Պայքար միջուկային մաքսանենգության դեմ

United States and Armenia Further Their Cooperation to Strengthen Counter Nuclear Smuggling Capabilities

Այսօր ԱՄՆ կառավարության ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև 2008թ. ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը:

Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների միջադեպերը աշխարհի տարբեր մասերում շեշտադրում են համակարգված միջազգային ջանքերի նկատմամբ պահանջարկը, որպեսզի այս վտանգավոր նյութերը հուսալիորեն պահպանվեն և չհայտնվեն ահաբեկիչների ու չարագործների ձեռքին, ովքեր կարող են դա օգտագործել անցանկալի նպատակներով: Այս հարցում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն բավականին երկար գործակցում են: Բացի այդ, Հայաստանը միջուկային անվտանգության մեծացման ու միջուկային նյութերի տարածման դեմ պայքարում միջազգային հանրության կարևոր ու ակտիվ դերակատարներից է` Միջուկային անվտանգության վեհաժողովի, ԱԷՄԳ-ի, Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության ու այլ միջազգային ձևաչափերում:

«Մենք գործակցում ենք, որպեսզի կատարելագործվեն միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության կարողությունները Հայաստանում և հետամուտ լինենք միջուկային նյութերի չտարածման հարցում մեր ընդհանուր հանձնառությանը, — ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչար Միլսը, ով վերանայման այս հանդիպմանը ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու ԶՈԶ չտարածման հարցերով բյուրոյի վաշինգտոնյան փորձագետներ, — Այս վերանայումը փաստում է Հայաստանի հանձնառությունն իր կողմից տնօրինվող միջուկային նյութերի նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու և երկրի սահմաններով միջուկային մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակման հարցերում»:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ արտաքին գործերի, էներգետիկայի նախարարություններից, ազգային անվտանգության ծառայությունից, Հայաստանի սահմանային անվտանգության, մաքսային և միջուկային կարգավորման ոլորտի պետական կառույցներից: Մասնակցում էին նաև փորձագետներ երկրի ատոմակայանը շահագործող ընկերությունից:

2008թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից ստորագրված Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեղ ծրագրում ներկայացվում են այն քայլերը, որ Հայաստանը կարող է ձեռնարկել միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների կանխարգելման, բացահայտման ու նման միջադեպերին արձագանքելու կարողությունները կատարելագործելու նպատակով: Այս ծրագրի իրականացմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը ներառել է ուսուցում, սարքավորումների տրամադրում և այլ աջակցություն: Միասին երկու երկրների կառավարությունները ամրապնդել են հայաստանյան այն շինությունների անվտանգությունը, որտեղ պահվում են ռադիոակտիվ նյութեր, բարելավվել են սահմաններով հավանական փոխադրման ռադիոակտիվ նյութերը բացահայտելու կարողությունները և կատարելագործվել են միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության հնարավորությունները Հայաստանում:

Մեկ ամբողջ օր տևած հանդիպումների վերջում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը վերահաստատեցին այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու իրենց հանձնառությունը և նախանշեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները: