Nasdaq OMX արմենիան հայտարարում է Հայաստանում առաջին ՈՒՎԿ ապահովված պարտատոմսերի ցուցակման մասին

Nasdaq OMX Armenia Announces the Listing of the First UCO Securitized Bonds in Armenia

Հունվարի 27-ի պաշտոնական արարողության ժամանակ NASDAQ OMX Արմենիան  նշեց Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկման հաջող մեկնարկը և հայտարարեց այդ պարտատոմսերի ցուցակման մասին՝ բորսայում երկրորդական շուկայական առևտրի համար: Այս շրջադարձային գործարքը հնարավոր դարձավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Կապիտալ Ինվեստմընթս-ի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը, NASDAQ OMX Արմենիայի Գործադիր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, Կապիտալ Ինվեստմընթս-ի Գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ:

«Այս միջոցառումը նախ և առաջ կարևոր է նրանով, որ այն ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ հասանելի կդարձնի սպառողական վարկերի և գյուղական վայրերի զարգացման համար` օգնելով ֆերմերներին ավելացնել արտադրանքը, իսկ ձեռնարկատերերին` գործունեություն ծավալել գյուղական համայնքներում: Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկումը նաև հնարավորություն է ընձեռում սատարելու Հայաստանում նոր ֆինանսական պրոդուկտները: Այն համակցում է տարբեր զարգացման նախաձեռնություններ, որոնց մենք ձգտել ենք տարիների ընթացքում, այն է` վարկային համակարգում ավելի մեծ թվով ֆինանսական ռեսուրսների հասանելիություն Հայաստանի գյուղական վայրերի զարգացման նպատակով», — նշել է դեսպան Միլսը:

Թեև միկրոֆինանսավորումը լավ ձևավորված է Հայաստանում, ներկայումս այն չի կարող հավուր պատշաճի ծառայել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)` վարկային կապիտալի բացակայության պատճառով: Միկրոֆինանսավորող կազմակերպությունները, ինչպիսին են  ունիվերսալ վարկային կազմակերպությունները (ՈՒՎԿ),  իրավասու չեն  ավանդներ ընդունել, որը  սահմանափակում է ՄՓՄՁ-ներին  վարկավորելու նրանց կարողությունը: ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի միջոցով  աշխատել է հինգ ՈՒՎԿ-ների հետ` ՔԱՐԴ Ագրոկրեդիտ, Գառնի Ինվեստ, Գլոբալ Կրեդիտ, Կամուրջ և Նոր Հորիզոն` նրանց օգնելու պարտատոմսեր թողարկել վարկային կապիտալի ներգրավման նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակել է նախնական պարտատոմսերի նախագծման հարցում` ՀՀ Կենտրոնական Բանկի, ՈՒՎԿ-ների և ԱՄՆ ՄԶԳ Զարգացման Վարկային Մարմնի փորձագետների հետ սերտ համակարգման միջոցով:

Պարտատոմսերը թողարկվել են նորաստեղծ հատուկ նշանակության միջոցի` Վարկային Պորտֆելի  Արժեթղթավորման Հիմնադրամ I-ի կողմից: Կապիտալ Ինվեստմընթս-ի կողմից ղեկավարվող Հիմնադրամը ստեղծվել է 2015թ. օգոստոսին` նպատակ ունենալով արժեթղթավորել հինգ մասնակից ՈՒՎԿ-ների 2 միլիոն դոլար արժողությամբ միկրոֆինանսավորման  վարկերը: Արժեթղթավորման հիմնադրամը պարտատոմսերը հանրությանն է առաջարկում NASDAQ OMX Արմենիայում:  Ներդրումը գրավիչ և համեմատաբար ոչ ռիսկային դարձնելու նպատակով 2015թ. նոյեմբերին ԱՄՆ ՄԶԳ Զարգացման Վարկային Մարմնի  կողմից տրամադրվել է երաշխիք պարտատոմսերի մայր գումարի 50 տոկոսի համար: Հիմնական պարտատերեր ֆինանսական հաստատությունների թվում են կենսաթոշակային ակտիվների կառավարիչներ և բանկեր: Պարտատերերին ներկայացնում է ԱՄՆ ՄԶԳ կողմից հաստատված մեկ ընդհանուր իրավական ներկայացուցիչ` որպես գործարքի երաշխավոր:

C-QUADRAT Ampega ակտիվների կառավարիչ կազմակերպության գործադիր տնօրեն Արման Վարդանյանի խոսքով ակտիվներով ապահովված  արժեթղթերի մեկնարկը ևս մեկ քայլ է դեպի կապիտալ շուկաների խթանման գործում: «Նման թողարկումների շարունակականությունը կենսական նշանակություն ունի իրական տնտեսության և ֆինանսական ոլորտի միջև կապերի ստեղծման համար` տրամադրելով լրացուցիչ ներդրումային հնարավորություններ երկրում երկարաժամկետ ներդրողների համար», — ասել է նա:

# # #

ԱՄՆ ՄԶԳ Զարգացման Վարկային Մարմինը ԶՎՄ աշխատում է ներդրողների, տեղական ֆինանսական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների հետ նախագծելու և իրականացնելու  ներդրման  այլընտրանքներ` ԱՄՆ Կառավարության գերակայությունների շուրջ տեղական ֆինանսներ մոբիլիզացնելու նպատակով: Առ այսօր ԶՎՄ-ն օգնել է մոբիլիզացնել մոտ 4.3 միլիարդ դոլար 75 երկրներում` 473 գործարքի միջոցով: ԱՄՆ ՄԶԳ Զարգացման Վարկային Մարմնի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք  www.usaid.gov/dca: