Նոր մարզային լաբորատորիա Գյումրիում

ԱՄՆ դեսպանությունը բացում է նոր մարզային լաբորատորիա Գյումրիում՝ կենսաբանական վտանգներին դիմակայելու նպատակով

2016 թվականի հուլիսի 14-ին՝ հինգշաբթի օրը Գյումրիում բացվեց  ԱՄՆ կառավարության կողմից վերազինված կենսաանվտանգության հերթական մարզային լաբորատորիան։ Գյումրիի լաբորատորիան վերանորոգվել է ԱՄՆ կառավարության և վերջինիս գործընկեր Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում՝ վտանգավոր ախտածինների հետագծումն ու անվտանգ պահպանումը երկրում արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով։ Ծրագիրն ամրապնդում է Հայաստանի՝ հիվանդությունների հետագծման կարողությունները, ապահովելով արագ արձագանքումը մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների հետագա բռնկումներին։

Վերանորոգումն իրականացվել է Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող՝ Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի ֆինանսավորմամբ։  Բացման արարողությանը ներկա գտնվեցին Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն դր․Էլիզաբեթ Ջորջը և ՀՀ առողջապահության նախարար դր․ Արմեն Մուրադյանը։

«Նշված կառույցի վերազինման ավարտով նշանավորվում է Հայաստանում լաբորատորիաների վերազինման ծրագրի առաջին փուլի բարեհաջող ավարտը»,- նշեց Դր․ Էլիզաբեթ Ջորջը։ «Լաբորատորիայի շահագործումը հնարավորություն է ընձեռում Առողջապահության նախարարությանը՝ կիրառելու բոլոր այն նոր հմտությունները, որոնք անձնակազմը ստացել է ԱՄՆ կառավարության կողմից իրականացված դասընթացների ընթացքում։ Նրանք կկարողանան շահագործել նաև նոր սարքավորումները, որոնք ծրագրի շրջանակներում տրամադրվել են հօգուտ հայ ժողովրդի բարօրության»։

2016 թ․ապրիլին ավարտվել էր նմանատիպ մարզային լաբորատորիայի վերանորոգումը Տավուշի մարզում, իսկ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված երեք լրացուցիչ կառույցների շինարարությունը կավարտվի 2017 թվականին։ Բոլոր նշված մարզային լաբորատորիաները կապված են լինելու Երևանի Կենտրոնական կառույցի հետ, որի բացումը տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսի 13-ին՝ Առողջապահության նախարար դր. Արմեն Մուրադյանի, Գյուղատնտեսության նախարար պրն. Սերգո Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․Միլսի գլխավորությամբ։

Լաբորատորիաների վերանորոգումից և վերազինումից զատ, ԱՄՆ-ը արժեքավոր ռեսուրսներ, ուսուցանում և սարքավորումներ է տրամադրել՝ Առողջապահության, Գյուղատնտեսության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին աջակցելու նպատակով։ Նոր հմտություններն ու ռեսուրսները նպաստելու են բնական կամ տեխնածին դեպքերի և հիվանդությունների բռնկումների հայտնաբերման, ախտորոշման և արձագանքման ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանը։

Իր խոսքում դր․ Էլիզաբեթ Ջորջը շեշտեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության կարևորությունն ու կողմնակցությունը՝ համատեղ նպատակների իրականացմանը։ «ԱՄՆ-ը ուրախ է հանդես գալու որպես Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի գործընկեր և համագործակցելու՝  Հայաստանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ», — նշեց նա։