Կանզասի Ազգային գվարդիան և ԱՄՆ դեսպանությունը գործակցում են մարդասիրական նախաձեռնությունների շրջանակում

Կանզասի Ազգային գվարդիան և ԱՄՆ դեսպանությունը գործակցում են մարդասիրական նախաձեռնությունների շրջանակում
Կանզասի Ազգային գվարդիան և ԱՄՆ դեսպանությունը գործակցում են մարդասիրական նախաձեռնությունների շրջանակում

Այս տարի Կանզասի Ազգային գվարդիան Հայաստանի հետ իր գործակցության շրջանակը ընդլայնեց ևս երկու մարդասիրական ու քաղաքացիական աջակցության նախաձեռնություններով:

Կանզասի ազգային գվարդիայի օդուժի ներկայացուցիչների ջանքերով վերանորոգվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի դպրոցն ու բուժկետը, և օգոստոսի 14-ին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վ. Քլարք Փրայսը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Դարբասի համայնքապետ Մայիս Միրզոյանի հետ միասին ներկա գտնվեց դպրոցի ու կլինիկայի բացման պաշտոնական միջոցառումներին:

Բացի այդ, Կանզասի ազգային գվարդիայի KC-135 ինքնաթիռով մարդասիրական հիմունքներով Հայաստան է հասցվել Միացյալ հայկական հիմնադրամի դեղերի ու բժշկական պարագաների խմբաքանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.1 միլիոն ԱՄՆ դոլար:

Մարդասիրական նախաձեռնությունները կյանքի են կոչվել Կանզասի ազգային գվարդիայի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Պաշտպանության նախարարության, Միացյալ հայկական հիմնադրամի, Կրթության և գիտության նախարարության և Առողջապահության նախարարության գործակցության արդյունքում: ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը ցանկանում է նաև առանձնացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի վարչության ցուցաբերած օգնությունը:

Կանզասի ազգային գվարդիայի ու Ռազմական համագործակցության գրասենյակի համագործակցությունը Կանզաս նահանգի և Հայաստանի գործընկերության ծրագրի շրջանակում արդեն 11 տարվա պատմություն ունի: Այս տարվա աշխատանքների ծավալները, թերևս, ամենամեծն են: Նախորդ տարիների աշխատանքները ներառել են զինված ուժերի միջև իրականացվող ծրագրեր , մասնավորապես՝ աջակցության ՆԱՏՕ-ի գործառնական կարողությունների հայեցակարգի հարցում, դաշտային հոսպիտալների համակարգի ձևավորում, սերժանտական կազմի մասնագիտական զարգացում, ականազերծման աշխատանքների հետ կապված ուսուցումներ, ծանոթացում կիբերպաշտպանության հարցերին և իրավական ուղղվածության ծրագրեր: Կանզասի ազգային գվարդիան նաև աջակցել է ծրագրերի զինված ուժերի ու քաղաքացիական կառույցների միջև, օրինակ՝ ուսուցումներ աղետների պատրաստվածության և կենսաբանական անվտանգության հարցերի շուրջ: