Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան պրն. Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների և հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես Անգլերենի ուսուցիչներ և Համայնքի և երիտասարդության ծրագրի կամավորներ: Կամավորները Ամերիկայի քաղաքացիներ են, որոնք գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ծայրերից՝ արտացոլելով ամերիկյան ժողովրդի ողջ բազմազանությունը: Կամավորները բարեհաջող ավարտել են 11 շաբաթ տևողությամբ ինտենսիվ դասընթացը, որի ընթացքում սովորել են հայերեն, ծանոթացել հայ ժողովրդի մշակույթին և պատրաստվել Հայաստանում իրենց ծառայությանը:
Խաղաղության կորպուսի նոր խմբի երդման արարողությունը նաև համընկել էր Հայաստանում Խաղաղության կորպուսի գործունեության 25-րդ տարեդարձին: Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել 1992թ.-ին, և այսօր ծրագիրը տոնեց այս կարևոր իրադարձությունը, ինչպես նաև ողջունեց 1,000-րդ կամավորին:
Միջոցառմանը ներկա էր ավելի քան 300 հյուր, որոնց շարքում կային Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, ներկա և նախկին կամավորներ, իրենց տներում Խաղաղության կորպուսի կամավորներ հյուրընկալած ընտանիքներ, ինչպես նաև Ծրագրի միջազգային և հայ գործընկերներ:
Այս տարվա միջոցառմանը ներկա էին նաև Խաղաղության կորպուսի ղեկավարության ներկայացուցիչներ Վաշինգտոնից: Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար տկն. Շիլա Քրաուլին իր ելույթում անդրադարձավ Ամերիկայի և Հայաստանի միջև գործընկերության կարևորությանը և շնորհակալություն հայտնեց նոր կամավորներին՝ ծառայելու պատրաստակամության համար: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար պրն. Լևոն Մկրտչյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ պրն. Արսեն Քարամյանը: Իրենց ելույթներում նրանք ողջունեցին նոր կամավորներին և երախտագիտություն հայտնեցին Խաղաղության կորպուսի կամավորներին՝ Հայաստանի համայնքներին աջակցելու համար:
Նոր խմբի կամավորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում և քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղության կորպուսի մոտ 110 կամավոր: