Ճանաչողական այց դատական համակարգի բարեփոխումների թեմայով

Armenian judicial system reform in focus on study trip

Լավագույն փորձը ներկայացնելու ու միջազգային մասնագիտական կապերի ձևավորման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրի շրջանակում 2017թ. ապրիլին ճանաչողական այց էր կազմակերպել Հայաստանից 5 դատավորների համար: Դատավորների խումբը ԱՄՆ-ում եղավ մայրաքաղաք Վաշինգտոնում և Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում: Լուիզիանայի նահանգն ընտրվել էր, քանի որ այն առանձնանում է իր   «հիբրիդային» դատական համակարգով, որում պահպանված են ֆրանսիական ժառանգության հետքերը, ինչն էլ հայաստանյան համակարգին ամենամոտն է:

Այցը դատավորներին հնարավորություն տվեց հենց տեղում ծանոթանալ ամերիկյան մասնակցային ժողովրդավարությանը, թափանցիկությանը և իրավունքի գերակայությանը: Մասնակիցների համար հատկապես ուսանելի էր դատական նիստերի ընթացքը դիտարկելու հնարավորությունը, որին հաջորդում էր մասնագիտական քննարկում ամերիկացի գործընկերների հետ: Մասնակիցները նաև ներկա գտնվեցին դատական նիստերի, որոնցում լսվում էին անչափահասների գործեր: Նրանք նաև եղան անչափահասների կալանքի  վայրում: Հայ դատավորները հանդիպեցին ոչ միայն ամերիկացի դատավորների, այլ նաև դատախազների, փաստաբանների ու երդվյալների հետ:

Այս ճանաչողական այցը, որը կազմակերպվել էր «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի համատեղ ջանքերով, նպատակ ուներ աջակցել դատական համակարգի թափանցիկության մեծացման ու կոռուպցիայի կրճատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին: Հակազդելով կոռուպցիային և օգնելով Հայաստանի միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ ԱՄՆ դեսպանությունը պաշտպանություն է ապահովում հայերի ու ամերիկացիների համար:

Միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և արտերկրում անկայունության հակազդման միջոցով մարդկանց համար ավելի ապահով ու անվտանգ միջավայր ապահովելուն ուղղված ԹՊԻՀ գործունեության մասին ավելին կարող եք իմանալ  այստեղ: