Երևան, Հայաստան: Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտը, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և Հայաստանի Սահմանապահ զորքերը (ՀՍԶ) 2016թ. հունիսի 22-ին արարողություն անցկացրեցին՝ նվիրված երկու տարի տևողություն ունեցած և 9.35 մլն ԱՄՆ դոլար արժեցած համատեղ ծրագրի ավարտին, որի թիրախն էր հանդիսանում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցումը և Վրաստանի հետ Հայաստանի հյուսիսային սահմանի երկայնքով դրան առնչվող հարցերը: Երկամյա համագործակցության ուշադրության կենտրոնում է եղել ԶՈԶ-ի և առնչվող նյութերի շրջանառության կանխարգելման, հայտնաբերման և խափանման ուղղությամբ ՀՍԶ-ի կարողությունների զարգացումը:
«Այսօրվա իրադարձությունը նշանավորում է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանով ԶՈԶ-ի ապօրինի շրջանառության վտանգի դեմ հետագա պայքարի ուղղությամբ երկամյա ընդգրկուն համագործակցության ավարտը», – նշեց դեսպան Միլսը արարողության ընթացքում: «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին աշխատում են Հայաստանում և տարածաշրջանում ժողովրդավարության և բարգավաճման, անվտանգության և խաղաղության ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ: Մեր անվտանգության ոլորտի համագործակցությունը ամուր է, և մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի հետ բաց և շարունակական գործընկերությանը»:
Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գործընկերության ամրապնդման վարչության պետ տկն. Դոն Բրաունը մեծ գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև շարունակվող երկկողմ համագործակցության վերաբերյալ: Նախագիծն իրականացվել է ՊՆՎԳ-ի Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման կանխարգելման ծրագրի կողմից: Նախագծով ՀՍԶ-ին տրամադրվել են սարքավորումներ՝ ԶՈԶ-ի հայտնաբերման և ճանաչման, հաղորդակցման, դիտման, շարժունակության, տակտիկական ենթակառուցվածքների, տեղամասային և պարեկային գործողությունների ապահովման համար: Նախագծի շրջանակներում նաև իրականացվել է վերապատրաստում՝ տրամադրված սարքավորումների շահագործման և սպասարկման հարցերով:
Անլար գլոբալ ցանցի տեղադրումը մեծապես ընդլայնել է ՀՍԶ-ի հաղորդակցման կարողությունները՝ պարեկային ծառայության, ուղեկալների, տարածքային հրամանատարական կետերի և Երևանում գտնվող կենտրոնակայանի միջև: Տրամադրված դիտման շարժական և անշարժ տեսախցիկ սարքերը մեծացրել են ՀՍԶ-ի հնարավորությունները՝ շուրջօրյա գործողություններ իրականացնելու ուղղությամբ, իսկ պարեկային և բոլոր եղանակներին երթևեկող մեքենաները ՀՍԶ-ին ավելի մեծ հնարավորություն են տվել՝ սահմանի հեռավոր հատվածներում պարեկություն անելու և միջադեպերին արձագանքելու:
ՊՆՎԳ -ը և ՀՍԶ-ը Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակներում աշխատել են 2011թ.-ից ի վեր: Առայսօր ՊՆՎԳ-ի կողմից ՀՍԶ-ին տրամադրված աջակցության արժեքը կազմում է 21.3 մլն ԱՄՆ դոլար: