ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ելույթը «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»՝ վերահաստատելու Ամերիկայի ամուր աջակցությունը Հայաստանին

Speaker of the House of Representatives Nancy Pelosi

Խոսնակ Փելոսիի ելույթի ամբողջական սղագրությունը

Երևան, 18 սեպտեմբերի 2022թ․

Խոսնակ Փելոսի Շնորհակալություն, տ-ն Դեսպան։ Շնորհակալություն ինձ ներկայացնելու համար։ Եվ առավել կարևոր է, իհարկե, շնորհակալություն այստեղ Հայաստանում ամերիկյան ժողովրդին ու ամերիկյան արժեքները ներկայացնելու գործում ձեր գերազանց առաջնորդման և աշխատանքի համար։ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր հաջորդ նշանակման ընթացքում։ Եվ շնորհակալություն հանուն ժողովրդավարության և ամերիկյան արժեքների ձեր երկարամյա ու շարունակական ծառայության համար։

Շնորհակալություն լրագրողներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակության և քաղաքական առաջնորդներին, որոնք այստեղ են այսօր։ Դուք Հայաստանը տանում եք դեպի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա և ինձ համար կարևոր է լսել ձեզ։

Մեր գործընկերները, կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, կոնգրեսական Աննա Էշուն և կոնգրեսական Ջեքի Սփիերը և ես այստեղ ենք լսելու ձեզ և ավելին իմանալու։ Մենք ուզում ենք լսելու կառավարության բոլոր մակարդակներին և հասարակությանը ներգրավել։

Ինձ համար պատիվ է որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ և երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա կանգնել այստեղ մեր երկու երկրների դրոշների միջև․ մեծ հպարտություն է կանգնել մեր ամերիկյան դրոշի և  հայկական դրոշի միջև՝ նշանավորելու մեր մեծ գործընկերությունը Հայաստանի հետ։ Ուշագրավ է նաև լինել այս հոյակապ որմնանկարի դիմաց։ Երբ ներս էինք մտնում Վահագնին ասացի, որ տեղին է, որ մենք այստեղ ենք՝ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» այս քննարկման համար, որովհետև իմ գործընկերներն էլ կարող են փաստել, որ ես միշտ ասում եմ՝ արվեստը կմիավորի մեզ։ Դա այն պահն է, երբ մոռանում ենք մեր տարաձայնությունների մասին։ Ահա  այս դրվագը, պարսիկների դեմ պատերազմում ժողովրդավար և քրիստոնյա Հայաստանի հաղթանակը։ Եվ ապա պատմության ավելի վաղ շրջանի դրվագը՝ գրերի ստեղծումը․ թերևս դրանից պետք է սկսեի ես։

Նորից արվեստի գործ՝ գրերի և արվեստների սկիզբը։ Այստեղ մուտք գործելով մենք արվեստի գործերով հիացմունք ապրեցինք, թեպետ դեռ ամբողջ թանգարանը չենք տեսել, սակայն այն շատ ոգեշնչում է։ Արվեստը ծիծաղ է պարգևում, արտասվել տալիս ու ստիպում մոռանալ տարաձայնությունների մասին։ Շնորհակալություն, Վահագն, այսօր մեզ ընդունելու համար։

Հատկապես ուրախալի է այստեղ լինել Հայաստանի Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ի նախօրեին։ Այդ տոնի արժեքը դուք շատ ավելի լավ գիտեք, քան մեզնից որևէ մեկը։ Ես ԱՄՆ Կոնգրեսի անունից այդ հատուկ օրվա կապակցությամբ մեր ամենաջերմ բարեմաղթանքներն եմ հղում։ Մենք սա մեծ հպարտությամբ ենք ասում, քանի որ սա մեզ համար գրեթե ընտանեկան այց է։ Մենք բոլորս այնպիսի ընտրատարածքներից են, որտեղ ամերիկահայերը մեծ թիվ են կազմում։ Նրանք հպարտ և հայրենասեր ամերիկացիներ են, որոնք շատ-շատ հպարտ են իրենց հայկական արմատներով։ Եվ դա նրանք մեզ շատ հստակ մատնացույց են անում։

Մենք հետևում ենք հայաստանյան մարտահրավերներին նրանց աչքերով և  շատ հպարտ ենք, որ վերջապես կարողացանք հասնել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը․ ի վերջո, մենք ունեցանք Նախագահ, որն ստորագրեց այն։ Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է։ Հպարտ ենք, որ նա ստորագրեց, ոգեշնչված էր ընդունմամբ և նաև Հայաստանի վարչապետին հրավիրեց մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին, որը շատ ցանկալի հրավեր էր։ Ուզում եմ, որ դուք սա իմանաք։

Եվ այսօր մենք այստեղ ենք՝ հայտնելու, որ Ամերիկան հանձնառու է Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարությանը, և մենք այս դժվարին պահին Հայաստանի կողքին ենք։ Դժվարին ժամանակներ են աշխարհում։ Մենք հայտվել ենք ժողովրդավարության և բռնապետության պայքարի մեջ։ Հայաստանն այն վայրն է, որտեղ մենք տեսնում ենք այդ հակասությունների դրսևորումներ։ Ու թեպետ  մեր այցը պլանավորվում էր նախքան անցյալ շաբաթ տեղի ունեցածը, մենք այստեղ ենք այս պահին և անձամբ խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա։ Սխալ չի կարող լինել․ այս հարձակումն անընդունելի է և վտանգում է այնքան անհրաժեշտ խաղաղության գործընթացի հեռանակարները, վտանգում է խաղաղության գործընթացի հաջողությունը։

Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և Հայաստանի բարեկամ։  Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել  բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման շուրջ՝ մասնավորապես թույլ չտալու քաղաքացիական անձանց դեմ ուղղված գործողություններ։ Ինչպես Միացյալ Նահանգների կառավարությունը վաղուց ի վեր փաստել է, հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Կրկնվող ռազմական  գործողությունները աղետալի կլինեն՝ խլելով ավելի շատ կյանքեր, հանգեցնելով ավելի շատ ավերածությունների,  փախստականների թվի մեծացման և հսկայական ծախսերի։ Միացյալ Նահանգները շարունակում է ուշի-ուշով հետևել իրավիճակին։ Սա առաջնահերթ է նախագահ Բայդենի և ԱՄՆ Կոնգրեսի համար, որոնք վաղուց ի վեր հանձնառու են կայունությանը, անվտանգությանը և խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Թույլ տվեք այդ առումով ասել, որ Հայաստանը՝ մոտ լինելով Ռուսաստանին,  ժողովրդավարության և բռնապետության այս բանավեճի կենտրոնում է, բայց նաև այն մեր գլոբալ քննարկման մի մասն է կամ այդ երկուսի հակադրումը։  Ուստի ժամանակի առումով կատարյալ է այստեղ լինել այս պահին և հանդես գալ խաղաղ կարգավորման օգտին՝ հաշվի առնելով այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հաշվի առնելով նրանց պայքարն հանուն ազատության։

Մեր պատվիրակությունը Հայաստան է եկել քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության և տնտեսության հարցերը, որոնց ուղղությամբ իրենց կոնգրեսական գործունեության ողջ ընթացքում ու անգամ դրանից էլ առաջ իրենց ներդրում են ունեցել այս երեք  առաջնորդները։ Աննա Էշուի և Ջեքի Սփիերի պարագայում դա ի ծնե է եղել, քանի որ նրանք ամերիկահայեր են, դա նրանց ԴՆԹ-ի մաս է կազմում և նաև Կոնգրեսում հանուն մեր երկրի իրենց ծառայության առաջնահերթություններից է։ Նրանք ահռելի մտավոր ռեսուրս են հանդիսացել այս հարցերի շուրջ մեր մյուս կոնգրեսական գործընկերների համար ոչ միայն Ցեղասպանության բանաձևի, այլ նաև Հայաստանի առնչվող այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի և այստեղի հակամարտությունների հարցերով։ Եվ նրանք բոլորն էլ Հայկական հարցերով հանձնախմբի անդամ են։ Ջեքին և կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն հանձնախմբի համանախագահներն են, իսկ Ֆրանկը հայ բնակչության ջանքերով ի սկզբանե տեղյակ է եղել այս հարցերից չեմ էլ հիշում թե երբվանից․․․ ինչքա՞ն ժամանակ է դու Կոնգրեսում ես։

Կոնգրեսական Փալոնե 34 տարի

Խոսնակ Փելոսի․ 34, իսկ ես 35, փաստորեն քո գործունեության բոլոր տարիները իմ աչքի առաջ են եղել։

/ծիծաղ/

Շնորհակալություն, Ֆրակ Փալոնե։

Լավ, իսկ այժմ այն մասին, թե ինչ մենք այսօր տեսանք։ Շատ հուզիչ պահ էր։ Մենք գլուխներս բարձր պահած եկանք, որովհետև մենք ընդունել ենք, իսկ Նախագահը հաստատել է Ցեղասպանության մասին բանաձևը։ Մենք երկար ժամանակ խոսում էինք դրա մասին, հանդես գալիս դրա պաշտպանության դիրքերից մեր համայնքներում, Կոնգրեսում։ Իսկ հիմա, դա փաստացի իրողություն է։

Եվ այստեղ մենք հավերժական կրակի մոտ մտորում էին մեկուկես  միլիոն մարդկանց, նրանց ընտանիքների մասին, որոնցից ոմանք էլ ամերիկահայերի նախնիներն են եղել, և մենք այդ ցավալի օրերի պատմությունները շարունակում ենք լսել։ Մենք տեսանք հուշահամալիրը․ հուզիչ էր։ Իսկ այն ինչ տեսանք թանգարանում, գեղեցիկ էր։

Մենք ծաղկեպսակ դրեցինք։ Հանդիսավոր պահ էր բոլորիս համար։ Իսկ հետո թանգարանում մենք տեսանք այն համայնքների անվանումները, որոնք թիրախավորվել էին։ Մենք շրջեցինք թանգարան-ինստիտուտում, մենք սահմռկեցուցիչ ճշմարտությունն իմացանք։ Իսկ երբ դուրս եկանք, քայլում էինք ու անցնում ծառուղու երկայնքով։ Այստեղ մենք հպարտության զգացում ապրեցինք, քանի որ այստեղ տնկված հիշատակի առաջին ծառը ամերիկյան էր։ Առաջին ամերիկյան ծառը տնկել էր սենատոր Բոբ Դոուլը։ Մենք հպարտ ենք նրանով ու բոլոր մյուս պատվիրակներով, որոնք հաջորդիվ ծառեր են տնկել այնտեղ։ Եվ Ֆրանկը, և Աննան և Ջեքին որպես կոնգրեսականներ եղել են այստեղ և տեսել են այդ ծառերի բավականին արագ աճելը։

Թույլ տվեք մեջբերել Հովհաննես Պողոս Երկրորդի խոսքերը, որը քսան տարի առաջ աղոթք հնչեցրեց հուշահամալիրում։ Դա նրա մահվանից ոչ շատ առաջ էր։ Նա ասաց․ «Լսի՛ր, Աստված, բարեգութ եղի՛ր այս երկրի ժողովրդի հանդեպ, սրբի՛ր արցունքները նրանց աչքերից և թող որ նրանց տառապանքները 21-րդ դարում վերածվեն կենաց բարիքների ու թող մշտապես ուղեկից լինեն նրանց։ Մենք աղոթում ենք, որ ամոքվեն դեռևս բաց վերքերը»։ Մենք աղոթում ենք դեռևս բաց վերքերն ամոքելու համար։ Գեղեցիկ խոսքեր են։

Այդ դեռևս բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի այդ ոճրագործությունը, որը ցեղասպանություն է։ Ըստ 1948թ․ ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի ցեղասպանությունը գործողություններն են՝ «կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չքողարկվի։ Եվ մենք պետք է աշխատենք՝ ապահովելու, որ այդօրինակ վայրագություններ կրկին տեղի չունենան։ Մենք չպետք է մոռանանք, երբեք։

Հենց այս պատճառով էլ Ներկայացուցիչների պալատի 2019թ․ 296  բանաձևը, որը հեղինակել էր մեր Հետախուզական հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը և որի համահովանավորներն էին այստեղ ներկա գտնվողները, Կոնգրեսին պարտավորեցնում էր ոչ միայն պաշտոնական ճանաչմամբ և հիշատակմամբ ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը, այլ նաև պայքարել պատմությունը ջնջելու ջանքերի դեմ, մերժել Հայոց ցեղասպանության և որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ Միացյալ Նահանգների ներգրավումը, խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ կրթությունը և հանրային ըմբռնումը, այդ թվում Հայոց ցեղասպանության գործոնի դիտարկումը մարդկության դեմ ուղղված մերօրյա ոճրագործությունների համատեքստում։ Այս բանաձևով և ԱՄՆ կառավարության կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչմամբ մենք ընդունել ենք պատմական փաստերը, դատապարտել բռնությունն ու մոլեռանդությունը և ցույց տվել, որ նման ոճրագործություն երբևէ չպետք է նորից տեղի ունենա։

Այս պահին մենք անհետաձգելի բարոյական պարտավորություն ունենք երբեք չմոռանալ, քանզի մենք տեսնում ենք սարսափելի դեպքեր աշխարհով մեկ, այդ թվում՝ ատելության հողի վրա գործած հանցանքներ հայկական համայնքի դեմ, նույնիսկ Ամերիկայում, ցեղասպանություն ույղուրների նկատմամբ, Ռուսաստանի բարբարոսությունը ուկրաինացի խիզախ ժողովրդի դեմ, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանում, որը 100-ից ավել կյանքեր է խլել ու հազարավոր մարդկանց տեղահանության պատճառ դարձել։ Էլ չնշեմ, թե ինչեր են նրանք անում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու կրոնական վայրերի նկատմամբ։

Այս դժվարին պահին իմ ուղերձն այն է, որ մենք պետք է հույսով տոգորված լինենք։ Իսկ հույս մենք կարող ենք գտնել Հայաստանի պատմության մեջ, որը տոկունության և ուժի պատմություն է։ Հույս մենք կարող ենք գտնել արվեստում։ Այս սրահում Հայաստանի պատմությունն է որմնանկարներով, ու մենք տեսնում ենք խիզախ մարտիկների ի պաշտպանություն ազատ և քրիստոնյա երկրի և հաղթանակ։ Բանաստեղծներ, նկարիչներ և քահանաներ, որոնք ստեղծել են եզակի այբուբենն ու լեզուն և կերտել մշակութային ինքնությունը։ Դա այստեղ է։

Իսկ մյուս կողմում Մայր Հայաստանն է իր զավակի հետ, որ մատնանշում է, թե 20-րդ դարի ցավից ու զրկանքներից ինչպես է Հայաստանը հառնել և հույսով լեցուն իր ապագան կերտել։ Այբուբեն։ Արվեստ։ Ազատություն։ Ապագա։

Ավարտելով ցանկանում եմ հիշել հայ մեծանուն բանաստեղծներից մեկի տողերը, որ նման են աղոթքի։ Պարույր Սևակի տողերն եմ ուզում հիշել։ Անունը ճիշտ եմ արտաբերում, չէ՞։ Սևակ։ Հայտնի հայ գրող, որը պատկերված է նաև այս որմնանկարում։ Տեսնո՞ւմ եք նրան։ Քող ունեցո՞ղն է Սևակը։

Պատասխան ներկաներից Սպիտակ հագուստով՝ հենց քահանայի ետևում։

Խոսնակ Փելոսի Քահանայի ետևում, տեսա։ Դե նայեք նրան և լսեք, թե ինչ է ասել նա։  «Իմ ժողովրդին» բանաստեղծության մեջ․

«Ինչպե՞ս ես դու, մեղվի նման, անգամ թույնից

Նեկտար քաղել, մեղր քամել դառնությունից՝

Հազար անգամ դու ընկնելով՝ ինչպե՞ս ելար,

Ո՞նց ապրեցիր՝ հազար անգամ երբ դու մեռար:

Ի՞նչ հրաշքով չմարեցիր, ինչպես նրանք,

Որ մե՜ծ էին, հրդե՜հ էին, իսկ դու՝ կրա՛կ:

Եվ չի մարել նա դարերում մահամնա,

Մնացել է, որովհետև մի հուր էր նա»։

Չի մարել, մնացել է․․․ Շնորհակալություն ձեր գեղեցիկ երկիրն այցելելու այս մեծ պատվի համար։ Ես տեսա, թե ինչպես է Հայաստանի հույսի հուրը վառ առկայծում։ Եկեք նորից հիշենք  հոգևոր հայրապետի խոսքերը, հիշենք որմնանկարում պատկերված մեծն բանաստեղծ  Սևակի խոսքերը։ Ինչպես ասացի, արվեստը կարողանում է մեր սրտերին հասնել և այս գեղեցիկ տողերը իրապես հասան մեր սրտերին։ Աստված օրհնի բոլորին։ Աստված օրհնի Հայաստանը։ Աստված օրհնի Ամերիկան։ Աստված օրհնի բոլորիդ։

Իսկ այժմ մենք առանձին կշարունակենք մեր քննարկումը, որպեսզի ես հնարավորություն ունենամ լսել ձեզ։ Լսելով ես միշտ կարողանում եմ ավելին իմանալ։ Շնորհակալություն։

/ծափահարություններ/