Օգոստոսի 13-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելեց Երևանի Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ անցկացվում է միջոցառում ի նշանավորումն Կանզասի Ազգային գվարդիայի Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագրի, որի շրջանակում վերջին երկու շաբաթվա ընթացքում Կանզասի օդուժի և ցամաքային ուժերի ինժեներական կազմի ներկայացուցիչները վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Աշտարակի հիվանդանոցում և Երևանի թիվ 1 տարեցների տուն-ինտերնատում: Վերջին երկու հաստատություններում իրականացվող աշխատանքներին դեսպան Միլսը տեղում ծանոթանալու առիթ էր ունեցել ս.թ. օգոստոսի 7-ին:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ տարբեր նախադրություններից ու գերատեսչություններից, մասնավորապես ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալը և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, ովքեր դեսպան Միլսի հետ միասին ծանոթացան իրականացված աշխատանքներին, լսեցին իրականացված երեք նախագծերի մասին պատմող զեկուցումը և զրուցեցին ներկաների հետ:
Դեսպան Միլսն իր խոսքում բարձր գնահատեց Կանզասի ազգային գվարդիայի ինժեներական կազմի ներկայացուցիչների նվիրված ու եռանդագին աշխատանքն ուղղված Հայաստանի շարքային քաղաքացիների առօրյա պայմանների բարելավմանը նման շոշափելի ու բովանդակալի կերպով և շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանն աջակցության ու համագործակցության համար, ինչի շնորհիվ այս նախագծերը հաջողությամբ են պսակվել: Դեսպանը նաև հավելեց, որ Կանզասի ազգային գվարդիայի մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագիրը մեկն է Հայաստանին ուղղված աջակցության այն բազմաթիվ ծրագրերից, որ իրականացվում է Միացյալ Նահանգերի կողմից ՀՀ կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ միասին:
Հայաստանի Հանրապետությունը 2003թ. երկկողմ գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի հետ, որով մեկնարկել է Կանզաս-Հայաստան գործընկերության ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագիրն է: Վերջինս ֆինանսավորվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից և միտված է կենսապայմանների բարելավմանը Հայաստանում, հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև հմտությունների կատարելագործման հնարավորություն է Կանզասի ազգային գվարդիայի ինժեներական կազմի համար:
Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագրի անդրանիկ նախագծերը Հայաստանի ու Կանզաս նահանգի միջև իրականացվել են 2014թ., երբ վերանորոգման աշխատանքներ կատարվեցին Դարբաս գյուղի դպրոցում ու կլինիկայում: Այս տարի իրականացվող վերանորոգման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 40 զինծառայողներ: