2017թ. մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ֆինանսական աջակցությամբ անցկացվեց անչափահասների գործերի քննության հարցերին նվիրված 6-շաբաթյա դասընթաց Հայաստանի իրավապահների համար: Դասընթացին մասնակցում էին Քննչական կոմիտեի 21 քննիչներ, ովքեր մասնագիտանում են անչափահասների իրավունքների ու այնպիսի հանցագործությունների քննության հարցերում, որոնցում ներգրավված են անչափահաս իրավախախտներ կամ անչափահաս տուժողներ:
Դասընթացի շրջանակում իրավական, սոցիալական և հոգեբանական հարցերով փորձագետների կողմից դիտարկվեց օրենսդրությունը, ներկայացվեցին առկա ռեսուրսները և Հայաստանում գործող այն կազմակերպությունները, որոնք կարող են օգնել այս հարցերում: Նաև քննության առնվեցին ոլորտի հիմնահարցերն ու օրենսդրական բացերը, որոնք կարող են խոչընդոտել քննությունների անցկացմանը:
Այս դասընթացի նպատակն էր խթանել երեխաների իրավունքների պաշտպանությունը և օգնել խոցելի խմբերում հայտնված երեխաներին: Սոցիալական աջակցության մոդուլի ներքո ընդհանուր գծերով ներկայացվեցին երեխաներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու Հայաստանում կիրառվող մոտեցումները, ինչպես նաև դիտարկվեցին հանցագործություններից տուժած անչափահասների առանձնահատուկ կարիքները: Մասնակիցները նաև տեղեկացան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցության ծրագրերի, ինչպես նաև առկա պետական ու ոչ-պետական այն ռեսուրսների մասին, որոնք կարող են օգնել իրավապահներին իրենց գործունեությունն իրականացնելիս երեխայի լավագույն շահը ապահովելու հարցում:
Դասընթացը նպատակ ուներ աջակցել իրավապահ համակարգի արդիականացման ուղղությամբ Հայաստանի աշխատանքներին՝ օգնելով պաշտպանել առավել խոցելի անձանց Հայաստանում և միաժամանակ հակազդելով միջազգային հանցավորությանը: Միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և արտերկրում անկայունության հակազդման միջոցով մարդկանց համար ավելի ապահով ու անվտանգ միջավայր ապահովելուն ուղղված ԹՊԻՀ գործունեության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ: