ԱՄՆ դեսպանության կողմից հրավիրված փորձագետը սեմինարներ կանցկացնի առաջնորդության ու ֆոնդհայթաթյման հարցերի շուրջ

DoS Seal

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստան է ժամանում կիրառական ժողովրդավարության միջազգայնորեն հայտնի փորձագետ Նենսի Բոքսկորը, ով կվարի երկու մեկ-օրյա աշխատաժողովներ: Առաջինը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին, նվիրված է ֆոնդհայթայթման հարցերին և նախատեսված է քաղաքացիական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, իսկ երկրորդը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, կարծարծի առաջնորդության հետ կապված հարցերը:

Ֆոնդհայթայթման հարցերին նվիրված աշխատաժողովը, որ վերնագրված է «Դուրս ե՛կ որսի. ինչպե՞ս որսալ (և բաց չթողնել) նվիրատուներին», մասնակիցներին կսովորեցնի օգտագործել իրենց պատմությունը՝ նպատակին աջակիցներ գտնելու համար: Այն տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 9:30-17:30-ը և նախատեսված է քաղաքացիական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ինտերակտիվ այս աշխատաժողովի ընթացքում  մասնակիցները կծանոթանան ֆոնդհայթայթման արդյունավետ ռազմավարություն մշակելու գործիքներին, ձեռք կբերեն նոր գիտելիքներ, որոնք կամրապնդվեն գործնական դերախաղային աշխատանքների միջոցով:

Առաջնորդության հարցերին նվիրված աշխատաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին ժամը 9:30-ից 17:00 հիմնականում կանդրադառնա բրենդավորման և «Առաջնորդելու (և հաջողելու) ուժը» թեմաներին: Այն քաղաքացիական հասարակության երիտասարդ գործիչներին հնարավորություն կտա զարգացնել առաջնորդման հմտությունները և ձևավորել իրենց անձնական բրենդը, որպեսզի կարողանան առաջնորդող դեր ստանձնել իրենց համայնքն ու շրջապատը բարելավելու հարցում:

Մասնակցությունը անվճար է: Տեղերը սահմանափակ են: Մասնակցության դիմումներն ընդունվում են առցանց.

ֆոնդհայթայթման աշխատաժողովին դիմելու համար այցելեք՝ https://goo.gl/DZkXXR

առաջնորդության աշխատաժողովին դիմելու համար այցելեք՝ https://goo.gl/tnDBzx

Երկու աշխատաժողովն էլ վարելու է հրավիրված փորձագետ Նենսի Բոքսկորը, ով ամբողջ աշխարհում շատ ու շատ առաջնորդների ուսուցանելու ու հրահանգավորելու առիթ է ունեցել: Նա վարում է դասընթացներ հռետորական ու պրեզենտացիոն, ֆոնդհայթայթման, քաղաքացիական լայն զանգվածներին ուղղված շահապաշտպան գործունեության և քաղաքացիական առաջնորդման հարցերի շուրջ:

«Որպես դեսպան իմ գերակա խնդիրներից մեկը Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցելն է ու զորացնելը: Կարծում եմ, որ նման աշխատաժողովների միջոցով մենք քաղաքացիական հասարակության անդամներին և առաջնորդների հաջորդ սերնդին օգնում ենք ավելի լավ հասկանալ, թե ինչպես է պետք առաջնորդել և արդյունավետ կերպով պաշտպանել իրենց գաղափարներն ու դիրքորոշումները», -ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: