ԱՄՆ պաշտոնյաները իրավական գրականություն են նվիրաբերում Արդարադատության ակադեմիային

U.S. Officials Donate Legal Books to Armenia’s Justice Academy

Օգոստոսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ արդարադատության ակադեմիա, որտեղ ամերիկյան պատվիրակությունն իրավական գրականություն նվիրաբերեց Ակադեմիայի գրադարանին:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ամերիկյան պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Հայաստանում և Վրաստանում ծրագրերի համակարգող Շարայա Հեյդենհայնը (Վաշինգտոն) և ԹՊԻՀ երևանյան գրասենյակի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը: Ռեկտորն ուրախությամբ նշեց ԱՄՆ դեսպանության հետ ամուր համագործակցության մասին, ինչի վառ ապացույցը համատեղ իրականացվող ձեռնարկներն են: Հանդիպմանը ներկա էին նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Առաքելյանին ջերմ ընդունելության համար և Ակադեմիայի գրադարանին հանձնեցին գրքեր, որոնք հիմնականում ԱՄՆ դաշնային ու Կանզասի նահանգային օրենսդրությանն էին վերաբերում: Գրքերը Հայաստան էին հասցվել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի կողմից, որը Հայաստանի հետ գործակցում է շուրջ 15 տարի:

Հյուրերի խնդրանքով ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մանրամասն ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցկացնելուն, դասախոսական կազմի ընտրությանը, ուսուցման ծրագրեր կազմելուն առնչվող մի շարք հարցեր և այլն: Ավելին՝ ռեկտորը հյուրերին առաջարկեց ծանոթանալ Ակադեմիայի նորարարական ուսումնական մի նախաձեռնությանը, որը բոլորովին վերջերս է կյանքի կոչվել և առաջին անգամ է հանրայնացվում: Արտաշես Խուրշուդյանը ներկայացրեց ինտերակտիվ խաղաֆիկացված նորարարական ուսումնական տեսանյութեր «Դատավորի էթիկա» թեմայի շրջանակում, անդրադարձավ նման նորարարական տեսանյութերի կարևորությանը և դերակատարությանը ուսումնական գործընթացում, ինչպես նաև դրանց մշակման և մատուցման առանձնահատկություններին:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը համատեղ ծրագրերի շրջանակում: Այստեղ կարող եք կարդալ ավելին ԹՊԻՀ գործունեության մասին, որն ապահովում է մարդկանց համար ապահով ու անվտանգ միջավայր՝ պայքարելով թմրամիջոցների ու միջազգային հանցավորության դեմ և հակազդելով անկայունությանը տարբեր երկրներում: