Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսի

2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին երդմամբ ստանձնեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Նա ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր  Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգևի:  2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաև ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) և Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

Լ. Թրեյսին բակալավրի կոչում է ստացել Ջորջիայի համալսարանում (Աթենք, Ջորջիա), ապա ուսանել է իրավագիտություն Ակրոնի համալսարանում (Ակրոն, Օհայո): 2017թ. նա արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգևի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար: Գիտի ռուսերեն: