ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո

OSCE Logo

14 հունիսի, 2018թ., Երևան. — ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ովքեր ծանոթացման այցով հունիսի 12-14-ը Երևանում էին գտնվում, հանդիպումներ ունեցան արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Համանախագահները և հայաստանյան պաշտոնյաները դիտարկեցին բանակցությունների կարգավիճակը և քննարկեցին գործընթացն առաջ տանելու հետագա քայլերը, այդ թվում և առաջիկայում նախարարների հանդիպման անցկացումը: Նրանք նաև կարծիքներ փոխանակեցին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական մթնոլորտի պահպանման կարևորությունը:

Համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին խնդրին խաղաղ լուծում գտնել, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներ:

Հայաստանյան պաշտոնյաներն իրենց աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի և գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և պատրաստակամություն հայտնեցին շարունակել արդյունավետ կերպով աշխատել Մինսկի խմբի հովանու ներքո: