվա ընթացքում ամերիկյան արտաքին քաղաքականությանը ծանոթանալու ու իրենց կարծիքները հայտնելու նպատակով այցելել են ավելի քան 70.000 հոգի:
Օգնել են արդյո՞ք այս ջանքերը, որպեսզի Միացյալ Նահանգներն ավելի հասկացված լինի Հայաստանում: Այժմ գնահատական տալ չեմ կարող, և, բացի այդ, սա երկարաժամկետ աշխատանք է, բայց երբ ես խոսում եմ Հայաստանի դպրոցականների, ուսանողների, գործարարների, լրագրողների հետ, երևում է, որ տարածաշրջանում ու աշխարհում ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին պատկերացումները առավել հստակ են: Ես նաև լսում եմ կարծիքներ, որով մտահոգություն են հայտնում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ ու խոսում են այն մասին, թե աշխարհում ինչպիսի դեր են տեսնում Հայաստանի համար: Կարծում եմ սա դրական ու ուրախալի զարգացում է մեր հարաբերություններում:
===============
Ես հպարտ եմ վերջին երեք տարիների ձեռքբերումներով, որ ունեցել է ԱՄՆ դեսպանությունը՝ աշխատելով հայ ժողովրդի հետ կողք-կողքի: Բայց ես, ու նաև նոր դեսպանը հասկանում ենք, որ չպետք է թույլ տանք, որ անցյալի ձեռքբերումներով ոգևորված մենք մոռանանք այն, ինչ դեռ պետք է արվի:
Վերջին վեց ամիսներին Հայաստանում նկատելի ուշագրավ փոփոխություններ են եղել: Իմացեք, որ մինչ երկիրը կերտում է զարգացման ու ժողովրդավարական իր իսկ ուղին, Միացյալ Նահանգները որպես կայուն գործընկեր ու բարեկամ գտնվում է ձեր կողքին. Սա այն ուղերձն է, որով նոր դեսպանը Վաշինգտոնից կժամանի Հայաստան: Այժմ, երբ հայ ժողովուրդը հստակ հայտնել է փոփոխության իր պահանջը, առջևում սպասվում է եռանդագին աշխատանք միտված խաղաղ ու մնայուն անցման հաջող ապահովմանը: Նայելով առաջ՝ ուզում եմ նշել, թե Միացյալ Նահանգների կառավարությունը ինչն է համարում խաղաղ անցման հաջողություն:
Կարծում եմ այդ գնահատման շրջանակը կկառուցվի իմ պաշտոնավարման շրջանի գերակայությունների շուրջ: Հաջող անցումը կապահովի շարունակական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում:
Հաջող անցումը կապահովի բազմակուսակցական խորհրդարան, որը ձևավորվել է վստահարժան ընտրությունների արդյունքում, կա լոյալ ընդդիմություն և հասարակության անունից գործելու հստակ մանդատ: Հաջող անցումը հնարավորություններ կստեղծի տնտեսության տարբեր ոլորտներում և կստեղծվեն աշխատատեղեր Հայաստանի այս և հետագա սերունդների համար: Հաջող անցումը նաև կնպաստի ներառական, բաց տնտեսության կայացմանը, որն արտասահմանյան և հայկական բիզնեսներին ու ընկերություններին վստահություն կներշնչի Հայաստանում ներդրումներ կատարելու ու իրենց բիզնեսը Հայաստանում զարգացնելու հարցերում:
Որպես Հայաստանի բարեկամ թույլ տվեք հաջող անցման այս բնութագրիչներից յուրաքանչյուրի մասին հայտնել իմ կարծիքը: Սկսեմ Հայաստանի տնտեսությունից: Վերջին տարիներին շատ ռեսուրսներ ու մեծ ուշադրություն է եղել ՏՏ ոլորտի զարգացման հարցում, որտեղ Միացյալ Նահանգները առաջատար դեր է ունեցել և հպարտ է դրանով: Ինչպես ներկաներից շատերը գիտեն, 2007թ.-ից սկսած աշխատելով ամերիկյան այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են ԱյԲիԷմ-ը, Մայքրոսոֆթը, Նեշընըլ Ինսթրումենթսը, և Սան Մայքրոսիսթեմզը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ներդրել է 7.6 միլիոն ԱՄՆ դոլար և նպաստել 11.1 միլիոն ԱՄՆ դոլար մասնավոր և պետական ներդրումների կատարմանը Հայաստանի ՏՀՏ ոլորտում:
Եթե, առաջ շարժվելով, Հայաստանն իրապես ցանկանում է ձևավորել այնպիսի տնտեսություն, որտեղ հնարավորություններ կան Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, ստեղծել աշխատատեղեր, որոնց կարիքն այսօր կա, կասեցնել այլ երկրներում աշխատանք փնտրող քաղաքացիների մեծածավալ միգրացիան, ապա ՏՏ ոլորտի զարգացումը դա լուծման սոսկ մի մասն է: Անշուշտ, պետք է տոնել Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի վերելքը, սակայն Հայաստանի կառավարությունն ու միջազգային հարթակում Հայաստանի բարեկամները չեն կարող անտեսել բազմազան և աշխույժ տնտեսություն զարգացնելու կարևորությունը, ինչը աշխատատեղեր ու հնարավորություններ կստեղծի ի բարօրություն Երևանի, մյուս քաղաքների և գյուղական բնակավայրերի:
Այդպիսի տնտեսության համար պայմանների ձևավորումը պահանջում է հաշվի առնել ներկայիս իրողությունները ու կատարել պահանջվող եռանդուն աշխատանքը: Կարծում եմ իրողություն է այն, որ ՏՏ ոլորտի աճը կարևոր է, բայց այդ ոլորտը չի կարող ապահովել այն աշխատատեղերը, որ պահանջվում են այսօր Հայաստանում: Դա է պատճառը, որ Դեսպանությունը համոզմունք ունի, որ կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում պետք է հավասարապես ուշադրություն դարձնել նաև Հայաստանի տնտեսության աշխատատեղեր ստեղծելու իրական ներուժ ունեցող պակաս «շքեղ» ոլորտներին, մասնավորապես՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսական արտահանումներ, հանքարդյունաբերություն, մաքուր էներգետիկա և թեթև արդյունաբերություն: Ես լսում եմ ազդակներ, որ կառավարությունը ՏՏ և հարակից բարձր տեխնոլոգիաների ոլորտը դիտարկում է կառավարութան սուղ ռեսուրսները ուղղորդելու հիմնական ուղղությունը, ինչը մտահոգիչ է ինձ համար: Ես տեղյակ եմ, որ այս պատճառով կրճատվել են գինեգործության, զբոսաշրջության և հանքարդյունաբերության ոլորտներին ուղղվող միջոցները:
Անշուշտ, Հայաստանն ինքն է որոշում, թե տնտեսության որ ճյուղերն է զարգացնելու, սակայն ուզում եմ հորդորել, որ ուշադրությունից դուրս չմնա տնտեսության բազմազանության ապահովման հարցը, որպեսզի տնտեսությունը օգուտներ ստանա տարբեր ոլորտների կայունության հաշվին և կարողանա աշխատատեղեր ստեղծել ամբողջ երկրով մեկ: Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Հայաստանի աշխատուժի համար նման տնտեսության ձևավորմանը:
Հայաստանի տնտեսության պարագայում դժվար, բայց միաժամանակ անհրաժեշտ անելիքները ներառում են ներքին մրցակցության ամրապնդումը, կանոնակարգիչ բարեփոխումների առաջընթացը և մասնավոր հատվածի զարգացման խթանումը: Խիստ կարևոր է, որ Հայաստանը հաղթահարի տնտեսության կառուցվածքային խոչընդոտները, ինչպիսին է օրինակ՝ միջազգային սեփականության իրավունքների թույլ պաշտպանությունը:
Հայաստանի պատմության այս կարևոր պահին, երբ շատ ու շատ ներդրողներ ու ընկերություններ ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո նորովի են դիտարկում Հայաստանում տնտեսավարելու հնարավորությունները, խիստ կարևոր է, որ Կառավարությունը ներդրողների համայնքին ճիշտ ազդակներ ուղարկի: Ազդակներ այն մասին, որ գիտակցվում է հետևողական ու կանոնների վրա հիմնված բիզնես միջավայրի անհրաժեշտությունը, որտեղ ներդրողները գիտեն, որ ի դեմս կառավարության ունեն գործընկեր, որը բարեխղճորեն կկարգավորի վեճերը:
Դա է պատճառը, որ ես մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի և վերջինիս ինստիտուցիոնալ ներդրող Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության հետ կապված ներկայիս իրավիճակով: Սա եզակի անգլո-ամերիկյան ներդրում է Հայաստանում, որին այստեղ գտնվելու իմ ժամանակաշրջանում ես ուշադրությամբ հետևել եմ: Թվերը դուք բոլորդ գիտեք. շուրջ կես միլիարդ ներդրում, որ 100-ավոր աշխատատեղեր է ստեղծել, արդեն իսկ զգալի տնտեսական օգուտներ է ապահովել շրջակա համայնքներին, իսկ երբ այն լիարժեք գործել սկսի, հավակնում է դառնալ Հայաստանի խոշորագույն հարկատուն: Բայց այստեղ աշխատանքները ամբողջովին կանգնեցվել են, արդեն շուրջ 4 ամիս, թեպետ չկան ապացույցներ առ այն, որ եղել են Հայաստանի բնապահպանական օրենքների խախտումներ կամ ծրագրի հետ կապված կոռուպցիոն դրսևորումներ: Ամուլսարի հարյուրավոր աշխատողներ մնացել են աշխատանքից դուրս:
Ես հասկանում եմ անկեղծ ու տեղին մտահոգությունները, որ շատ մարդիկ ունեն, հատկապես հաշվի առնելով այս երկրի հանքարդյունաբերության պատմությունը: Ցանկացած կառավարություն պետք է լսի այդ մտահոգությունները և գովելի է, որ այս Կառավարությունը լսում է այդ մտահոգությունները:
Եթե Կառավարությունը միջոցներ ձեռնարկի բնապահպանական վնասի կամ կոռուպցիայի հետ կապված բացահայտումների հիման վրա, Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարը դիտարկող ներդրողները դա կհասկանան, բայց վախենում եմ, որ նրանք չեն հասկանա, թե ինչու է Կառավարությունը թույլ տալիս, որ անկեղծ մղումներով ցուցարարների մի փոքր խումբ փակի Լիդիանի հանքն այն պարագայում, երբ չկա որևէ իրավական որոշում: Հատկապես հիմա հանքի փակումը վաղաժամ է, քանի որ այնտեղ դեռևս արդյունահանում չի էլ սկսված, այլ ընթանում են նախնական շինարարական աշխատանքները:
Որպես Հայաստանի բարեկամ ես վախենում եմ, որ եթե հարցը արագ չկարգավորվի, ապա դա կարող է մեծ ամպի նման կախվել բիզնեսի համար Հայաստանի ունեցած գրավչության վրա: Ես գիտեմ, որ վարչապետ Փաշինյանը և նրա խորհրդատուները հասկանում եմ իմ մտահոգությունը և ջանում են լուծում գտնել՝ հավասարակշելով մրցակցող շահերը:
Հորդորում եմ դա արագ անել և այնպես, որ ծրագրի ապագայի հետ կապված հարցը կարգավորվի իրավունքի գերակայության հիման վրա:
Վստահ եմ, որ Լիդիանի հարցերի նման խնդիրները արագ և արդարացի լուծելու պարագայում Հայաստանը կընթանա առաջընթացի ճանապարհով և այդ ճանապարհին կարժանանա ԱՄՆ և օտարերկրյա այլ ներդրողների ուշադրությանը, որոնք կապահովեն կապիտալ և իմացություն, որ անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությունը համար:
Անցման հաջողությունը գնահատելու մյուս միջոցը կոռուպցիայի դեմ հետագա առաջընթացն է: Թույլ տվեք ողջունել Կառավարության ու Հայաստանի ժողովրդի վերջին մի քանի ամիսների կոշտ ու կոնկրետ քայլերը գնալու իրավախախտների հետևից ու հղելու ուղերձներ, որ կոռուպցիան այլևս չի կարող հանդուրժվել: Ուրախ եմ, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները՝ կառավարությունում և կառավարությունից դուրս, գիտակցում են, որ բիզնեսի համար իրապես բաց Հայաստանում տեղ չկա կոռուպցիայի համար:
Կոռուպցիան արմատախիլ անելը պահանջում է, որ դա արվի հարգելով իրավունքի գերակայությունը և իրականացնելով թե՛ քրեական հետապնդումներ, թե՛ համակարգային փոփոխություններ: Դա կպահանջի առաջնորդների հաշվետվողականություն և անկախ դատարանների ստեղծում և ամուր հաստատություններ: Սա նաև պահանջում է, որ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր քաղաքացի իր շրջապատում կոռուպցիայի հանդեպ լինի շատ աչալուրջ, չդառնա դրա մասնակից, իսկ նկատելիս՝ մատնացույց անի դա:
Այս մասով ես լավատեսորեն եմ տրամադրված. Հայաստանի քաղաքացիները չեն ուզում ապրել կոռումպացված հասարակությունում: Դա շատ բարձր ու հստակ լսել եմ ես: Նրանք ուզում են ապրել երկրում, որտեղ կանոնները հստակ են, որտեղ դրանք նույնն են բոլորի համար: Մենք սա տեսանք այս տարի ապրիլ-մայիս ամիսներին և կրկին մի քանի շաբաթ առաջ Երևանի ավագանու ընտրություններում, որոնք մեծապես անցան հարգալի, հանգիստ, ազատ և արդար կերպով: Հասարակությունը վստահություն ուներ արդյունքների նկատմամբ, իսկ կուսակցությունները շնորհավորեցին հաղթողներն և փաստեցին, որ ընտրությունները արդար էին:
Այս վերաբերմունքն ու տրամադրվածությունը պետք է աճի և ամրապնդվի և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի:
Հաջող անցման համար նաև կարևոր է քաղաքացիական հասարակության և ազատ մամուլի մասով Հայաստանի շարունակական հանձնառությունը: Խիստ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը հաստատությունների, կառավարության նկատմամբ իր հսկիչ գործառույթը շարունակի իրականացնել՝ ապահովելով կառուցողական ու գործնական գաղափարներ, որոնք բանավեճ ու առաջընթաց կձևավորեն: Բաց և ներառական քաղաքացիական երկխոսությունն իրական ժողովրդավարության համար առանցքային է: Քաղհասարակության ու ԶԼՄ-ների իմ բարեկամներին ես ասում եմ՝ շարունակեք լինել զգոն և մի թուլացեք: Անցումնային շրջանում հաճախ է լինում, որ տարիներ շարունակ կառավարության կողմից քարկոծվելուց ու քննադատվելուց հետո նոր կառավարության պարագայում քաղհասարակությունը հայտնվում է մի իրավիճակում, երբ իր ջանքերը ողջունելի են կառավարության կողմից և ոմանք անգամ հրավեր են ստանում համալրել կառավարության անդամների շարքերը:
Լիովին հասկանալի ու մարդկային է, որ ձեր ընկերների հանդեպ «մեղմություն» հանդես բերեք, սակայն դիմադրեք այդ ցանկությանը, քանի որ հիմա առավել քան երբևէ ձեր ձայնն անհրաժեշտ է հաշվետվողականության ապահովման և բազմազան կարծիքների տիրույթի ընդլայնման համար՝ լինի դա Հայաստանում, թե ցանկացած այլ հետանցումնային երկրում:
Այժմ երբ Հայաստանը նավարկում է այս անցումնային շրջանում, ձգտելով ամրապնդել գործարար միջավայրը, ապահովել շարունակական հաջողություններ կոռուպցիոն մշակույթի դեմ պայքարում, ապահովել ամուր քաղաքացիական հասարակության ու ազատ մամուլ, Միացյալ Նահանգները կշարունակի օգնել, որպեսզի դուք անցնեք այս ճանապարհը:
Ըստ էության, այս երեկո ես հպարտությամբ ուզում եմ հայտնել, որ առաջիկա տարում Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանին կավելանա:
Օրերս Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի քան 14 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում տրամադրեց քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնությունների համար, դրանով իսկ եկող տարվա Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության չափը դարձնելով 26 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 20 միլիոնով ավել է սկզբնական հայտում ներկայացված գումարից:
Այս միջոցները կուղղվեն կոռուպցիայի եմ պայքարին, քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հզորացմանը: Այս միջոցները նաև կուղղվեն ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակներին՝ առևտրի և ներդրումների հեռանկարների մեծացմանը հայկական և ամերիկյան ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ ոլորտի բարեփոխումներին և Հայաստանի ՏՏ արդյունաբերությանը:
Սա Միացյալ Նահանգերի կառավարության կողմից հրապարակային հայտարարություն է առ այն, որ մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը երկրի պատմության այս նոր գլխին անցում կատարելու ջանքերում, որոնք այս պահին ընթացքի մեջ են:
=============
Խոսքս ուզում եմ ավարտել հայտնելով իմ անձնական գոհունակությունը, որ զգում եմ տեսնելով թե ինչպես է Հայաստանը միջազգային հարթակներում վերածվում առավել տեսանելի խաղացողի: Սիրիացի փախստակաների ճգնաժամի մարդասիրական արձագանքի վերաբերյալ գագաթնաժողովից մինչև շարունակական պայքար քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների համար, Ժնևում ցեղասպանությունների կանխարգելման աշխատանքներից մինչև մասնակցություն խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում, գործակցություն ՆԱՏՕ-ի հետ և համագործակցություն ՄԱԿ-ի դաշնակիցների հետ. ես և Միացյալ Նահանգների կառավարությունը ուրախ ենք աշխարհի համար այսքան կարևոր հարցերում Հայաստանին տեսնել սեղանի շուրջ նստած: Այո, Հայաստանի ձայնը պետք է լսելի լինի գլոբալ հարթակներում:
Այս մեծ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, գլոբալ հարցերում Հայաստանի մեծացող դերը զուգորդված է նաև մարտահրավերներով: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որն առաջ է գալիս իր դիրքորոշումը հայտնելու, Հայաստանի ցանկացած կառավարություն պետք է դժվարին որոշումներ կայացնի, դժվար դիրքորոշումներ հայտնի, երբ միջազգային հանրության անդամները դրսևորում են գլոբալ նորմերին ու Հայաստանի արժեքներին հակասող վարքագիծ: Դա հեշտ չէ, դա հաճախ պահանջելու է հավասարակշել անմիջական ազգային շահերը գլոբալ անվտանգության ու կայունության երկարաժամկետ շահերի հետ: Ես հասկանում եմ Հայաստանի աշխարհագրական եզակի իրավիճակը, բարդ հարևանությունը: Բայց Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջիկա տարիներին առաջնորդող սկզբունքը պետք է լինի մի շատ պարզ սկզբունք. այն է՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ազատ է որոշել, թե ինչն է ամենաշահավետը Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Վեց ամիս առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ մենք այսօր այսպիսի իրավիճակ կունենայինք: Մի տարի առաջ ոմանք կարծում էին, որ քաղաքական փոփոխություն հնարավոր է միայն ուժի ճանապարհով: Ես այդ տեսակետը չէի ընդունում, քանի որ հավատացած էի, որ քաղաքական փոփոխությունը կատարվում է ժողովրդի կամքով: Եվ դա հենց այն էր, ինչ մենք տեսանք գարնանը Երևանում և ողջ երկրում: Եվ դա այն է, ինչ մենք շարունակում ենք տեսնել: Հայ ժողովուրդը կանգնում է ոտքի, հնչեցնում իր ձայնը և պահանջում խաղաղ փոփոխություն:
Ինչպես նշեցի, սա Հայաստանի համար հարմար պահ է: Բաց մի թողեք հնարավորությունը: Եվ իմացեք, որ հանձինս ինձ ունեք մի բարեկամ, ով ուշի-ուշով անգամ հեռվոր Կանադայից կհետևի ձեզ՝ տեսնելու թե ինչքան բարձր կարող եք սավառանել:
Շնորհակալություն: