ք․ Երևան, 31 մայիսի 2023թ․
Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեծարգո՛ Նախագահ, մեծարգո՛ Վարչապետ,
Ցանկանում եմ Ժողովրդավարության 2-րդ հայկական ֆորումը կազմակերպելու կապակցությամբ շնորհավորել «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպություններին: Նաև ուզում եմ գովեստի խոսքեր ասել Հայաստանի ժողովրդին, որը, ի հեճուկս դժվարին անվտանգային մարտահրավերների, անշեղորեն հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը։ Ժողովրդավարության հանդեպ այդ հանձնառությամբ Հայաստանը դառնում է լուսավոր կետ տարածաշրջանում, ինչը մենք տեսանք հենց անցյալ շաբաթ «Ֆրիդոմ հաուս» հրապարակած անցումային շրջանի երկրների մասին զեկուցում։
Միացյալ Նահանգները ձեր կողքին է դեպի առավել բաց, առավել հաշվետու, առավել բարեկեցիկ ու առավել անվտանգ ապագայի կերտման ճանապարհին։ Միացյալ Նահանգների կողմից մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները պայմանավորված չեն խնդիրները մատնացույց անելու ցանկությամբ, այլ՝ մեր սեփական պատմության ու մեր ունեցած մարտահրավերների գիտակցմամբ։
Ինչպես պետքարտուղար Բլինքենը նշել է, ժողովրդավարությունը կառավարման այլ ձևերից տարբերվում է նրանով, որ այստեղ մենք պատրաստ ենք դիմակայել մարտահրավերներին և ընդունել մեր թերությունները՝ չանտեսելով դրանք կամ ձևացնելով, թե այդպիսիք չկան։
Ես անհավատալիորեն հպարտ եմ այն աշխատանքով, որ մենք միասին իրականացնում ենք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ։ Մենք քայլեր ենք ձեռնարկում վերացնելու խտրականությունը և նպաստելու այնպիսի հասարակության կայացմանը, որտեղ հարգում են բազմազանությունը, հասարակության բոլոր անդամների իրավունքները՝ անկախ անցած ճանապարհից, համոզմունքներից կամ սոցիալական կարգավիճակից։
Միացյալ Նահանգներն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության ամրապնդման ձեր ջանքերին, որոնք կարևորվում են տնտեսական աճի և ժողովրդավարական գործընթացի հանդեպ հանրային վստահության տեսանկյունից։ Մենք միասին աշխատում ենք խթանելու մամուլի ազատությունը, պաշտպանելու լրագրողների ապահով գործունեությունը, ապահովելու տեղեկատվության ազատ հոսքը և խոսքի ազատությունը։ Մենք նաև առավել դիմակայուն ժողովրդավարական հիմքեր ենք կառուցում՝ խթանելով քաղաքացիական կրթությունը և խրախուսելով Հայաստանի ամուր քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը։
Ցանկացած ժողովրդավարական հասարակությունում, այդ թվում՝ մեզ մոտ, անելիքներ դեռևս կան։ Հուսով եմ, որ այս ֆորումում կծավալվեն խոսակցություններ այն մասին, թե որոնք են լինելու Հայաստանի ժողովրդավարական հիմքերի խորացման հետագա քայլերը։
Գործընկերության համար մեր երախտիքն եմ ուզում հայտնել «Ֆրիդոմ հաուս», «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպություններին, Հայաստանի կառավարությանը և բոլոր ներկաներին։ Հուսով եմ, որ ժողովրդավարության երկրորդ հայկական ֆորումը կդառնա քննարկումների, լավագույն փորձի ներկայացման ու դաշինքներ կերտելու հարթակ։ Միասին մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները, հզորացնել անհատներին և կառուցել ապագա, որտեղ գերակայում են ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը։
Արդյունավետ քննարկում եմ մաղթում բոլորիդ։ Շնորհակալություն։