Կանզասի ազգային գվարդիայի բուժօգնության ու վտանգավոր նյութերի գծով մասնագետներն ուսուցում են անցկացնում Հայաստանի հրշեջների համար

Kansas National Guard medical and hazardous material experts to train firefighters in Armenia

Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով:  Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին են միացել Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ռազմաբժշկական կորպուսի և Բրիտանական բանակի 6-րդ հրաձգային գումարտակի ներկայացուցիչները: Մինչև հուլիսի 28-ը նրանք համատեղ դասընթացներ կանցկացնեն Շիրակի մարզի վեց հրշեջ-փրկարարական կայաններում:

Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի 14-ամյա համագործակցության ընթացքում առաջին անգամ է կյանքի կոչվում ռազմա-մարդասիրական նման նախաձեռնություն:

«Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի միջև ամուր ու կենսունակ հարաբերություններ են ձևավորված, և սա տեղի է ունենում հենց այդ գործընկերության շրջանակում: Սա փորձի փոխանակում է, որից օգտակար դասեր քաղելու ակնկալիքներ ունեն բոլոր ներգրավված կողմերը՝  հայաստանյան մասնակիցները, բրիտանացի բուժանձնակազմը և քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգների գծով մասնագետ զինծառայողները, կանզասցի գվարդիականները», — ասաց Կանզասի ազգային գվարդիայի օդուժի մայոր Դոնալդ Հարպերը, ով Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերության համակարգողն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:

Մայոր Հարպերը նշեց, որ այս ուսուցումը կատարելագործում է Հայաստանի հրշեջների կարողություններն առաջին օգնության ցուցաբերման հարցում, բարելավում վտանգավոր նյութեր ներառող պատահարներին արձագանքելու հմտությունները և նաև օգնում սերտացնել կապը Արտակարգ իրավիճակների նախարարության և հրշեջ-փրկարարական կայանների միջև:

Այս ուսուցման շնորհիվ հրշեջները ձեռք կբերեն բուժօգնություն ցուցաբերելու  հմտություններ, ինչը վերջերս Նախարարության կողմից ներառվել է նրանց առաջադրվող պահանջների շարքում: Այս հավելյալ կարողությունների միջոցով նրանք կկարողանան լրացնել տեղական ու կենտրոնական օղակի արձագանքման ծառայությունների աշխատանքը: Քանի որ հրշեջ կայանների համար դա նոր գործառույթ է, ուստի Կանզասի ազգային գվարդիան կայաններին կապահովի նաև բժշկական ու առաջին օգնության հիմնական պարագաների 1-ական փաթեթ:

Կանզասի գվարդիականների և Մեծ Բրիտանիայի բժշկական կորպուսի ներկայացուցիչների համար սա հնարավորություն է կիսել իրենց փորձն ու գիտելիքները, ընդլայնել իրենց աշխարհընկալումը և բարելավել թիմային մթնոլորտի ձևավորման, դասավանդման ու բանախոսական հմտությունները:

Հուլիսի 28-ին փորձի փոխանակման ու ուսումնական այս բազմակողմ նախաձեռնությունը կամփոփվի վարժանքով, որտեղ հայ հրշեջներն ի ցույց կդնեն այս 10 օրերի ընթացքում ձեռք բերած հմտությունները: