ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը

OSCE Logo
Վաշինգտոն/Մոսկվա/Փարիզ
7 դեկտեմբերի, 2021թ․
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը: Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել սեպտեմբերի նյույորքյան և նոյեմբերի փարիզյան հանդիպումների ընթացում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև սկիզբ առած երկխոսությունը, ինչպես նաև շարունակել երկրի ղեկավարների շփումները տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար:
Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և լիարժեքորեն կատարել 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ նոյեմբերի 26-ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունած հայտարարությունների, ինչպես նաև հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտականությունները։
Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո մարդասիրական հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի, պատմամշակութային օբյեկտների պաշտպանության հարցերով առաջընթաց արձանագրելու նպատակով, ինչպես նաև իրականացնել կառուցողական աշխատանք այնպիսի չկարգավորված խնդիրների ուղղությամբ, ինչպիսիք են՝ սահմանագծումն և սահմանազատումը, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը։
Համանախագահող երկրները նաև մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ և վերահաստատում, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը սահմանային վեճերի լուծման պարագայում անընդունելի է: Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ անում անհապաղ վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի սահմանափակումը հակամարտությանից տուժած շրջաններ և հնարավոր դարձնել նրանց հանդիպումները բնակչության հետ։
Համանախագահող երկրները կողմերին հորդորում են հնարավորինս արագ հյուրընկալել համանախագահներին տարածաշրջանում՝ հնարավորություն տալով վերջիններիս տեղում գնահատել իրավիճակը, առաջընթաց ապահովել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնեցնել հետագա գործողությունների օրակարգը: Նրանք նաև վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCIO) շարունակական աշխատանքին և կողմերին կոչ անում լիարժեք համագործակցել վերջինիս հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար կողմերի հետ հակամարտությունից բխող կամ դրան առնչվող խնդիրների շուրջ աշխատելու(մանդատի շրջանակում) իրենց հանձնառությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագա ապահովելու նպատակով: