Գերագույն դատարանի նախագահ Ռոբերտս, փոխնախագա՛հ Հարիս, Ներկայացուցիչների պալատի խոսնա՛կ Փելոսի, մեծամասնության առաջնո՛րդ Շումեր, մեծամասնության առաջնո՛րդ Մք Քոնել, փոխնախագա՛հ Փենս, մեծարգո՛ հյուրեր, սիրելի՛ հայրենակիցներ․
Այսօր Ամերիկայի օրն է։ Այսօր ժողովրդավարության օրն է։ Այսօր պատմական օր է, հույսի, վերածննդի ու վճռականության օր է։ Դարերի մաքառումներից հետո Ամերիկան նորից փորձության է ենթարկվել ու Ամերիկան կանգնել է մարտահրավերներին դեմ հանդիման։ Այսօր մենք տոնում ենք հաղթանակ, որը ոչ թե նախագահական թեկնածուի հաղթանակ է, այլ նպատակի հաղթանակ, նպատակ, որի անունն է ժողովրդավարություն։ Ժողովուրդը, ժողովրդի կամքը լսելի է դարձել ու ժողովրդի կամքն ուշադրության է արժանացել։
Մենք կրկին հասկացանք, ընկալեցինք, որ ժողովրդավարությունն անգին է։ Ժողովրդավարությունը փխրուն է։ Իսկ այս պահին, բարեկամնե՛րս, մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը գերիշխում է։
Այժմ մենք հավաքվել ենք այստեղ, որտեղ մի քանի օր առաջ բռնությամբ փորձ արվեց ցնցել Կապիտոլիումի հիմքերը, հավաքվել ենք Արարչի կամոք՝ որպես մեկտեղված միասնական պետություն, իրականացնելու իշխանության խաղաղ փոխանցումը, որը մեզ մոտ ավելի քան երկու հարյուրամյակ տեղի է ունեցել։ Ամերիկյան համարձակ ու լավատեսական մոտեցմամբ հայացք նետելով դեպի ապագա՝ մենք ձգտում ենք լինել մի այնպիսի պետություն, որպիսին գիտենք, որ կարող ենք ու պարտավոր ենք լինել։
Շնորհակալություն եմ հայտնում ինձնից առաջ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց՝ երկու կուսակցություններից, որոնք այսօր մեզ պատվում են իրենց ներկայությամբ։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում նրանց։ Եւ ես գիտեմ․․․ ես գիտեմ, որ մենք ունենք կուռ ու ամուր Սահմանադրություն, մենք ունենք ամուր պետություն եւ այդ մասին նշեց նաեւ նախագահ Քարթերը, որի հետ երեկ երեկոյան զրուցեցի։ Այսօր նա ներկա չէ, սակայն ուզում եմ ջերմորեն ողջունել նրան՝ իր ողջ կյանքը մեր երկրին ծառայելու համար։
Ես քիչ առաջ երդվեցի․ այդ սուրբ երդմամբ են իրենց պաշտոնը ստանձնել մեր հայրենանվեր գործիչներից յուրաքանչյուրը, որոնցից առաջինը Ջորջ Վաշինգտոնն էր։ Ամերիկյան պատմությունը չեն կերտում մեկը կամ մի քանիսը, այն կերտում ենք բոլորս, այսինքն մենք՝ ժողովուրդը, եւ մենք ձգտում ենք առավել կատարյալ միության։ Մեր երկիրը հզոր երկիր է։ Մեր ժողովուրդը մեծ ժողովուրդ է։ Եւ դարերի ընթացքում մաքառումների ու փոթորիկների, պատերազմի ու խաղաղության միջով մենք անցել ենք այս ճանապարհը եւ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։
Մենք կգործենք արագ ու ջանասիրաբար, քանի որ այս վտանգներով ու նշանակալի հնարավորություններով լեցուն ձմեռվա ընթացքում անելիքները շատ են։ Շատ բան կա նորոգելու, վերականգնելու, բուժելու, ամոքելու, կառուցելու ու նաեւ շատ բաներ կան ձեռք բերելու։ Մարտահրավերներն ու դժվարություններն այժմ առավել քան երբեւէ շատ են եւ մեր պետության պատմության մեջ քչերն են բախվել նման իրավիճակների։
Հարյուրամյակը մեկ ի հայտ եկող վիրուսը, լուռ հետապնդելով մեր երկրին, մեկ տարվա ընթացքում խլել է այնքան մարդկային կյանքեր, որքան Երկրորդ աշխարհամարտը։ Միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, փակվել են հարյուր հազարավոր ընկերություններ։
Մեզ հետապնդում է նաեւ ռասայական արդարության 400 տարի վաղեմության կանչը։ Արդարության մեր երազանքն այլեւս չենք կարող հետաձգել։
Մեր մոլորակն էլ գոյապահպանական ահազանգ է հնչեցնում՝ հուսահատ ու շատ հստակ։
Առճակատվելու ենք նաեւ քաղաքական ծայրահեղականության, սպիտակների դոմինանտության, ներքին ահաբեկչության հետ, բայց մենք կկարողանանք պարտության մատնել դրանց։
Այս մարտահրավերները հաղթահարելու, Ամերիկայի ոգին վերականգնելու ու ապագան երաշխավորելու համար միայն խոսքերը բավարար չեն։ Այն պահանջում է միասնություն, որը ժողովրդավարության հազվագյուտ տարրերից է։ Այո, միասնություն։ 1863թ․ հունվարին, Նոր տարվա օրն Աբրահամ Լինքոլնը ստորագրեց էմանսիպացիայի մասին հռչակագիրը եւ, երբ նա գրիչը վերցրեց ստորագրելու հռչակագիրն ասաց, մեջբերում եմ նրա խոսքը․ «եթե իմ անունը մնա պատմության մեջ, ապա հենց այս հռչակագրի շնորհիվ ու ես ամբողջ հոգով պաշտպանում եմ այն»։
«Ես ամբողջ հոգով պաշտպանում եմ այն»։ Այսօր՝ հունվարյան այս օրը, ես ամբողջ հոգով պաշտպանում եմ Ամերիկան, մեր ժողովրդին ու մեր պետությունը միավորելու գաղափարը։ Ու ես ուզում եմ, որ բոլոր ամերիկացիները օգնեն ինձ դրա իրականացման հարցում։
Միավորվենք, որպեսզի պայքարենք մեր թշնամիների՝ զայրույթի, ատելության, ծայրահեղականության, ապօրինության, բռնության, հիվանդությունների, գործազրկության ու հուսախաբության դեմ։ Միասին մենք կարող ենք մեծ գործեր անել եւ կարեւոր ձեռքբերումներ ունենալ։ Մենք կարող ենք սխալները շտկել։ Մենք կարող ենք մարդկանց լավ աշխատանք ապահովել։ Մենք կարող ենք մեր երեխաների ուսուցումն ապահովել անվտանգ դպրոցներում։ Մենք կարող ենք հաղթահարել մահաբեր վիրուսը։ Մենք կարող ենք ըստ արժանվույն գնահատել աշխատանքը, զարկ տալ միջին խավին, առողջապահությունը հասանելի դարձնել բոլորին։ Մենք կարող ենք ապահովել ռասայական արդարությունը եւ կարող ենք այնպես անել, որ Ամերիկան կրկին դառնա դրական տեղաշարժերի առաջատարն աշխարհում։
Մեր օրերում միասնության մասին խոսելը շատերը կարող են սին երեւակայություն համարել։ Ես գիտեմ, որ այն ուժերը, որ փորձում են մեզ պառակտել իրական են, բայց ես նաեւ գիտեմ, որ դրանք նոր չեն։ Մեր պատմության ողջ ընթացքը եղել է պայքար հանուն ամերիկյան իդեալի, հանուն այն գաղափարի, որ մենք բոլորս ծնվում ենք հավասար, իսկ դառն ու կոշտ իրականությունը, որտեղ տեղ են գտնում ռասիզմը, այլատյացությունը, վախը եւ դիվականացումը, մեզ պառակտում է։
Պայքարը բազմամյա է, իսկ հաղթանակը միշտ չէ որ երաշխավորված է։ Քաղաքացիական պատերազմի, մեծ դեպրեսիայի, համաշխարհային պատերազմի, սեպտեմբերի 11-ի, պայքարի, զոհողությունների ու ընկրկումների ժամանակ մեր բարի հրեշտակները մշտապես գերիշխող են եղել։ Այդպիսի պահերին մեր մեջ եղել են բավականաչափ մարդիկ, որոնք միավորվել ու ապահովել են բոլորիս առաջընթացը, ու մենք կարող եք դա նաեւ հիմա անել։
Պատմությունը, հավատը եւ պատճառը նախանշում են ճանապարհը՝ միասնության ճանապարհը։ Մենք միմյանց կարող են ընդունել ոչ որպես հակառակորդ, այլ որպես դրացի։ Մենք միմյանց կարող ենք վերաբերվել հարգանքով ու արժանապատվորեն։ Մենք կարող ենք մեկտեղել ուժերը, դադարել գոռալ ու թուլացնել լարվածությունը, քանզի առանց միասնության չկա խաղաղություն, այլ կա միայն չարացածություն ու զայրույթ։ Չկա առաջընթաց, կա սոսկ ջլատող զայրույթ։ Չկա պետություն, կա սոսկ քաոս։
Այժմ պատմական պահ է, երբ տիրում է ճգնաժամ ու առկա են մարտահրավերներ, իսկ առաջընթացի միակ ուղին դա միասնությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է օգտագործի այս հնարավորությունը, մենք պետք է օգտագործենք այն։ Եթե այդպես վարվենք, երաշխավորում եմ, որ մենք չենք ձախողի։ Ամերիկայում մենք երբեւէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար։
Եւ այսօր, այս ժամին ու այս վայրում եկեք բոլորս միասին ամեն ինչ սկսենք նորովի։ Եկեք կրկին լսենք ու ականջալուր լինենք մեկս մյուսիս։ Եկեք լսենք իրար, տեսնենք իրար, միմյանց հանդեպ հարգանք դրսեւորենք։ Քաղաքականությունը պարտադիր չէ, որ լինի անգութ կրակ, որն իր ճանապարհին կործանում է ամեն ինչ։ Ամեն մի անհամաձայնություն ու տարակարծություն չպետք է պատերազմի առիթ դառնա, եւ մենք պետք է մերժենք այն մշակույթը, որտեղ փաստերը շահարկվում են ու անգամ հորինվում։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք չենք կարող այդպիսին լինել, մենք պետք է ավելի լավը լինենք ու Ամերիկան ըստ էության ավելի լավն է։
Ձեր շուրջը նայեք։ Այժմ մենք Կապիտոլիումի գմբեթի ստվերում ենք կանգնած, որը Քաղաքացիական պատերազմի տարիներին է ավարտին հասցվել, երբ միությունը վտանգված էր։ Մենք սակայն կարողացել ենք հաղթահարել ու վեր խոյանալ։
Մեր առջևում այն վայրն է, որտեղ դ-ր Քինգը խոսեց իր երազանքի մասին:
108 տարի առաջ, երդմնակալության մեկ այլ արարողության ժամանակ, հազարավոր ցուցարարներ փորձում էին արգելափակել այն խիզախ կանանց, որոնք երթի էին դուրս եկել ընտրական իրավունքի համար։ Իսկ այսօր երդմամբ իր պաշտոնը ստանձնեց մեր պատմության մեջ առաջին կին փոխնախագահ Կամալա Հարիսը։ Եվ մի ասեք ինձ, թե փոփոխություններ չեն լինում։
Այստեղ՝ Պոտոմակ գետի մյուս կողմում Արլինգթոնի գերեզմանատուն է, ուր հանգչում են մեր նվիրյալ հերոսները։ Իսկ մի քանի օր առաջ մեր կանգնած տեղում հավաքված ամբոխը կարծում էր, որ բռնությամբ կարող էր լռեցնել մեր ժողովրդի կամքը, կասեցնել ժողովրդավարության ընթացքն ու մեզ քշել այս սուրբ հողից։ Դա տեղի չունեցավ։ Նման բան չի կարող լինել՝ ոչ այսօր, ոչ վաղը եւ ոչ էլ մեկ ուրիշ անգամ։ Նման բան երբեք չի լինի։
Ես շոյված եմ այն վստահությունից, որ մեզ սատարողները դրսեւորեցին քարոզարշավի ընթացքում։ Նրանց, ովքեր չէին աջակցում մեզ, ցանկանում եմ ասել հետեւյալը․ լսեք ինձ մինչեւ վերջ մեր առաջընթացի ճանապարհին, գնահատեք ինձ ու չափեք իմ սիրտն ու եթե դեռ համամիտ չեք կամ այլ կարծիք ունեք, ուրեմն թող այդպես լինի։ Դա կոչվում է ժողովրդավարություն։ Սա Ամերիկան է ու խաղաղ անհամաձայնության իրավունքը, թերեւս, մեր ուժեղագույն կողմերից մեկն է։
Բայց լավ լսեք ինձ․ անհամաձայնությունը չի նշանակում բաժանում։ Ես ձեզ խոստանում եմ, որ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը, բոլորի նախագահը։ Ու ես ջանք չեմ խնայի ոչ մեկի համար՝ անկախ ինձ աջակցելու կամ չաջակցելու հանգամանքից։
Դարեր առաջ, սուրբ Ավգուստինը՝ իմ եկեղեցու սրբերից մեկը, գրել է, թե ժողովուրդը մի մեծություն է, որը բնորոշվում է սիրո ընդհանուր առարկաներով։ Սիրո ընդհանուր առարկաներով։ Իսկ ի՞նչն է, որ մենք որպես ամերիկացիներ բոլորս սիրում ենք, ի՞նչ է բնութագրական մեզ համար որպես ամերիկացու։ Կարծում եմ մենք գիտենք։ Դրանք են․ հնարավորություն, անվտանգություն, ազատություն, արժանապատվություն, հարգանք, պատիվ եւ ճշմարտություն։
Վերջին շաբաթների ու ամիսների ընթացքում մենք ցավալի դաս քաղեցինք։ Կա ճշմարտությունը եւ կան ստեր, որ հրամցվում են շահի ու իշխանության համար։ Մենք յուրաքանչյուրս ունենք պատասխանատվություն ու պարտավորություն որպես քաղաքացի, որպես ամերիկացի եւ որպես առաջնորդ։ Որպես առաջնորդ մենք պարտավոր ենք հարգել մեր Սահմանադրությունը, որպեսզի պաշտպանենք մեր պետությունը, պաշտպանենք ճշմարտությունը եւ պարտության մատնենք ստերին։
Ես գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վախով ու երկյուղածությամբ են դիտարկում ապագան։ Նրանք անհանգստանում են իրենց աշխատանքի համար, գիշերը քնելուց նայում են առաստաղին ու մտածում՝ կկարողանամ վճարել իմ հիփոթեքը կամ պահել բժշկական ապահովագրությունը։ Նրանք մտածում են իրենց ընտանիքի, վաղվա օրվա մասին։ Ես այս ամենը շատ լավ պատկերացնում եմ։ Բայց պատասխանը մեկուսանալու, մրցակցող խմբերի բաժանվելու կամ արտաքինով ձեզնից տարբերվող, ձեր հավատին չհարող կամ ձեր նախընտրելի լրատվական աղբյուրներից չօգտվող մարդկանց նկատմամբ անվստահությունը չէ։ Մենք պետք է վերջ տանք այս ոչ քաղաքակիրթ պատերազմին, որը կարմիրն հակադրում է կապույտին, գյուղը քաղաքին, պահպանողականն ազատականին։ Մենք դա կկարողանանք անել, եթե նեղսրտելու փոխարեն բացենք մեր սրտերը։ Պետք է հանդես բերենք մի փոքր հանդուրժողականություն ու խոնարհություն, փորձենք պատկերացնել դիմացինի իրավիճակը, ինչպես մայրս կասեր՝ մի պահ դիմացինի տեղը դնենք մեզ։ Դժվար է իմանալ, թե ինչ է ճակատագիրը նախանշում մարդու համար․ օրեր կլինեն, երբ մարդն օգնության կարիք կունենա, ու կլինեն պահեր, երբ մարդն ինքը պետք է օգնության ձեռք մեկնի։ Եթե մենք այդպես վարվենք, ապա մեր երկիրը կլինի ավելի ամուր, ավելի բարեկեցիկ եւ ապագային ավելի լավ պատրաստված։ Ու մենք կարող ենք համամիտ ու նույնակարծիք չլինել։
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր նախանշվող անելիքներում մենք միմյանց կարիքն ունենալու ենք։ Մեր ողջ կորովն է անհրաժեշտ, որպեսզի այս մութ ձմռանը դիմակայենք։ Առաջիկայում թերեւս սպասվում են համավարակի ամենադժվար ու ծանր օրերը։ Մենք պետք է մի կողմ թողնենք քաղաքականությունը եւ համավարակին դիմակայենք որպես մեկ պետություն, մեկ ազգ։ Ինչպես Աստվածաշնչում է գրված «Գիշերը գուցե արցունք թափվի, բայց առավոտյան ուրախությունն այցի կգա»։ Խոստանում եմ՝ միասին մենք կհաղթահարենք, միասին։
Բարեկամնե՛րս, ես ու իմ բոլոր գործընկերները, որոնց հետ սենատում ու ներկայացուցիչների պալատում ծառայում եմ, հասկանում ենք, որ ամբողջ աշխարհը դիտում է մեզ։ Այսօր բոլորն են մեզ դիտում։ Մեր սահմաններից դուրս գտնվողներին իմ ուղերձը հետեւյալն է․ Ամերիկան փորձության ենթարկվեց ու դրանից դուրս եկավ ավելի ամուր ու ուժեղ։ Մենք կնորոգենք մեր դաշինքներն ու կրկին կգործակցենք աշխարհի հետ՝ նպատակ ունենալով պայքարել մարտահրավերների դեմ, սակայն ոչ թե անցյալ, այլ ներկա ու ապագա մարտահրավերների դեմ։ Եւ մենք կառաջնորդենք ոչ միայն մեր ուժի օրինակով, այլ նաեւ մեր օրինակի ուժով։ Մենք կլինենք ամուր ու վստահելի գործընկերէ ի շահ խաղաղության, առաջընթացի ու անվտանգության։
Մենք շատ բաների միջով ենք անցել, դուք դա գիտեք։ Որպես նախագահ, առաջին բանը, որ խնդրում եմ անել, դա լուռ աղոթք հնչեցնել է այն մարդկանց հիշատակին, որոնք զոհ գնացին համավարակին վերջին տարվա ընթացքում։ Եկեք աղոթենք մեր չորս հարյուր հազար հայրենակիցների համար՝ մայրեր, հայրեր, որդիներ, դուստրեր, ընկերներ, հարեւաններ, գործընկերներ։ Դառնալով այն, ինչ կարող ենք ու պետք է դառնանք որպես պետություն ու ժողովուրդ, մենք վառ կպահենք նրանց հիշատակը։ Եկեք լուռ աղոթենք կյանքից հեռացածների, տառապյալների ու մեր երկրի համար։ Ամեն։
Բարեկամնե՛րս, սա փորձության շրջան է։ Հարձակում է եղել մեր ժողովրդավարության ու ճշմարտության վրա, մոլեգնում է համավարակը, աճում է անարդարացիությունը, առկա են համակարգային ռասիզմի, կլիմայական ճգնաժամի, աշխարհում Ամերիկայի դերի հետ կապված հարցեր։ Սրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած արդեն իսկ լուրջ մարտահրավեր է, սակայն փաստացի այս բոլորը մեր առաջ ծառացել է միանգամից ու դարձել լրջագույն պատասխանատվություն մեր պետության համար։ Մեզ փորձություն է սպասում։ Կկարողանա՞նք պատվով դուրս գալ։ Բոլո՞րս միասին։ Ժամանակն է համարձակ քայլերի, քանի որ անելիք շատ կա։ Մեր աշխատանքը՝ իմ ու ձեր աշխատանքը վստահաբար գնահատվելու է մեր դարաշրջանի այս ահագնացող ճգնաժամի կարգավորմանն ուղղված մեր հաջողություններով։
Հարցն այն է՝ արդյո՞ք կկարողանանք արտասովոր ջանքեր գործադրել։ Կկարողանանք արդյո՞ք այս հազվադեպ հանդիպող դժվարության պահին ճիշտ կողմնորոշվել։ Կկարողանանք արդյո՞ք մեր պարտավորություններն ի կատար ածել ու մեր երեխաներին փոխանցել ավելի լավ աշխարհ։ Մենք պարտավոր ենք այս ամենն ապահովել։ Ես վստահ եմ, որ մենք դա կանենք։ Կարծում եմ՝ դուք նույնպես։ Դրանով մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության հաջորդ փառապանծ գլուխը կգրենք։ Դա նման կլինի երգի, մի երգի, որ ինձ համար մեծ նշանակություն ունի։ Այդ երգն Ամերիկայի օրհներգն է։ Ես կառանձնացնեի մի քառատող օրհներգից, որն առնվազն ինձ համար առանձնահատուկ է․
«Մեկդարյա աշխատանքով ու աղոթքներով մենք հասանք այս օրվան։
Ի՞նչ ժառանգություն ենք թողնում։ Ի՞նչ կասեն մեր երեխաները։
Երբ մոտենամ կյանքիս մայրամուտին, թող իմ սրտում ես իմանամ՝
Լավագույնը քեզ եմ տվել, ի՛մ Ամերիկա, ի՛մ Ամերիկա»։
Եկեք ավելացնենք, համալրենք, եկեք մեր աշխատանքով ու աղոթքներով մեր հզոր պետության պատմությունը կերտենք։ Իսկ երբ հասնենք մեր կյանքի մայրամուտին, մեր երեխաներն ու մեր երեխաների երեխաները կասեն՝ նրանք լավագույնն են տվել մեր երկրին, նրանք կատարել են իրենց պարտքը, նրանք ամոքել են մեր երկրի ցավը։
Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ եզրափակել այն կետով, ինչից սկսեցի։ Այսօր ես երդվեցի Աստծո ու ձեր առաջ։ Ես բոլորիդ առաջ խոստում տվեցի։ Ես կպաշտպանեմ Սահմանադրությունը։ Ես կպաշտպանեմ ժողովրդավարությունը, ես կպաշտպանեմ Ամերիկան ու կծառայեմ ձեզ՝ մտածելով ոչ թե իշխանության, այլ հնարավորությունների, ոչ թե անձնական շահերի, այլ հանրային շահի մասին։ Եւ միասին մենք կգրենք Ամերիկայի պատմությունը, որը կլինի հույսի, միասնության եւ լույսի պատմություն, որտեղ տեղ չեն ունենան վախը, բաժանումն ու խավարը։ Ու թող սա լինի մեզ առաջնորդող ու մեզ ոգեշնչող պատմությունը։ Մենք նաեւ մեր հաջորդ սերունդներին կպատմենք, որ կարողացել ենք անցնել փորձությունը, կարողացել ենք որսալ ճիշտ պահը։ Ժողովրդավարությունն ու հույսը, ճշմարտությունն ու արդարությունը չեն ընկրկել, այլ ծաղկում են ապրել։ Կպատմենք, որ Ամերիկան կարողացել է երաշխավորել ազատությունը երկրի սահմաններում ու կրկին որպես փարոս հառնել աշխարհի համար։ Սա մեր պարտքն է մեր նախնիների, միմյանց ու մեր ապագա սերունդների առաջ։
Նպատակասլաց ու վճռականորեն՝ եկեք ձեռնամուխ լինենք մեր օրերի այդ առաջադրանքների կատարմանը եւ թող հավատը, համոզմունքն ու միմյանց ու մեր սիրելի երկրին նվիրվածությունը մեզ ուժ տան։ Աստված օրհնի Ամերիկան։ Աստված պահապան մեր զինվորներին։ Շնորհակալություն, Ամերիկա՛։