Կանզաս նահանգապետ Լորա Քելին և բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին այցելում են Հայաստան

Governor of Kansas Laura Kelly and Brigadier General Michael Venerdi Visit Armenia

ք Երևան, 21 հունիսի 2023թՀՀում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 22-23-ը Երևանում կհյուրընկալի ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին։ Նահանգապետի այցի նպատակը Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։ 

Նահանգապետ Քելիին ուղեկցում է ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան։ 

Նահանգապետ Քելին և բրիգադային գեներալ Վեներդին կհանդիպեմ ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ պաշտպանության, ներքին գործերի, կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Նրանք նաև կայցելեն 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, Ռազմական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ 

Կանզաս նահանգի և Հայաստանի Հանրապետության գործընկերության ծրագիրը սկիզբ է առել 2003թին  Հայաստանի, ԱՄՆ Կանզաս նահանգի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրմամբ։ Ծրագրի շրջանակում Կանզասի Ազգային գվարդիան սերտորեն գործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և այլ պետական կառույցների հետ՝ կյանքի  կոչելով համատեղ նախաձեռնություններ՝ զինվորական ուսուցում, արտակարգ իրավիճակների պատրաստություն, ինչպես նաև փոխանակումներ իրավապահ, բիզնեսի, բժշկական, հանրային առողջապահության, կրթության ոլորտներում։